
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերջին փոփոխությունները ավելի ճկուն պայմաններ են ստեղծում շահառուների համար։ Ընդլայնվում են վերանորոգման վարկերից օգտվելու հնարավորությունները, պարզացվել են որոշ դիմումների ընթացակարգերը և վերացվել մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտում էին ծրագրից օգտվել։ Թե ինչ խնդիրներ են լուծում փոփոխությունները, և ինչ մարտահրավերների են շարունակում բախվել տեղահանված ընտանիքները։
Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում որոշ փոփոխություններ են կատարվել, որոնք վերաբերում են վերանորոգման վարկերին, աջակցության դրամական մնացորդի օգտագործմանը և ոչ միայն։ Ծրագրի շահառուներն ավելի լայն հնարավորություններ կունենան իրենց բնակարանային պայմանները բարելավելու համար՝ ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
«Նախորդ փոփոխություններից հետո, երբ մի շարք բնակավայրերում աջակցության չափը մեկ անձի հաշվով 3 միլիոն դրամից դարձավ 4 մլն դրամ, բազմաթիվ ընտանիքներ կրկին ունեցան դրական մնացորդ։ Սակայն այն ընտանիքները, որոնք մինչև այդ արդեն օգտվել էին վերանորոգման վարկից, այլևս չէին կարող այդ նոր գոյացած մնացորդը ևս ուղղել վերանորոգման աշխատանքներին, քանի որ ծրագրով նախատեսված էր միայն մեկ վերանորոգման վարկ»։
Այս սահմանափակումն այժմ վերացվել է։ Այսուհետև այն ընտանիքները, որոնք նախկինում արդեն ստացել էին վերանորոգման վարկ, կարող են դիմել նաև երկրորդ վարկի համար՝ օգտագործելու նոր առաջացած դրական մնացորդը։
«Ֆինանսական կազմակերպություններն այսուհետև կարող են տրամադրել նաև երկրորդ վերանորոգման վարկը։ Միևնույն ժամանակ, վարկավորման առավելագույն սահմանաչափը չի փոխվել։ Այն շարունակում է կազմել մինչև 4 մլն դրամ մեկ ընտանիքի համար, իսկ ընտանիքի վեցերորդ և յուրաքանչյուր հաջորդ անդամի հաշվով ավելանում է ևս 800 հզր դրամ՝ առավելագույնը մինչև 8 մլն դրամ»։
Շահառուների շրջանում հաճախ հնչող հարցերից մեկն այն է, թե ինչպես կարող է բնակարան ձեռք բերելուց հետո դրական մնացորդ ձևավորվել, եթե, շատերի գնահատմամբ, ծրագրով տրամադրվող գումարը երբեմն բավարար չէ ցանկալի բնակարանը գնելու համար։ Մարգարիտա Ղուշունցը նրանցից մեկն է։ Նրա ընտանիքը վերջերս է հավաստագրով բնակարան գնել Հրազդանում, սակայն հավելյալ գումար վճարելուց հետո միայն։
«Մեզ տրամադրվել էր 20 մլն դրամ, բայց բնակարանը ձեռք բերեցինք 23 միլիոնով։ Ստիպված եղանք նաև վարկ վերցնել, որի վճարումները հիմա շարունակում ենք կատարել»։
Թեև աշխատում են Երևանում, բնակարանը գնել են Հրազդանում, քանի որ հատկացված գումարի սահմաններում այլ տարբերակ չի եղել։
«Գները շատ արագ են բարձրանում՝ երբեմն նույնիսկ ժամերի ընթացքում, և դա լրացուցիչ խնդիրներ է ստեղծում բնակարանային ծրագրից օգտվող տեղահանված ընտանիքների համար։ Ամեն օր աշխատանքի համար գնում-գալիս ենք Երևան, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում, բայց մեր հնարավորությունների սահմաններում միայն Հրազդանում կարողացանք բնակարան գտնել»։
Այդուհանդերձ, նախարարությունում նշում են, որ կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք կարողացել են լուծել իրենց բնակարանային խնդիրը և միաժամանակ դրական մնացորդ պահպանել՝ հետագայում ուղղելով վերանորոգմանը, կահույք, կենցաղային տեխնիկա գնելուն կամ այլ նպատակների։ Նախարարության տվյալներով՝ այս պահին արդեն Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած 1․014 ընտանիք բնակարան գնելուց հետո ունեցել է դրական մնացորդ։
