ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Քաղհասարակությունը կարծում է, որ ժողովրդավարությունը լուրջ փորձության է ենթարկվել

Ազգային ժողովի ընտրություններից հետո Հայաստանի քաղաքացիական հասարակության, պետական ինստիտուտների և ամբողջ քաղաքական դաշտի համար առաջնային հարց է՝ ինչ քայլեր են արվելու առաջիկայում, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ խնդիրը ոչ այնքան քվեարկության արդյունքներն են, որքան ընտրական գործընթացի որակը և ընթացքում արձանագրված երևույթները։

Հայաստանում քննարկում են քաղաքացիական հասարակության և իշխանությունների հարաբերությունները։ Իրավապաշտպանները պնդում են, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը չպետք է գնահատվի քաղաքական ուժերի շահերին համապատասխանելու կամ չհամապատասխանելու չափանիշով։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի շրջանում հաճախ ընկալում է ձևավորվում, թե քաղաքացիական հասարակությունը պետք է աջակցի այս կամ այն քաղաքական ուժին։

«Եթե որևէ քաղաքական ուժ կարծում է, որ քաղաքացիական հասարակությունը գոյություն ունի այնքանով, որքանով սպասարկում է իր քաղաքական շահերը կամ համապատասխանում է իր քաղաքական նախասիրություններին, ապա չարաչար սխալվում է»։

Սաքունցի խոսքով՝ նախկին իշխանությունների մեղադրանքները, որ քաղաքացիական հասարակությունը գործակցում է միայն գործող իշխանությունների հետ, չեն համապատասխանում իրականությանը։ Նա հիշեցրեց, որ նախկինում ևս եղել են գործակցության փորձեր, հասարակական խորհուրդներ, հանդիպումներ և քննարկումներ, սակայն բազմաթիվ առաջարկներ չեն ընդունվել․

«Եղել են ժամանակներ, երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նույնիսկ «ազգի թշնամիներ» էին որակվում»։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ներկա իշխանությունների հետ հարաբերությունները նույնպես չեն նշանակում անվերապահ աջակցություն։

«Մենք մշտապես բարձրաձայնել ենք մարդու իրավունքների հետ կապված խնդիրների մասին, այդ թվում՝ խոշտանգումների, զինված ուժերում մահացության դեպքերի և քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահերի վերաբերյալ։ Այս հարցերում բազմիցս արձանագրել ենք, որ պետությունը պատշաճ չի կատարում իր պարտավորությունները»։

Քաղաքացիական հասարակությունը չպետք է դիտարկվի որպես միասնական և միատարր կառույց, քանի որ այն բաղկացած է տարբեր խմբերից ու կազմակերպություններից, որոնք ունեն տարբեր առաջնահերթություններ, մոտեցումներ և պատկերացումներ, իր հերթին հայտարարեց «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանը։ Անդրադառնալով քաղաքացիական հասարակության դերին և անելիքներին՝ նա նշեց, որ քաղաքացիական հասարակության շրջանում առկա են տարբեր ընկալումներ՝ կապված թե՛ սեփական առաքելության, թե՛ իշխանություններից ունեցած ակնկալիքների հետ․

«Կան խմբեր, որոնք կարծում են, որ քաղաքացիական հասարակությունը պետք է մշտապես լինի ընդդիմադիր դիրքերում՝ անկախ քաղաքական իրավիճակից։ Կան կազմակերպություններ, որոնք կենտրոնացած են ավելի նեղ ոլորտային օրակարգերի վրա՝ բնապահպանությունից մինչև այլ մասնագիտական ուղղություններ։ Կան նաև կառույցներ, որոնք առաջնահերթ են համարում արտաքին սպառնալիքներին դիմակայելը և իրենց հիմնական ռեսուրսները ներդնում են այդ ուղղությամբ»։

Բանախոսներն անդրադարձան նաև ընտրական գործընթացներին։ Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ ընտրությունների ընթացքում ամբողջությամբ չի բացառվել վարչական ռեսուրսների կիրառումը։ Միաժամանակ ընդգծեց, որ այն չի ունեցել անցած տարիներին բնորոշ համակարգային բնույթը․

«Այս ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ մինչև 2018 թվականը տարածված և հետագայում գրեթե մոռացված մի շարք գործիքներ կրկին սկսեցին կիրառվել։ Դրանց կանխման ուղղությամբ իրականացված ջանքերը բավարար արդյունք չտվեցին»։

Ըստ Սաքունցի՝ տարբեր համայնքներում վարչական ռեսուրսների կիրառման դեպքեր արձանագրվել են անկախ նրանից, թե տվյալ համայնքում իշխանությունը ներկայացնող ուժը կառավարող կուսակցությունն էր, թե ընդդիմադիր քաղաքական ուժը։

Յուրի Ավագյանի դիտարկմամբ` դա եղել է հիմնականում մարդկանց քանակ ապահովելու համար․

«Այսինքն՝ երբ որ քաղաքական ուժերը, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, փորձել է հանրահավաքներ իրականացնել, այդ առումով շատ օգտագործվել է վարչական ռեսուրսը քանակ ապահովելու համար»։

Ընտրությունների ընթացքում մտահոգիչ է գնահատվել նաև ընտրակաշառքի երևույթը։ Դիտորդներն արձանագրել են դեպքեր, երբ ընտրակաշառք են բաժանել  ընդդիմադիր ուժերը։ Միաժամանակ ակնկալվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը կներկայացնի ընտրակաշառքի դեպքերով հարուցված քրեական վարույթների ընթացքի և արդյունքների հաշվետվությունը, ասում է Սաքունցը․

«Շատ կարևոր է ոչ միայն քրեական գործերի հարուցումը, այլև դրանց արդյունավետ քննությունը, դատական գործընթացների արդյունքները և հանրային հաշվետվողականությունը»։

Յուրի Ավագյանի կարծիքով՝ մինչև օրս ընտրակաշառքի վերաբերյալ հնչած բազմաթիվ պնդումները մնում ենթադրությունների մակարդակում, քանի որ դրանց վերաբերյալ վերջնական դատական ակտեր դեռևս չկան։

«Խոսքը ենթադրյալ ընտրակաշառքների մասին է, որովհետև առայժմ դատական որոշումներ չկան։ Եթե այդ որոշումները չլինեն, իսկ իշխանությունները շարունակեն պնդել, որ ընտրակաշառքը եղել է համատարած, ապա կարող ենք բախվել լեգիտիմության ճգնաժամի»։

Քաղհասարակության ներկայացուցիչները կարծում են, որ ժողովրդավարության հետ կապված որոշ խնդիրներ 2021-2026 թվականներին ոչ հետևողական և ոչ բավարար չափով կատարված բարեփոխումների հետևանք են։ Նրանք մասնավորապես նշեցին, որ կոռուպցիոն մի շարք աղմկահարույց դեպքերի ոչ արդյունավետ քննությունը հասարակության շրջանում անպատժելիության մթնոլորտ է ստեղծել, որը կարող էր  խթանել ընտրախախտումների նոր դրսևորումները։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ առաջիկա տարիներին Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար անհրաժեշտ կլինի ապահովել ընտրական գործընթացների նկատմամբ ավելի արդյունավետ վերահսկողություն, բարձրացնել իրավապահ մարմինների հաշվետվողականությունը և վերականգնել հանրային վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ։

Կարդացեք նաև

Back to top button