ԿարևորՍպորտ

Իջևանում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի

Իջևանում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կառուցելու նպատակով Կառավարությունը 177 միլիոն 828 հազար դրամ է հատկացրել, որով կիրականացվեն նախագծանախահաշվային աշխատանքները։ Միջոցները հատկացվել են՝ վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության այս տարվա բյուջեում։

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Վրաստանի հետ համատեղ Ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնության անցկացման հայտի հաստատման հիմնական պայմաններից մեկը Հայաստանում ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիայի մարզադաշտերի առկայությունն էր։ Այս ուղղությամբ Կառավարությունն աշխատանքները սկսել է դեռևս նախորդ տարի՝ նախապատրաստվելով ինչպես հայտի ներկայացմանը, այնպես էլ իրադարձությունների հնարավոր զարգացմանը:

Նախարարն ընդգծել է, որ արդեն մեկնարկել է Վանաձորի մարզադաշտի վերակառուցման նախագծման գործընթացը։ Նախատեսվում է, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում նախագիծը պատրաստ կլինի, ինչից հետո կմեկնարկեն վերակառուցման հիմնական աշխատանքները։

Այսօրվա որոշմամբ մեկնարկում է նաև Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը։ Արդյունքում՝ հնարավոր կլինի հրատապ կարգով սկսել 10 հազար հանդիսականի համար նախատեսված ֆուտբոլային մարզադաշտի կառուցման ծրագիրը՝ ապահովելով դրա ավարտը մինչև 2029 թվականի հունվարը՝ առաջնության մեկնարկից առնվազն վեց ամիս առաջ։

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Կառավարության որոշմամբ արդեն ձեռք է բերվել անհրաժեշտ հողատարածքը՝ այն գնելով 20 սեփականատերերից։

Մարզադաշտի նախագծման աշխատանքները վստահվել է միջազգային փորձ ունեցող «Վենյուերա Հոլդինգ» ՍՊԸ-ին, որն արդեն ներգրավված է Վանաձորի մարզադաշտի վերակառուցման ծրագրում։ Ընկերությունն իրականացրել է մի շարք հեղինակավոր նախագծեր, այդ թվում՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտը, որտեղ անցկացվել են Եվրո-2020-ի խմբային փուլի երեք և 1/8 եզրափակչի մեկ հանդիպում, Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլլահ Սպորտ Սիթի» մարզադաշտը, որտեղ անցկացվել է 2023 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտը, որտեղ 2018 թվականին անցկացվել են ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության հանդիպումներ։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ արդեն հաստատվել է առաջնության ձևաչափը։ Մրցաշարին կմասնակցի 24 թիմ, ընդհանուր առմամբ՝ կանցկացվի 52 հանդիպում, որոնցից 26-ը՝ Վրաստանում, 26-ը՝ Հայաստանում։ Հայաստանում կայանալիք հանդիպումներից 9-ը կանցկացվեն Վանաձորում և Իջևանում, իսկ 17-ը՝ Երևանում։

Կարդացեք նաև

Back to top button