ԿարևորՄիջազգային

Լիբանանը մտադիր է իր բանակը տեղակայել Իսրայելի հետ սահմանի երկայնքով

Լիբանանը լի է վճռականությամբ՝ իսրայելական սահմանի ողջ երկայնքով սեփական զինված ուժեր տեղակայելու հարցում, հայտարարել է հանրապետության նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունը՝ Բեյրութում ընդունելով ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերին:

«Լիբանանյան բանակը կտեղակայվի միջազգայնորեն ճանաչված սահմանի ողջ երկայնքով, և Իսրայելը չպետք է խոչընդոտի այդ գործընթացին»,- նշել է պետության ղեկավարը, որի խոսքերը նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է X սոցիալական հարթակում:

Ամերիկացի ծովակալի հետ հանդիպման ընթացքում Աունն ընդգծել է հունիսի 26-ին Վաշինգտոնում կայացած լիբանանա-իսրայելական բանակցությունների 5-րդ փուլի արդյունքներով ստորագրված շրջանակային համաձայնագրի հաջող իրականացման կարևորությունը:

Ինչպես հաղորդում է «Asharq al-Awsat» թերթը, CENTCOM-ի հրամանատարը Բեյրութ է ժամանել Թել Ավիվից՝ ռազմական դիտորդների խմբի ուղեկցությամբ։ Վերջիններս աջակցելու են երկրի հարավում գտնվող «փորձնական գոտիներում» լիբանանյան բանակի ստորաբաժանումների տեղակայմանը: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների՝ իսրայելական օկուպացիոն ուժերն առաջիկա ժամերին կլքեն Լիտանի գետից հյուսիս գտնվող Զաութար էլ Ղարբիա բնակավայրը, ինչպես նաև սահմանամերձ Բինթ Ջբեյլ շրջանի Ֆրուն և Էլ Ղանդուրիա գյուղերը: Այս տարածքները կզբաղեցնեն Լիբանանի զինված ուժերը, որոնք պետք է ապացուցեն իրավիճակը վերահսկելու և շիական «Հեզբոլլահ» կազմակերպության հնարավոր գործողություններին դիմակայելու իրենց ունակությունը։

Հունիսի 27-ին գեներալ Աունը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հավաստիացնելով, որ Լիբանանն ամենայն պատասխանատվությամբ է մոտենում շրջանակային համաձայնագրի դրույթների կատարմանը: Նա խնդրել է Միացյալ Նահանգներին կանխել «Իսրայելի կողմից հնարավոր ցանկացած խախտում և ապահովել վերջինիս ստանձնած պարտավորությունների կատարումը, հատկապես՝ զորքերի դուրսբերումը Լիբանանի հարավի օկուպացված տարածքներից»:


Կարդացեք նաև

Back to top button