ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար

Վերջին օրերին Հայաստանի բանկերում մեծացել է ռուսական ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը։ Մասնագետները վերլուծում են իրավիճակը՝ հասկանալու՝ արդյոք այստեղ ռիկսեր կան, կամ արդյոք միայն հայաստանյան բանկերի դեպքում է այդ իրավիճակը։ Տնտեսագետները նկատել են, որ Վրաստանում, Ղազախստանում ու մի շարք երկրներում իրավիճակը նույնն է։ Փորձագետները բացատրում են՝ ռուբլու դեպքում կանխիկն անկանխիկի վերածելու սահմանափակումներ կան, ուստի բանկերը ռիսկերը չեզոքացնելու համար են առքի և վաճառքի տարբերությունը մեծացնում։

Հայաստանյան որոշ բանկերում ռուսական ռուբլու՝ կանխիկով առքի և վաճառքի միջակայքի տարբերությունը հասնում է 37 %-ի։ Սովորաբար այդ տարբերությունը 1,5-3 %-ի միջակայքում է լինում։ Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում բացատրում է՝ ներքին շուկայում այդ առումով խնդիրներ չկան․

«Կենտրոնական բանկը պարբերաբար արտարժույթ է գնում։ Այսինքն` շուկան միակողմանի է դառնում, այսինքն` բանկերը հիմնականում վաճառում են արտարժույթ՝ ճնշում դեպի վերև փոխարժեքի բարձրանալու՝ չկա։ ՍովորաբարԿենտրոնական բանկը միջամտում է այն ժամանակ,  երբ շուկան միակողմանի է դառնում։ Այդ ընթացքում պարբերաբար, շաբաթական նույնիսկ երկու անգամ Կենտրոնական բանկը արտարժույթ է գնում՝ մինչև 50 մլն դոլարի չափ»։

Երկու պատճառ է առանձնացնում փորձագետը։ ՌԴ–ում սահմանափակումներ կան, ուստի ռուբլու կանխիկ շրջանառությունը նույնպես որոշ սահմանափակումներ ունի։ Բացի այդ՝ Ռուսաստանը փորձում է արգելել նաև կանխիկի ստվերային շրջանառությունը․

 «Բանկերը, որոնք արտարժույթ են գնում, խնդիրների առաջ են կանգնում։ Բայց դա միայն մեզնով չի սահմանափակվում։ Տարածաշրջանի բոլոր երկրները կամ դրանց մեծ մասը ունեն այդ խնդիրը»։

Խնդիրը կանխիկն է, անկանխիկի հետ կապված խնդիր չկա։ Կանխիկը ստվերի որոշակի հնարավորություն է տալիս, ու սահմանափակումները կապիտալի արտահոսքին են նաև վերաբերում՝ որպեսզի ռուբլին կանխիկ դուրս չգա և, օրինակ, Հայաստանում դոլարի չփոխակերպվի ու դուրս չգնա այլ երկիր։

«Մեր բանկերը պետք է զգուշանան կանխիկ ռուբլու մուտքերից, այդ իսկ պատճառով նրանք spread–ն են լայնացնում, քանի որ մեծ ծախսեր ու բարդություններ են լինելու դրանից ազատվելը»։

Տնտեսագետ Սոս Խաչիկյանն ընդգծում է ռուբլու որոշակի տատանումները։ Մյուս հիմնական արտարժույթները դիտարկելիս հայկական դրամի արժևորում նկատվում է, ու սա, տնտեսագետի կարծիքով, արտարժույթի ներհոսքով է պայմանավորված․

«Ընդհանուր առմամբ, եթե եվրոյի կամ դոլարի մասին կարծիք հայտնեի, իսկ ռուսական ռուբլու հետ կապված կան որոշակի, կարծում եմ, անորոշություններ, բայց դա ոչ թե ամբողջ արտարժույթի շուկային է վերաբերում, այլ որոշակի բանկերի։ Առքի ու վաճառքի միջակայքը էականորեն տարբերվում է։ Դա պայմանավորված է նաև բանկերի դիրքավորումներով շուկայում նրանք ինչպիսի՞ գործառույթներ են կատարում և արդյո՞ք հետաքրքրված են ռուսական ռուբլու առքուվաճառքի ծավալներով, թե՞ ոչ»։

Բացի այդ՝ կարևոր է հասկանալ՝ որքանով են պատրաստ ռուսական բանկերը աշխատելու հայկական բանկերի հետ։ Ռիսկեր գուցե լինեն՝ ասում է տնտեսագետը, բայց միայն որոշ բանկերի հետ աշխատելիս։ Տնտեսագետները վստահեցնում են՝ ընդհանուր բանկային համակարգի համար իրավիճակը ռիկսեր չի պարունակում։

Կարդացեք նաև

Back to top button