
Ռուսաստանը ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարումների սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով եւս երկու հայկական ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոսսելխոզնադզորից։
Այսպիսով, փաստացի ժամանակավորապես դադարեցվել են Հայաստանից արտահանվող ամբողջ ձկնամթերքի մատակարարումները։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ ավելի վաղ՝ համակարգային խախտումների արդյունքներով, Ռոսսելխոզնադզորը հայկական կողմին խնդրել էր ժամանակավորապես դադարեցնել ամբողջ ձկնամթերքի սերտիֆիկացումը՝ բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք անմիջականորեն մասնակցել էին ստուգմանը՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ն եւ «Ինվեստ պլյուս» ՍՊԸ-ն։ Այդ ձեռնարկությունների նկատմամբ սահմանվել էր ուժեղացված լաբորատոր վերահսկողության ռեժիմ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ աշխատում են հայկական կողմի հետ՝ Ռուսաստանի շուկա մատակարարվող ձկան եւ ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ։
Նախօրեին կառավարության նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրենքի սահմանափակումների հարցին` նշել էր, որ ԵԱՏՄ-ն հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված` աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժ։ «Եթե դա չկա, նշանակում է ԵԱՏՄ չկա, եւ ԵԱՏՄ-ն հարցին պետք է հստակ պատասխանի` ինքը կա՞, թե՞ չկա»,- ասել էր նա։




