
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին առնչվող զեկույցը օրակարգային թեմա կդառնա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում, որը տեղի կունենա Ստասբուրգում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը։ ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն դեռ մշակում է փաստաթուղթը։
Իսկ ընթացող ամառային նստաշրջանի օրակարգ թեև Հայաստանին առնչվող որևէ հարց ընդգրկված չէ, բայց հունիսի 7–ի ընտրությունների թեման տարբեր քննարկումներում շոշափվում է։ ԵԽԽՎ այս նստաշրջանի օրակարգում են նաև Հայաստանի չորս հարևաններին առնչվող քննարկումները։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նստաշրջանում կներկայացվի մանրամասն զեկույց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Զեկույցը պատրաստում է ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության ղեկավար Դամիեն Կոտյեն։ Նրա գլխավորած պատվիրակությունը մայիսին այցելել էր Հայաստան։
Հայաստանյան ընտրությունները, սակայն, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում տարբեր դրվագներով քննարկվել են, որպես օրինակ ներկայացվել ընտրական մոնիթորինգի արդյունավետությունը բարձրացնելու համար։ ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելությունը վերջին շրջանում տարբեր ընտրություններ է դիտարկել և, ըստ պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի՝ յուրաքանչյուր դեպքում ականատես են եղել արտաքին միջամտության տարբեր դրսևորումների՝ հիբրիդային հարձակումների, տնտեսական ճնշումների, երբեմն էլ անգամ ռազմական սպառնալիքների, ինչպես նաև երկրներում լարվածության աճի և հասարակական բևեռացման խորացման տեսքով։ Հայաստանի ընտրությունների մասին խոսելիս Կոտյեն վաղ է համարել դրանք մանրամասնորեն վերլուծելը, բայց որպես դիտորդ որոշ դիտարկումներ է արել․
«Համոզված եմ, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք նախընտրական ժամանակահատվածին, որովհետև խնդիրները հիմնականում չեն առաջանում քվեարկության օրը, այլ շատ ավելի վաղ՝ նախընտրական քարոզարշավին, նույնիսկ ընտրական օրենսդրության մշակման փուլում, նաև ընտրություններից հետո։ Դա այժմ տեսնում ենք, օրինակ, Հայաստանում, որտեղ ընտրություններից հետո զարգացումներ են տեղի ունենում՝ ներառյալ բողոքի ակցիաներ և դատարաններում քննվող գործեր։ Կարծում եմ, որ հետընտրական ներկայությունը նույնպես կուժեղացներ մեր աշխատանքը»։
Ըստ Դամիեն Կոտյեի՝ ընտրությունների դիտարկումը չափազանց արժեքավոր գործիք է, ուստի այն պետք է զարգանա հասարակության, տեխնոլոգիաների և այն սպառնալիքների փոփոխություններին համընթաց, որոնց այսօր բախվում ենք։
Հայաստանյան ընտրությունների մասին Ստրասբուրգում խոսեց նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Նրա գնահատմամբ՝ հունիսի 7–ի ընտրություններն առանձնահատուկ որակելու համար երեք հիմնական պատճառ կա։ Առաջինը գրեթե ամենօրյա ռեժիմով տարածվող հաղորդագրություններն են ընտրակաշառքի դեպքերի մասին։
Ընտրությունների երկրորդ առանձնահատկությունը, ըստ Ռուբինյանի, Հայաստանում իշխող կուսակցության դեմ սկսված զանգվածային ապատեղեկատվական արշավն էր, իսկ երրորդ և հիմնական առանձնահատկությունը՝ արտաքին միջամտության փորձերը Հայաստանի ներքին քաղաքականությանը և ընտրություններին։ Նույնիսկ տնտեսական միջամտություն է եղել արտերկրից՝ նախատեսված Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար, ԵԽԽՎ նիստի ընթացքում պնդել է Հայաստանի ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ Հայաստանում կա արդարադատության պահանջ՝ պատժելու բոլոր նրանց, ովքեր համակարգել և իրականացրել են ձայների գնման սխեման։
