
Հունիսի 25-ից 29-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը (Yerevan International Short Film Festival)։ Այն կազմակերպել է Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման մշակութային հիմնադրամը՝ Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը հիմնադրվել է 2018 թվականին՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր Գոշ Թադևոսյանի նախաձեռնությամբ։ Այսօր այն արդեն հեղինակավոր FilmFreeway հարթակում Gold Status (Ոսկե կարգավիճակ) ունի։
Հունիսի 25-ից՝ երեք օր շարունակ, Կինոյի տան մեծ դահլիճում կցուցադրվեն փառատոնի մրցութային ֆիլմերը։ Փառատոնն արդեն ավանդույթ ունի՝ միջոցառումներ անցկացնելու նաև Շիրակի մարզկենտրոնում։ Հունիսի 28-ին փառատոնի մասնակիցներին կհյուրընկալի Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, իսկ հաջորդ օրը «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա փառատոնի փակումը։
Մայրաքաղաքից դուրս՝ մարզերում, կինոմթնոլորտ ստեղծելու և այս ավանդույթի կարևորության մասին խոսեց կինոփառատոնի տնօրեն Գոշ Թադևոսյանը․
«Արդեն 9 տարի շարունակ որպես փառատոնի տնօրեն պիտի վստահությամբ ասեմ, որ այս ավանդույթը շատ դրական ազդեցություն է ունենում։ Այն ակտիվացնում է մարզային մշակութային կյանքը, և, ինչու ոչ, նաև մեր թե՛ տեղացի, թե՛ միջազգային մասնակիցներին հնարավորություն է տալիս միասին ծանոթանալու Հայաստանի հետաքրքիր կինոլոկացիաներին, որոնք նրանց հետագա ֆիլմերի նկարահանումների համար կարող են բավական հետաքրքիր ազդակ դառնալ»։
Տարիների ընթացքում փառատոնը ձևավորել է մի հարթակ, որ բացահայտում է երիտասարդ կինոռեժիսորների, աջակցում է նրանց մասնագիտական զարգացմանն ու միջազգային կինոմիջավայրին ինտեգրմանը։
Փառատոնի առաքելությունն իրականում շատ ավելի լայն է, քան պարզապես ֆիլմերի ցուցադրությունը՝ ընդգծեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը․
«Սա նպաստում է նոր կինոսերնդի ձևավորմանը, ստեղծում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություն աշխարհի տարբեր երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների ու հայ կինոգործիչների միջև։ Այն նաև խթանում է ստեղծագործական երկխոսությունն ու միջազգային մշակութային կապերի զարգացումը»։
Կազմակերպիչները կարծում են, որ այս միջոցառումը Հայաստանի միջազգային վարկանիշի և մշակութային ակտիվության կարևոր բաղադրիչներից է։ Բացի այդ՝ Հայաստանն իր տարեկան շուրջ 300 արևոտ օրերով կինոարտադրության համար առանցքային հնարավորություններ է տալիս։ Թե որքանով է փառատոնը նպաստում այդ պոտենցիալի իրացմանը, ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը.

«Հայաստանում հնարավոր է ընդամենը մեկ-երկու ժամվա ընթացքում ունենալ տարվա չորս եղանակները։ Այսինքն՝ նույն օրվա մեջ դու կարող ես նկարահանել արև, ամառ, գարուն, աշուն, իսկ հետո բարձրանալ մի լեռան վրա և նկարել ձմռան տեսարան: Սա հնարավոր է միայն Հայաստանում։ Նմանօրինակ միջոցառումների շնորհիվ մենք պետք է անընդհատ ցույց տանք այս ամենը մեր միջազգային գործընկերներին, որպեսզի նրանք գան, տեսնեն և մեր տեղացի գործընկերների հետ այստեղ զարգացնեն ֆիլմերի արտադրությունը»։
Փառատոնն այս տարի բացառիկ ցուցանիշ է արձանագրել․ հայտեր են ստացվել 95 երկրներից։ Այս տարվա ծրագրային գլխավոր առանձնահատկությունների, սպասվող նորարարությունների և անակնկալների մասին պատմեց Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանը.
«Այս տարի մենք տարածաշրջանում առաջինն ենք, որ փառատոնի ծրագրում ընդունել ենք արհեստական բանականությամբ նկարահանված ֆիլմեր։ Ունենք շատ հետաքրքիր ընտրված հայտեր. անգամ իրանական ֆիլմ ունենք ներառած, որը նոր ասելիք ունի։ Այս տարի ունենալո ենք նաև պանելային քննարկումներ, և որ ամենակարևորն է՝ այս տարի հայկական շատ ֆիլմեր են ներկայացված»։
Երևանի քաղաքապետարանն ազգային ծրագրի շրջանակում դրամական հատուկ մրցանակներ է սահմանել փառատոնի երեք անվանակարգերի համար՝ «Լավագույն ազգային կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն քաղաքային ֆիլմ» և «Լավագույն ուսանողական ֆիլմ»։
Բացի դրամական պարգևից՝ ազգային մասնակիցներից մեկին կշնորհվի նաև կինոտեխնիկայից օգտվելու 2 մլն դրամ արժողությամբ սերտիֆիկատ։
Իսկ մասնագիտական ժյուրիի կազմը ներկայացրեց փառատոնի հիմնադիրը՝ կինոռեժիսոր Գոշ Թադևոսյանը․
«Ժյուրին այս տարի գլխավորում է հեղինակավոր Ա դասի կինոփառատոնների մրցանակակիր Սոսո Բլիաձեն, որը նաև Վրաստանի կինոալիքի լավագույն ներկայացուցիչներից է։ Ժյուրիի կազմում են նաև դերասանուհի, պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը և կինոռեժիսոր Արշալույս Հարությունյանը»։
Այս տարվա մրցութային ծրագրում ընդգրկվել է 22 երկրի 39 ֆիլմ։ Դրանցից 24-ը ներկայացված են միջազգային ծրագրում։ Այդ ֆիլմերից 5-ը ստեղծված են արհեստական բանականության կիրառմամբ։ Իսկ Ազգային մրցութային ծրագրում 15 ֆիլմ է ներկայացվելու։
Փառատոնի կազմակերպիչները վստահ են, որ այս կինոտոնը ևս մեկ անգամ փաստում է, որ Երևանը կարևոր հարթակ է դառնում տարբեր երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական երկխոսության համար։




