ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

5 փաստ «Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև ստորագրված համաձայնագրի մասին․ ինչպե՞ս ու ի՞նչ է գնելու Ադրբեջանը

«Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև ստորագրված համաձայնագրով հայկական ընկերությունը կոմերցիոն հիմունքներով տարանցիկ ինտերնետ է մատակարարելու Նախիջևան-Ադրբեջան ուղղություններով։ Սա բացառապես բիզնես գործարք է, որևէ կապ չունի ինչպես TRIPP-ի, այնպես էլ այլ միջպետական նախագծերի հետ՝ «Ռադիոլուրին» փոխանցել են «Տելեկոմ Արմենիա» ընկերությունից։ Ընկերությունը պատասխանել է նաև հարցին, թե ինչ ռիսկեր ունի գործարքը և բացառել, որ դրանով ադրբեջանական կողմը կարող է հասանելիություն ստանալ հայ օգտատերերի տվյալներին։ Տեղեկատվության անվտանգության մասնագետները ևս գնահատել են ստորագրված համաձայնագիրը։

Առաջին գործարքը հայկական ու ադրբեջանական օպերատորներին միջևի՞նչ է ստորագրվել

Բիզնես գործարք, որով «Տելեկոմ Արմենիա» ընկերությունն ապահովելու է ինտերնետի տարանցումը Ադրբեջանից Նախիջևան․ մեկ նախադասությամբ այսպես է «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը բացատրել ադրբեջանական «Ազերտելեկոմ»-ի հետ ստորագրված համաձայնագիրը։ Ավելի պարզ՝ հայկական ընկերությունն Ադրբեջանին վաճառելու է Հայաստանի տարածքով ինտերնետի տարանցման ծառայությունը։ Թե որքան է վճարելու այդ երկիրը, ընկերությունից չեն մանրամասնել՝  նշելով, որ խոսքը կոմերցիոն գաղտնիքի մասին է։ Սակայն ընդգծել են, որ գործարքն իրականացվելու է մրցակցային պայմաններով։ Ընկերությունը «Ռադիոլուր»-ին գրավոր պատասխանով մանրամասնել է․

«Որպեսզի տրամադրվեն տրանզիտ ծառայություններ, ցանցերը միմյանց հետ պետք է ունենան ֆիզիկական համակցում սարքավորումների, մալուխների մակարդակով։
Տարանցումն  իրականացվելու է DWDM ցանցի մակարդակով, որը նույնն է, ինչ կետից կետ ֆիզիկական կապուղու կազմակերպումը։ DWDM տեխնոլոգիան ինքնին հասանելիություն չի տալիս մյուս օպերատորի ցանցին կամ տվյալներին։
«Թիմ Տելոկոմ»-ի ցանցի տվյալները որևէ կերպ հասանելի չեն դառնում ադրբեջանական օպերատորին»։

Այլ ձևակերպմամբ՝ երկու երկրները յուրահատուկ «կապուղիների սահմանային անցակետ» են ունենելու։ Մալուխը ոչ թե Հայաստան է մտնելու, այլ մնալու է սահմանակետին, այնպես, ինչպես Վրաստանի, Թուրքիայի, Իրանի դեպքերում։ Ընկերությունից փոխանցել են նաև, որ լինելու է մեկական միացում դեպի Ադրբեջան և Նախիջևան։

 «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ն ևս ստանում է ադրբեջանական ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, սակայն, ընկերության փոխանցմամբ, այս պահին չի նախատեսում օգտվել դրանից։

Ո՞վ ո՞ւմ տվյալները կտեսնի․ մասնագետների խոսքով՝ անվտանգային ռիսկերն «ավելի շուտ տեխնիկական են»

Համաձայնագրի ստորագրման մասին լուրը միանշանակ չընդունվեց։ «Թիմ Տելեկոմ»-ի օգտատերերը սոցցանցերում գրառումներով քննադատեցին ադրբեջանական ընկերության հետ համագործակցությունը, կարծիքներ հնչեցին, թե այդպիսով ադրբեջանական կողմը հասանելիություն է ունենալու իրենց տվյալներին կամ վերահսկելու է ինտերնետ կապը։ Ընկերությունը բացառել է նման սցենարը, ընդգծելով, որ  սա ոչ թե ինտերնետ ծառայության, այլ տվյալների տարանցման ծառայություն է, որն իրականացվելու է մի կետից մյուսը, ինչը հնարավորություն չի տալիս ստանալու հասանելիություն մյուս օպերատորի ցանցին․

«Տվյալներին կամ տվյալների հոսքերին հասանելությունը կարգավորվում է այլ մեխանիզմներով, և դրանց պաշտպանությունը իրականացվում է կիբերանվտանգային միջոցներով, որոնք կիրառվում են անկախ նրանից, թե ցանցերը միմյանց անմիջականորեն համակցվա՞ծ են, թե՞ ոչ։ Ավելին՝ այս միացման դեպքում մեր ցանցի տվյալները որևէ կերպ հասանելի չեն դառնում ադրբեջանական օպերատորին»,-փոխանցել են ընկերությունից։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի խոսքով՝ անվտանգության հարցը լուծելու գլխավոր բանալին տարանցման կետերում նախապատրաստական ճիշտ քայլերն են։

«Եթե ճիշտ քայլեր չձեռնարկվեն, ասենք, այսպես կոչված «ռաուտինգ» հասկացություն կա, երբ թրաֆիքը այս կամ այն ճանապարհով է հոսում։ Եթե դա ճիշտ չկարգավորվի, ինչ-որ միջամտություններ անեն, կարող են խնդիրներ առաջանալ։ Դա ավելի շատ տեխնիկական խնդիր է»։

