ԿարևորՔաղաքական

Ինչ է քննարկվելու Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Փաշինյանը «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան մանրամասներ է հայտնել

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջիկա երևանյան այցի օրակարգի կարևոր հարցերից մեկը լինելու է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մուտքի դյուրացումը Եվրոպական միության շուկա՝ հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ավելի վաղ Politico-ն հաղորդել էր, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի սկզբին պլանավորում է այցելել Հայաստան։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Բրյուսել կատարած վերջին այցից հետո կա հավանականություն, որ Հայաստանն այս հարցում կստանա «բացառիկ հնարավորություններ»։

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերջերս Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, ինչի արդյունքում ձևավորվել են նախադրյալներ՝ այս ուղղությամբ նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Հավանականություն կա, որ այս առումով Հայաստանը կունենա բացառիկ հնարավորություններ։ Հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ կհաջողվի ավարտին հասցնել համապատասխան նախագիծը, և նրա երևանյան այցի ընթացքում մենք այդ մասին համատեղ հայտարարություն կանենք»,- նշել է Փաշինյանը։

«Ռադիոլուր»-ի երկրորդ հարցին ի պատասխան, թե այսպես կոչված «Միջին միջանցքի» ծրագրում ներգրավվելու  ուղղությամբ ինչ քայլեր են արվում, Փաշինյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը TRIPP նախագծի շրջանակում անխուսափելիորեն ինտեգրվելու է տարածաշրջանային ծրագրերին։

«Ժամանակն է, որ Հարավային Կովկասի երկրները մտածեն տարածաշրջանի մասին որպես մեկ ընդհանուր տարածքի, որտեղ առկա են բազմաթիվ ընդհանուր շահեր։ Իհարկե, յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային շահերն ու տեսլականը, սակայն կարծում եմ, որ մեզ կապում է նաև ընդհանուր շահերի բավականին մեծ շրջանակ, և այդ ուղղությամբ պետք է շարունակել աշխատել»,– ասել է Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button