
Սահմանադրական դատարանը այսօր շարունակել է քննել խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումները։ Դիմումատուների հիմնավորումները լսելուց հետո դատարանն անցել է հարց ու պատասխանի փուլին։
Հունիսի 27-ի նիստի ընթացքից և աշխատանքի ծավալից ելնելով բարձր դատարանը կորոշի, թե արդյո՞ք կարիք կա աշխատելու նաև կիրակի օրը։ ՍԴ-ն կաշկանդված է օրենսդրորեն սահմանված ժամկետներով և պետք է մինչև վերջնաժամկետը հասցնի մեծ ծավալի գործը քննել և որոշում կայացնել։
7 քաղաքական ուժերի կողմից հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու երկրորդ օրվա նիստի ժամանակ տեղի ունեցավ ձևաչափի փոփոխություն։ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ներկայացուցիչները բարձր դատարանին տեղեկացրին, որ այլևս չեն մասնակցի Սահմանադրական դատարանի նիստերին։ Նրանք չեն հրաժարվում բողոքից, բայց համարում են, որ փաստական տվյալները մանրամասն հայտնել են դատաքննության առաջին օրը և դատարանին ներկայացված փաստաթղթերում, ուստի այլևս մասնակցության կարիք չեն տեսնում:
Դատաքննության առաջին օրը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ կուսակցության պահանջն է՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Կուսակցության ներկայացուցիչը դատարանի ուշադրությունը հրավիրեց տարբեր փաստերի վրա։
«Քվեարկության օրը 79,125 քաղաքացու տվյալներ հնարավոր չի եղել նույնական ցնել տեխնիկական սարքի միջոցով, և դրանք մասնագետի կողմից ստեղնաշարով մուտք են արվել տեխնիկական սարքավորման մեջ։ Սա մենք չէինք գնահատի ազատ ընտրական իրավունքի խախտում, եթե մատնահետքով կամ տեխնիկական սարքի միջոցով նույնականացման եղանակով քվեարկությունը կազմակերպվեր առաջին անգամ։ Սակայն այս համակարգը նոր չի ներդրվել և առնվազն չէր կարող ունենալ ոչ թե մեկ կամ երկու, այլ 79,000 խնդիր։ Այս թիվը կազմում է տպված քվեարկության կտրոնների 5%-ից ավելին, ինչը արդեն այնպիսի մասշտաբային խնդիր է, որը պետք է հանգեցնի ընտրությունների արդյունքների անվավերության»։
Ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերը նաև առանձնացնում են անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը։ Վերջին խորհրդարանական ընտրություններում անվավեր է ճանաչվել 17,097 քվեաթերթիկ։ Չբացառելով, որ որոշ ընտրողներ միտումնավոր են իրենց քվեաթերթիկները անվավեր դարձրել, քաղաքական ուժերը կասկածում են, որ կարող էր ավելի քան 17,000 նման ընտրող լինել։ Այդ քանակը նրանց հիմք է տալիս կասկածելու, որ եղել է ընտրողների կամքի նկատմամբ էական միջամտություն։ Համեմատության համար հիշեցնում են նախորդ ընտրությունների ցուցանիշները․ թե՛ 2018-ի և թե՛ 2021-ի խորհրդարանական ընտրություններում անվավեր քվեաթերթիկների շեմը չի հատել 5,000-ի սահմանը։
Ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերը խնդրահարույց են համարել նաև քվեաթերթիկների ծրարների որակը։ Պահանջել են փորձաքննություն նշանակել և պարզել, թե ընտրությունների գաղտնիությունը ապահովող ծրարները ինչո՞ւ են եղել թափանցիկ։
Ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ խորհրդարանից դուրս մնացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը իր դժգոհության զգալի մասն ուղղում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
«Ընտրությունների ժամանակ այսպիսի խայտառակ աշխատանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կատարել երբեք։ Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը երկու արձանագրությունների միջև 1000-ով տարբերվում են, ընտրողների ստացված կտրոնների ընդհանուր թիվը երկու արձանագրությունների միջև 3,400-ով տարբերվում են, չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը 1,000-ով տարբերվում է, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմնիշների ընդհանուր թիվը 1,000-ով տարբերվում է և ամենատաղանդավորը՝ ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը 9-ով տարբերվում է։
