
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ թույլատրել է Իրանի եւ ԱՄՆ նախագահի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը նախագահ Մասուդ Փեզեշքիանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներից հավաստիացումներից հետո, որ իրավունքները պաշտպանված կլինեն, հայտնում է իրանական «Իռնա» գործակալությունը։
Իրանի ժողովրդին ուղղված գրավոր ուղերձում Խամենեին նշել է, որ նախագահ Փեզեշքիանը, որպես Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար խոստացել է զիջումների չգնալ, եթե Վաշինգտոնը, նրա խոսքով, չափազանցված պահանջներ առաջադրի։
Գերագույն առաջնորդն ընդգծել է, որ գործադիր իշխանությունն ու անվտանգության խորհրդի անդամներն իրանական ժողովրդի իրավունքները եւ «դիմադրության ճակատի» շահերը պաշտպանելու ամբողջական անձնական պատասխանատվություն են ստանձնել։
Խամենեին հավելել է, որ ԱՄՆ-ի հետ ապագա ուղիղ բանակցությունները չեն նշանակի «թշնամու դիրքորոշման» ընդունում։
Նա առանձնահատուկ ընդգծել է, որ Թեհրանը խստորեն կհետեւի Վաշինգտոնի կողմից դեէսկալացիայի վերաբերյալ ամրագրված բոլոր պայմանների անվերապահ կատարմանը։
Սրան զուգահեռ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ դուրս բերել իր զորքերը Լիբանանի հարավային հատվածից եւ «կպահպանի անվտանգության գոտին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի»։
Նեթանյահուն այս մասին հայտնել է, ելույթ ունենալով Իսրայելի հյուսիսից հարավ անցնող 60-րդ մայրուղու բացման արարողության ժամանակ։
«Մենք կվերականգնենք հյուսիսային բնակավայրերի անվտանգությունն ու բարգավաճումը։ Դրա համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության գոտին Լիբանանի հարավում։ Դրա համար մենք չպետք է հեռանանք այնտեղից, քանի դեռ դա պահանջում են Իսրայելի անվտանգության շահերը»,- ասել է նա։