Ռուբինյանի խոսքով, ի հեճուկս ձայների գնման բոլոր սխեմաների, արտաքին միջամտության և ապատեղեկատվական արշավների, Հայաստանի ժողովուրդը կատարել է հստակ ընտրություն․
«Եվ այդ ընտրությունը խաղաղությունն ու ժողովրդավարությունն են։ Հայաստանն ընտրեց ժողովրդավարությունը, ինչը նշանակում է, որ Հայաստանը կշարունակի իր ուղին դեպի ինստիտուցիոնալացում այն խաղաղության, որին հասել ենք՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, ժողովրդավարական բարեփոխումների շարունակման շնորհիվ, և հուսով ենք այս կազմակերպության աջակցությամբ»։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին անդրադարձել է նաև ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն․
«Հայաստանում կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Վերջերս կայացել են խորհրդարանական ընտրությունները։ Կարևոր առաջնահերթություն պետք է լինի պաշտպանել ուժեղ, ժողովրդավարական ինստիտուտները, քաղաքական բազմակարծությունը։ Ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական ակտիվիստների, հոգևորականների նկատմամբ իրավական գործընթացներն ու սահմանափակումները պետք է իրականացվեն պատշաճ և համաչափ, օրենքի գերակայության շրջանակում` չխաթարելով ժողովրդավարական մասնակցությունը։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ժողովրդավարական դիմակայունության և սահմանադրական բարեփոխումների ճանապարհին, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարում»։
Բերսեն, ի դեպ, լավատեղյակ էր այն դժվարություններից, որոնց հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամ Արմեն Գևորգյանը բախվել էր Ստրասբուրգ այցելելիս։ Դիմելով հայ ընդդիմադիր պատգամավորին՝ Բերսեն ողջունել էր նրա մասնակցությունը Վեհաժողովի աշխատանքներին։ «Խորհրդարանականների արդյունավետ մասնակցությունը ԵԽԽՎ-ում կարևոր է ժողովրդավարական երկխոսության ապահովման համար»,-նշել է եվրոպացի պաշտոնյան։
Առիթից օգտվելով Արմեն Գևորգյանը, սակայն, խոսեց ոչ թե անցած ընտրությունների, այլ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին։ Իր հարցը նա ուղղեց ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին․
«Տարիներ շարունակ ես բարձրացնում եմ հայ ռազմագերիների հարցը, որոնք դեռ պահվում են Բաքվում։ Ի՞նչ կոնկրետ քայլեր է նախաձեռնում Եվրոպայի խորհուրդը ապահովելու նրանց ազատ արձակումը։ Դեռ որքա՞ն է ԵԽ-ն հանդուրժելու այն, որ Ադրբեջանը չի կատարում իր հանձնառությունները՝ ներառյալ ՄԻԵԴ-ի որոշումները։ Որտե՞ղ է նման վարքագծի սահմանը»։
Ուղիղ ձևակերպված հարցին ԵԽ գլխավոր քարտուղարը ուղիղ պատասխան չտվեց․
«Ես կուսումնասիրեմ կոնկրետ դեպքերի հանգամանքները՝ հասկանալու, թե ինչ է պատահել, ինչպես կարելի է ավելի արդյունավետորեն առաջ գնալ իմ պարտավորությունների շրջանակում՝ որպես ԵԽ գլխավոր քարտուղարի»։
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում, ի դեպ, Հայաստանին ուղիղ առնչվող քննարկվելիք օրակարգում հարց չկա։ Փոխարենը Վեհաժողովի օրակարգում են Հայաստանի հարևան երկրներին առնչվող տարբեր զեկույցներ և թեմաներ։ Արդեն տեղի են ունեցել «Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Իրանում» թեմայով, ինչպես նաև Թուրքիայում մարդու իրավունքների վիճակին վերաբերող քննարկումները։ Այդ քննարկման ժամանակ, ի դեպ, Ալեն Բերսեն ողջունել է վերջին դրական շփումները ՀՀ-ի և Թուրքիայի միջև։
Հունիսի 24-ի օրակարգում են նաև Ադրբեջանին և Վրաստանին առնչվող զեկույցները։ Մի դեպքում քննարկումը ծավալվելու է «Ադրբեջանում քննադատական ձայների խլացում», մյուս դեպքում՝ «Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրի ներքո։