Չի կարող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և 58,500-ից ավելի քաղաքացիներ տուժեն, որովհետև պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները։ Ասում են՝ վայ, երկու տեղ անվավեր ենք ճանաչում։ Երկու տեղ անվավեր են ճանաչում այն տեղերը, որտեղ մի քիչ առաջ ասել էին՝ անվավեր ճանաչելու հիմքեր չկա»։
ԲՀԿ-ն համոզված է, որ խորհրդարանից 153 ձայնի տարբերությամբ դուրս է մնացել ԿԸՀ-ի միտումնավոր գործողությունների պատճառով։
Մինչդեռ ՍԴ-ում կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը ստորագրել են ԿԸՀ բոլոր անդամները։
«Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7 կայացած հերթական ընտրությունների նախապատրաստության և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ԸՕ այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա։ Եվ մեկ այլ դիրքորոշում, որ ընտրատեղամասում, ընտրատարածքում կատարված խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ այլ տեղամասերում նմանատիպ խախտումների մասին ենթադրություններ անելու համար կամ վստահության աստիճանը կասկածի տակ դնելու համար»։
ԿԸՀ-ի նախագահ Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով քննության ընթացքում ընդդիմության ներկայացրած հիմնավորումներին, նշեց, որ ընդամենը 4 տեղամասում է սխալ մուտքագրում եղել, և ընդդիմադիրները դա են թմբկահարում։ Անվավեր քվեաթերթիկների մեծ թվի մասով կասկածներին էլ այսպես արձագանքեց․
«Հարգելիներս, 2023-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ անվավեր քվեաթերթիկների տոկոսը տոկոսային արտահայտությամբ մասնակիցներից եղել է 1.06 %, ԱԺ ընտրությունների ժամանակ` 1. 15 %։ Այն ժամանակ նաև մենք ուզում էինք հասկանալ, թե ինչո՞ւ է այդքան բարձր անվավերները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Մենք արձանագրեցինք փաստ, որ ընտրողների մի զգալի մասը այդպես իր քաղաքական կամքն էր արտահայտել։ Այսինքն` անվավեր քվեաթերթիկներով նույնպես ընտրողները իրենց քաղաքական կամքն էին արտահայտել։ Սա բերել ներկայացնել որպես ընտրական վարչարարության խախտում, կներեք, ընտրողն է որոշում` ինչպես վարվել իր քվեաթերթիկի հետ»։
Ոչ թե քաղաքական ուժերի դիմումների հիման վրա, այլ սեփական նախաձեռնությամբ է ԿԸՀ-ն որոշել ընտրություններից հետո 2005 ընտրական տեղամասերից 637-ում կամ 32%-ում վերահաշվարկ կատարել։ Վահագն Հովակիմյանի խոսքով՝ մտածված են գնացել այդ քայլին։
«Գիտակցելով, որ ունենք իրավիճակ, երբ ամեն քվեի հետ կապված կա շահարկում, մեր հանձնարարականը եղել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ոչ մի կասկած չթողել չփարատված։ Գունագեղ ներկայացվեց ընտրությունների խայտառակ վիճակը։ 1,757 տեղամասից ուղիղ եթերով ապահովվել է քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման հեռարձակում։ Ու՞ր են ադ «խայտառակ» ընտրությունների տեսագրությունները»։
ԿԸՀ-ն ընդունում է, որ եղել են տեղամասեր, որտեղ տեղի են ունեցել ընթացակարգային խախտումներ, իրենք էլ են դա արձանագրել։ Միևնույն ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները ՍԴ-ում մեջբերեցին միջազգային կառույցների դիտորդների գնահատականները ընտրությունների կազմակերպման և ընթացքի մասին։
ՍԴ-ում խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու երկրորդ օրվա նիստի հարց ու պատասխանի փուլն էր։ Կողմերը դժվարանում են հստակեցնել, թե որքան կտևի այն։ Oրենսդրության համաձայն, որոշում կայացնել ժամկետը Սահմանադրական դատարանի համար հուլիսի 4-ն է։




