
Մոսկվան Կիևից առաջարկներ է ստացել ռազմական գործողությունները որոշ տարածաշրջաններով սահմանափակելու և տարածքների խորքում միմյանց չհարվածելու վերաբերյալ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի պատասխան հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը մտադիր են անվտանգության գոտի կառուցելու Սումիի և Խարկովի սահմանային շրջանների երկայնքով։ Պուտինը սպառնացել է, որ Ուկրաինան տարածքով կվճարի Կուրսկի մարզ ներխուժելու համար։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը պետք է քայլ անի դեպի խաղաղություն։
Խերսոնի մարզի բոլոր շրջանները ամբողջությամբ կամ մասնակիորեն հոսանքազրկվել են։ Այս մասին սոցցանցում հայտնել է նահանգապետ Վլադիմիր Սալդոն։ РИА Новости-ն էլ հաղորդում է, որ Զապորոժիեի մարզի մեծ մասը նույնպես զրկված է էլեկտրաէներգիայից։ Որպես պատճառ նշվում է էլեկտրացանցերի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։
Հունիսի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել էր, որ ուկրաինական հարվածները խնդիրներ են առաջացրել էներգետիկ ենթակառուցվածքներում։ Նա նաև նշել էր, որ վառելիքի պակաս է զգացվում երկրում․
«Ինչպես արդեն ասացի, վնասներ կան, սակայն բոլոր վնասված օբյեկտները բավական արագ վերականգնվում են, և համակարգը գործում է մեծ պաշարով։ Առաջացած խնդիրները կրիտիկական չեն»։
Վառելիքի պակասը հաղթահարելու համար Պուտինն անհրաժեշտ է համարել արագացնել նավթավերամշակման գործարանների վերականգնումը։
Նման պայմաններում, ըստ ՌԴ նախագահի, խնդիր է առաջանում զգալիորեն ավելացնելու ՀՕՊ համակարգերի արտադրությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինական ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցնում․
«Ամեն օր ուկրաինացի զինվորները ցուցադրում են ուկրաինական ճշգրտության ուժը: Ուկրաինայի հեռահար և միջին հեռահարության հարվածները ճշգրիտ են: Դրանք մեր արդարացված պատասխաններն են Ռուսաստանին այս պատերազմի համար։ Ռուսաստանը պետք է այս պատերազմը իր հետ տանի, երբ լքի Ուկրաինան, մեզ պատերազմ պետք չէ: Ուկրաինան առաջարկներ է ներկայացրել հիմնական գործընկերներին և Պուտինի ընկերները մեզանից լսել են, որ հանդիպումը հնարավոր է, և որ այս պատերազմի ավարտը հնարավոր է: Ռուսաստանը պետք է քայլ անի դեպի խաղաղություն»:
Պուտինն ի պատասխան մերժել է հրադադարի կամ բանակցությունների պայմանների շուրջ զիջումների հնարավորությունը՝ ասելով, որ Կիևի ռեժիմի փրկություն իրենց ծրագրերում չկա։
Պուտինի կարծիքով՝ ուկրաինական հարվածները երկու նպատակ ունեն։ Դրանցից առաջինը ռուսական զինված ուժերում անվստահություն առաջացնելն է։ Երկրորդ նպատակը ռուսական հասարակության մեջ պառակտում մտցնելն է և ռուսական ուժերի առաջխաղացումը գոնե որոշ ժամանակով կանգնեցնելը։ Այդպիսով, ըստ Ռուսաստանի նախագահի, Կիևը փորձելու է իր համար նպաստավոր պայմաններ ստեղծել հնարավոր բանակցություններից առաջ․
«Կան նաև նոր առաջարկներ, որոնցից մի քանիսը պատրաստ եմ նշելու։ Օրինակ՝ երկու կողմերի տարածքում խոր հարվածների փոխադարձ դադարեցումը։ Մեկ այլ առաջարկ էլ կա․ ռազմական գործողությունների սահմանափակումն ընդամենը չորս տարածքով։ Մասնավորապես՝ մարտական գործողություններով սահմանափակվել Խերսոնում, Զապորոժիեում և Դոնեցկում ու Լուգանսկում՝ միաժամանակ դադարեցնելով ռազմական գործողությունները մնացած բոլոր տարածքներում»։
ՌԴ նախագահի խոսքով ռուսական ուժերի գլխավոր խնդիրը Դոնբասի և Նովոռոսիայի վերջնական ազատագրումն է։
Մի քանի օր առաջ G7 գագաթնաժողովում ԱՄՆ նախագահը յոթնյակի առաջնորդներին ակնարկել էր, որ կարող է հրաժարվել այն պայմանավորվածություններից, որ ձեռք էին բերվել Պուտինի հետ Անքորիջում հանդիպման ժամանակ։
Իսկ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Անքորիջում ուկրաինական կարգավորման շուրջ որևէ կոնկրետ համաձայնություն չի եղել, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել։ Բայց, ասել է Պուտինը, Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու որոշակի հնարավորություններ Թրամփի հետ քննարկել են։




