
Խորհրդարան ընտրության շեմը հաղթահարած ընդդիմադիր երկու դաշինքները շարունակում են պահել ինտրիգը․ կվերցնե՞ն մանդատները, թե՞ ոչ։ Երկու ուժերի առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են երկու սցենարներին էլ և սպասում են հավաքական ընդդիմության միասնական որոշմանը։ «Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ մանդատները լուրջ գործիք են պայքարի համար, ինչը դաշինքն ապացուցել է նախորդ գումարման խորհրդարանում։
Հետընտրական գործընթացների մասին այլ վերլուծություն արած արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը մինչդեռ կարծում է, որ ընդդիմությունը խորհրդարանում սպառել է ինքն իրեն և ԱԺ շենք նորից մտնելուց առաջ պիտի ախտորոշման սենյակ գնա։
Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ 9-րդ գումարման մանդատների բաշխման պաշտոնական գործընթացը կսկսի միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո, բայց արդեն քննարկման սեղանին է նորընտիր խորհրդարանի կազմը։ 9-րդ գումարման առաջին նիստի նախնական օրը օգոստոսի 2-ն է։ Ըստ համապետական ընտրությունների վերջնահաշվարկի՝ այդ օրը խորհրդարանի դահլիճում 64 աթոռ կզբաղեցնի «Քաղաքացիական պայմանագիրը», 29՝ «Ուժեղ Հայաստանը», և 12՝ «Հայաստան» դաշինքը։ Այս պահին թվարկվածներից հաստատ է միայն իշխանության ներկայությունը՝ Նիկոլ Փաշինյանը դեռ ընտրությունների գիշերն էր վստահեցրել․
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստանալով ձայների 49,7տոկոսը, ձևավորել է խորհրդարանական մեծամասնություն, բայց չի ստացել սահմանադրական մեծամասնություն կամ ձայների 2/3-ը։ Իշխող ուժը գոհ է իր արդյունքից, իսկ ընդդիմադիր դաշինքներին մեղադրում է ոչ օրինական ճանապարհով՝ ընտրակաշառքով, ձայներ ստանալու համար։
«Խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման Ազգային ժողովում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր կամ նույնիսկ չի կարելի ասել` քաղաքական միավոր է և Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է այդ պրոցեսները և այդ շրջանակները զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից»։
«Խորհրդարան կգնա՞ն Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերը» հարցին երկու գործիչներից ոչ մեկը հստակ պատասխան չի տվել։ Երկուսն էլ հայտարարել են՝ ինչպես որոշի հավաքական ընդդիմությունը․
Սամվել Կարապետյան․ «Պատրաստ ենք երկուսին էլ։ Բայց պետք է անենք առավելագույն ճիշտ քայլեր, որպեսզի հետագայում չտանք հնարավորություն Փաշինյանին միանձնյա կառավարել»
Ռոբերտ Քոչարյանը գրեթե նույն պատասխանն է տվել՝ շեշտելով, սակայն, որ մանդատները հետագա պայքարի լուրջ գործիք են․
«Եթե պայքարը մտադրված ենք շարունակելու, ուրեմն պետք է ունենալ մաքսիմալ հնարավոր գործիքակազմ այդ պայքարը շարունակելու համար։ Մանդատները, այո, պայքարի գործիքակազմ են»։
Իսկ որ խորհրդարանական մանդատներով՝ իշխանության հետ առճակատման գնալու գործում առնվազն «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուները փորձված են և կարող են իրավիճակ փոխել, կասկած չկա, ասել է Քոչարյանը․
«Մարդիկ, որոնք անցնում են խորհրդարան «Հայաստան» դաշինքի ցուցակով, չեն կարող որևէ կասկած առաջացնել։ Անցած 5 տարին ցույց են տվել, որ պայքարող են, անզիջում, մարտական ոճի ունեցող մարդիկ են»։
Հետընտրական զարգացումներին հետևող արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննսիյանն այլ վերլուծություն է անում։ Նրա խոսքով՝ խորհրդարանական ընդդիմության՝ 2021-2025 թվականների գործունեությունը ցույց է տալիս, որ վերջիններս, բացի սուր հարցեր ձևակերպելուց, փոխադարձ վիրավորանքներից ու բանավեճերից, գետնի վրա այլ գործառույթ չեն ունեցել, այդ թվում՝ կարևոր օրենսդրական նախաձեռնությունների քվեարկության ժամանակ, ուստի Բաղրամյան 19 նորից ոտք դնելուց առաջ պետք է ճանաչեն իրենք իրենց․
«Հիմա ընդդիմությունը շատ կարիք ունի սեփական վիճակի ախտորոշման, իմ գնահատմամբ` ազնիվ խոսակցության, և ոչ թե ասել, որ ընտրողը մոլորված էն, մեկը ասի` ընտրողը կաշառակեր է, մյուսն ասի` ընտրողը մեզ չընտրեց, մյուսն ասի` թուրք են, դա խայտառակություն է։ Կարելի է ուղղակի ձևակերպել, որ ընտրողը չվստահեց։ Այ, ինչո՞ւ չվստահեց։ Այդտեղից շատ հետաքրքիր բաներ կբացվեն»։
Ընդդիմությունը մի կողմից վիճարկում է նորընտիր խորհրդարանի իրավաչափությունը, մյուս կողմից՝ չի թաքցնում մանդատները վերցնելու մտադրությունը, և այս երկուսը որևէ կետում հատման կետ չունեն, ասում է Հովհաննիսյանը․
«Մանդատ վերցնելը խոստովանություն է, որ դու գնում ես խորհրդարանը լեգիտիմացնելու, որովհետև իշխանությանն անհրաժեշտ է, որ էդ խորհրդարանում բազմակարծություն լինի, այնտեղ իրար հայհոյեն, վատ բաներ ասեն, նույնիսկ անգամ հասնի ձեռնամարտի, ինչպես բազմազան ժողովրդավար երկրների խորհրդարաններում ենք տեսել»։
Ընդդիմության բացակայությամբ էլ առողջ քննադատություն, բանավեճ ու հետաքրքիր խորհրդարանական շրջան է խոստացել «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
Ռուբեն Ռուբինյան․ «Շատ ուրախ խորհրդարան կլինենք։ Վերջապես, մենք ստիպված չենք լինի 5 տարի անցկացնել մարդկանց հետ, որոնք եկել են այստեղ զուտ իրենց ապօրինի ձեռք բերված գույքը պաշտպանելու համար»։
Ընդդիմադիր ուժերը սպասում են ՍԴ որոշմանը, նաև նշում, որ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը կքննարկեն նաև հասարակության հետ՝ հավաքների ձևաչափով։