«Այդ ընտանիքներից 657-ն արդեն օգտագործել է դրական մնացորդը վերանորոգման վարկ ստանալու համար։ Ֆինանսական կազմակերպությունները տրամադրել են շուրջ 2 մլրդ դրամի վարկ, որի ամսական մարումները կատարում է պետությունը»։
Կան նաև ընտանիքներ, որ գումարի դրական մնացորդով սկսել են գյուղատնտեսությամբ զբաղվել։
«46 ընտանիք արդեն ձեռք է բերել գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Այդ նպատակով ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվել է շուրջ 153 մլն դրամի վարկ։ Թիվը համեմատաբար փոքր է, քանի որ, որպես կանոն, այս ուղղությունից օգտվում են այն ընտանիքները, որոնք նախ արդեն օգտագործել են վերանորոգման, ինչպես նաև կահույքի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները և դեռևս պահպանել են դրական մնացորդ»։
Նախարարությունում ընդգծում են, որ բնակարան ձեռք բերած ընտանիքները հավասարաչափ են բաշխված մարզերի միջև, ինչը համահունչ է կառավարության տարածքային համաչափ զարգացման քաղաքականությանը։
«Եթե դիտարկենք իրացված հավաստագրերը, ապա որևէ մարզում կենտրոնացում չունենք։ Ամենամեծ թվով շահառուները բնակարան են ձեռք բերել Կոտայքի մարզում՝ 790 ընտանիք, երկրորդ տեղում Արմավիրի մարզն է՝ 543 ընտանիքով։ Հենց այս համաչափ բաշխվածությամբ է պայմանավորված նաև այն, որ Երևանում աջակցության չափի վերանայման հարց այս պահին չի քննարկվում»։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում կան նաև այլ փոփոխություններ։ Դրանցով վերացվել են այն խոչընդոտները, որոնց պատճառով մի շարք շահառուներ չէին կարողանում օգտվել ծրագրից, ասում է Գայանե Ղարագյոզյանը։ Փոփոխությունը վերաբերում է ամուսնալուծված ընտանիքներին։
«Մինչև այս փոփոխությունը խնդիր էր առաջանում այն դեպքերում, երբ ամուսնալուծված ընտանիքում անչափահաս երեխան բնակվում էր մի ծնողի հետ, սակայն ծրագրին ցանկանում էր դիմել մյուս ծնողը։ Քանի դեռ երեխան իր իրավունքը չէր իրացրել որևէ ծնողի հետ, մյուս ծնողը չէր կարողանում ստանալ բնակարանային աջակցության հավաստագիր»։
Նոր կարգավորումներով հստակացվել է, թե որ ընտանիքում է անչափահաս երեխան համարվում պարտադիր անդամ։
«Եթե կա դատարանի վճիռ, ապա երեխան համարվում է այն ծնողի ընտանիքի անդամ, ում խնամքին դատարանի որոշմամբ հանձնվել է։ Եթե դատարանի վճիռ չկա, իրավունքն ավտոմատ վերագրվում է մայր ծնողին, և հիմնականում, մեզ մոտ խնդիրը հենց ծագել էր հայր ծնողների մոտ, ովքեր չէին կարողանում դիմել, քանի դեռ մայր ծնողը երեխայի հետ իրավունքը չէր իրացրել»։
Այն ծնողը, որի խնամքի տակ չէ երեխան, այլևս չի զրկվի ծրագրից օգտվելու հնարավորությունից։
«Այսուհետև ամուսնալուծված ծնողները, որոնց խնամքին երեխան չէ, կարող են առանձին դիմել կամ դիմել արդեն իրենց նոր կազմավորված ընտանիքի հետ՝ առանց անչափահաս երեխայի տվյալները հայտում ներառելու։ Երեխան այլևս չի դիտարկվի այդ ընտանիքի պարտադիր անդամ, և դիմումը չի մերժվի ընտանիքի թերի կազմի հիմքով»։
Նախարարությունում նշում են, որ ծրագրային ապահովման թարմացումը դեռ ընթացքի մեջ է։ Շահառուները մինչև այդ կարող են դիմել նախարարություն, և հավաստագիրը կտրամադրվի մեխանիկական եղանակով։ Ծրագրային համակարգի թարմացումից հետո գործընթացն ամբողջությամբ կլինի ինքնաշխատ։




