
Երևանի ավագանու հերթական նստաշրջանի վերջին նիստն ընթացել է լարված մթնոլորտում։ Իշխանական և ընդդիմադիր խմբակցություններն անդրադարձել են հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, միմյանց սուր մեղադրանքներ ուղղել։ Ընդդիմությունը խոսել է «մանդատները գողանալու», իշխանությունը համակարգային ընտրակաշառքի և քրեական մեղադրանքների մասին։ Բանավեճը վերածվել է ձեռնամարտի, ապա ծեծկռտուքի։
Իրավիճակին արձագանքել է մարդու իրավունքների պաշտպանը՝ տեղի ունեցածը ժողովրդավարական արժեքների հետ անհամատեղելի որակելով:
Երևանի ավագանու այս կիսամյակի վերջին նիստը կհիշվի ոչ թե մայրաքաղաքի խնդիրների քննարկումով, այլ նիստին արձանագրված միջադեպով։ Ավելի քան չորս տասնյակ հարցերից կազմված օրակարգը երկրորդ պլան մղվեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների շուրջ սկսված բանավեճով, որը դուրս եկավ քաղաքական քննարկման սահմաններից և վերածվեց ծեծկռտուքի։
Լարվածության առաջին նշաններն ուրվագծվեցին փոխքաղաքապետի ելույթի ժամանակ։ Սուրեն Գրիգորյանը ներկայացնում էր խորհրդարանական ընտրությունների արդյունքներին վերաբերող թվային տվյալներ, սակայն նրա ելույթը պարբերաբար ընդհատվում էր ավագանու ընդդիմադիր անդամների՝ տեղից դիտարկումներով․
«Ուղղակի իմացել եք, որ 4 տոկոսին հազիվ մոտեցաք, 8 տոկոսին մոտիկ շանս չեք ունեցել։ Ի՞նչը, հա, հետո։ Հա՛, հետո այն, որ ձեր խոսացածն ու ձեր գործողությունները ու ձեր այդ տրյուկներն իրար հետ ընդհանրապես չեն բռնում։ Դրա համար ասում եմ՝ վերջապես թարգեք այդ բարձր-բարձր խոսալը։ Այս դահլիճի պղպջակից դուրս եկեք և առերեսվեք իրականության հետ»։
Փոխքաղաքապետի ելույթին տեղից արձագանքող «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին հակադարձեց նիստը վարող՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը․
«Պարոն Ստեփանյան, օրինակ, եթե անկեղծ, ես ձեր տեղը լինեի այնպես խելոք կլռեի։ Ձեր ցուցակի երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Դուք գնացեք պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից էլ վեր-վեր չթռնեք ելույթների ժամանակ։ Սուս կմնաք ելույթների ժամանակ։ Արա՛, լսի, «այ տղեն» դու ես, այ տղա՛ արա, հանգստացի՛ ու դավայ ստուց: Դուրս կհելնես, կասեմ քեզ՝ ինչ կլինի»։
Փոխադարձ մեղադրանքներից ու վիրավորանքներից հետո իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։ Բանավեճը վերածվեց քաշքշոցի, ապա՝ ձեռնամարտի։ Լարվածությունից անմասն չմնացին նաև ավագանու կին անդամները, անուշադրության չմատնվեցին սեղանին դրված ջրի շշերը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը ավելի ուշ բացատրեց․
«Եթե մարդիկ կռիվ են հրահրում, շիշը սեղանից ցայտում է այն պահին, երբ որ պետք է հանդարտվի։ Այսինքն՝ միտված չի եղել ոչ մեկին վնաս պատճառի ու ոչ ոքի չի դիպչել»։
Քաշքշոցի ընթացքում վնասվածքներ ստացած «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել․
«ՔՊ-ականները սադրում են, սուտ բաներ են խոսում։ Անդրանիկ Թևանյանի հասցեին առանց հիմքի ասում են, որ պետական դավաճան է։ 100 հոգով, «բորենիների» նման հարձակվում են մեր վրա ու խփում են»։
Լարվածությունը շարունակվեց նաև միջանցքում, որտեղ քաղաքապետն ու նրա տեղակալները հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ փորձում էին վերահսկել իրավիճակը։
Լարված միջադեպին լրագրողների հետ զրույցում ավելի ուշ անդրադարձան և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։ Լսենք Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին, ապա Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանին․
«Մենք չենք բերում այս մշակույթը, այս մշակույթը բերում է ընդդիմությունը, ովքեր որ տարրական հարգանք չունեն և տարրական ընթացակարգերին չեն հետևում, որպեսզի գրանցվեն և գան ելույթ ունենան ամբիոնից, որի համար կա հատկացված ժամանակ։ Տեղից ռեպլիկներ են նետում մարդիկ, որոնք առհասարակ իրավունք չունեն։ Ես հատուկ ուշադրություն դարձրի, որ «Մայր Հայաստան» կամ «Բարգավաճ Հայաստանի» կուսակցության ցուցակի չգիտեմ, թե որ համարը, ով նաև հանդիսանում է Երևանի ավագանու անդամ, ես իրեն հորդորեցի, որ ինքն ավելի շատ մտածի այն մասին, թե իրենց լիդերն ու երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ»։
«Եթե իշխանությունը գնում է այդ մեթոդներին, թող իմանա․․․Սա փոքր դրվագ է։ Եթե իրենք գնում են պետությունը ավտորիտար, բռնի ուժով կառավարելու ուղղվածության, ապա դա լինելու է կամ տոտալ հաղթանակ բոլշևիկների նման կամ՝ հակահեղափոխություն»։
Իրավիճակին արձագանքեց նաև մարդու իրավունքների պաշտպանը։ «Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ»,-նշել է Անահիտ Մանասյանը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ համարելով մարդու իրավունքների տեսանկյունից և անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:
Իսկ լարվածությունն ի վերջո հաղթահարվեց․ ավագանու անդամները վերադարձան նիստերի դահլիճ։ 2026 թվականի հերթական նստաշրջանը փակվեց Երևանի հիմնի հնչյունների ներքո։
Ավագանու հաջորդ նստաշրջանը կգումարվի սեպտեմբերի 8-ին։