Պապյանի գնահատմամբ՝ անհիմն են թե՛ այն մտահոգությունները, որ ադրբեջանցիները վերահսկողություն կստանան հայկական կապուղիների և տվյալների բազաների նկատմամբ, թե՛ այն պնդումները, որ Ադրբեջանը կախված կլինի Հայաստանից․

«Ադրբեջանում ինտերնետի հիմնական մատակարարը, հիմնական ինտերնետային ուղղությունները, հոսքերը գալիս են Վրաստանի տարածքից, նույն տեղից, որտեղից մեզ են գալիս։ Այսինքն, եթե մենք խոսում ենք կախվածության մասին, շատ ավելի կարևոր է մտահոգվել կամ խոսել վրացական ուղղության մասին և ավելի կարևոր է խոսել, օրինակ, իրանական ուղղության մասին»։

Ցանկացած փոխադրման արդյունքում տարանցման վերջնական կետն է կախված տարանցման գոտուց, ոչ թե հակառակը՝ վստահեցրել է Տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Փաստացի այս տարածում այս տրանզիտը Ադրբեջանին է պետք։ Այսինքն` մյուս կողմից մենք էլ ենք ինչ-որ կախվածության ինֆրաստրուկտուրա կառուցում, որովհետև իրենց է սա հիմնականում պետք Նախջևանի հետ կապվելու տեսանկյունից, ընդհանուր առմամբ «Թիմտելեկոմի» արտադրություններից մեկից արդեն բխում էր, որ իրեց մալուխներով անցնող թրաֆիկը մոտ 10-15 %-ով է հայկական, այսինքն` փաստացի իրենք տարածաշրջանում լուրջ դեր ունեն»։

Դիվերսիֆիկացնել նաև ինտերնետ կապուղիները

Փորձագետը նկատում է՝ տարածաշրջանի խոշոր կապուղիներն անցնում են Սև ծովի տակով, ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը կապակցվում է աշխարհի հետ հիմնականում Վրաստանի տարածքով, և նման անցակետեր ստեղծելը թույլ է տալիս երկու երկրներին էլ դիվերսիֆիկացնել կապուղիները։

«Հայաստանն այս պահին հիմնականում կապակցվում է աշխարհի հետ Վրաստանի տարածքով, կապուղիներ ունենք նաև Իրանի տարածքով՝ հյուսիսում և հարավում։ Սա հնարավորություն է ստեղծելու արևելք-արևմուտք ուղղությամբ որոշակի թողունակություններ ստեղծել»։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ հատկապես Հայաստանի համար է կարևոր կապուղիների դիվերսիֆիկացումը, ընդ որում, խոսքը միայն Ադրբեջանի միջոցով կապ ստանալու մասին չէ։

«Այստեղ միայն  Ադրբեջանը չէ, որովհետև նաև Ղազախստանի տրաֆիկը կսկսի անցնել Հայաստանով ու նաև վատ չի էն առումով, որ մենք ունենալու ենք որոշ «բեքհաբ», երբ Վրաստանում ինչ-֊որ մի տատիկ հերթական անգամ կարտոֆիլ փորելով մալուխները կտրի, մենք ունենում ենք ինչ-որ բեքափային գրաֆիկ»։

Այս համաձայնագրով Հայաստանը ոչ միայն ամրապնդում է տարածաշրջանում դիրքերը, այլև ստանում անվտանգային երաշխիքները՝ հայատարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Հայաստանը խաղաղության խաչմերուկ է՝ հարավից հյուսիսից, հյուսիսից հարավ, արևելքից` արևմուտք, արևմուտքից արևելք։ Պետք է ինչքան հնարավոր է շատ մալուխներ, խողովակներ, ճանապարհներ, երկաթուղիներ, օդային գծեր անցնեն, խաղաղության և անվտանգության երաշխիքը դա է»։

Ոչ TRIPP-ի, ոչ էլ միջպետական այլ նախագծերի հետ կապ չունի գործարքը

«Թիմ Տելեկոմ Արմենիան»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը որևէ կերպ փոխկապակցված չէ ոչ TRIPP-ի, ոչ էլ միջպետական այլ նախագծերի հետ։ Այն բացառապես հեռահաղորդակցային և ենթակառուցվածքային նախագիծ է, որի նպատակն է բարձրացնել ցանցի կայունությունը, ընդլայնել միջազգային կապուղիները և ստեղծել լրացուցիչ հնարավորություններ Հայաստանի թվային տնտեսության զարգացման համար՝ փոխանցել են ընկերությունից։

«Համաձայնագրի շրջանակում մենք պարզապես ընդլայնում ենք համաշխարհային ինտերնետ ցանցի գլոբալ հանգույցներին միանալու այլընտրանքային հնարավորությունները, ինչպես նաև սկսում ենք ծառայություններ վաճառել Ադրբեջանին»։

Միջազգային կապուղիների զարգացումը «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ի երկարաժամկետ ռազմավարության մասն է։ Ընկերությունն այս պահին Հայաստանից դեպի արտերկիր տրանզիտ ինտերնետ կապի խոշորագույն մատակարարն է։ Սրանով այն դառնում է նաև Կովկասում և Մերձավոր Արևելքում տրանզիտային ինտերնետ տրաֆիկի խոշորագույն երեք մատակարարներից մեկը:

Ծրագրի իրականացման հաջորդ փուլերը ու դրանց ժամկետները պայմանավորված են տեխնիկական և օպերացիոն մի շարք գործընթացներով։ Այս պահին ընկերությունը համաձայնագրի գործարկման կոնկրետ ժամկետ չի նախանշում։

Կարդացեք նաև

Back to top button