
Սիդնեյում գործող Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը (Institute for Economics and Peace) հրապարակել է 2026 թվականի գլոբալ խաղաղության ինդեքսը։ 163 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը՝ մեկ տարվա ընթացքում բարելավելով դիրքը միանգամից 21 աստիճանով։ Հայաստանի ընդհանուր գնահատականը 1.825 միավոր է, մինչդեռ Ադրբեջանը 110-րդ տեղում է՝ 2.142 միավորով՝ ութ հորիզոնականով հետընթաց գրանցելով։
Գլոբալ խաղաղության ինդեքսը գնահատում է պետությունները 23 ցուցանիշներով՝ երեք հիմնական ուղղությամբ՝ հանրային անվտանգություն և ապահովություն, շարունակվող ներքին և միջազգային հակամարտություններ, ինչպես նաև ռազմականացում։ Զեկույցն արդեն 20-րդ տարին է հրապարակվում և համարվում է աշխարհում խաղաղության մակարդակը գնահատող ամենահեղինակավոր ուսումնասիրություններից մեկը։
Զեկույցի հեղինակները նշում են․ մեջբերում․
«Հայաստանը դարձել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խաղաղության ամենամեծ բարելավում արձանագրած երկրներից մեկը։ Հայաստանի ընդհանուր գնահատականը բարելավվել է շուրջ 4 տոկոսով։ Առավել մեծ առաջընթացը գրանցվել է «հանրային անվտանգություն և ապահովություն» բաղադրիչում, որը բարելավվել է 9,3 տոկոսով։ Զգալիորեն բարելավվել են նաև բռնի ցույցերի և քաղաքական ահաբեկչության ռիսկը գնահատող ցուցանիշները, իսկ «շարունակվող հակամարտություններ» բաղադրիչը նույնպես փոքր դրական տեղաշարժ է արձանագրել»։
Ինստիտուտը Հայաստանի առաջընթացը կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Զեկույցում նշվում է, որ 2025-2026 թվականներին շարունակվել են սահմանազատման աշխատանքները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ինչը նպաստել է ընդհանուր խաղաղության ցուցանիշի բարելավմանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝ զեկույցն արձանագրում է, որ Հայաստանն ոը Լեհաստանն ամենամեծ բարելավումն արձանագրած պետություններ են աշխարհում։ Մեջբերում․
«Ուշագրավ է նաև, որ «հանրային անվտանգություն և ապահովություն» ենթաինդեքսով Հայաստանը 36-րդն է աշխարհում՝ անմիջապես հաջորդելով Գերմանիային, Սլովակիային և Իսպանիային»։
Մինչ Հայաստանը բարելավում է դիրքերը, Ադրբեջանը տարածաշրջանում արձանագրել է խաղաղության ամենամեծ վատթարացումը։ Զեկույցի համաձայն՝ դրա հիմնական պատճառներն են շարունակվող հակամարտությունների ցուցանիշի վատթարացումը, Իրանի հետ աճող լարվածությունը, սպառազինությունների ներմուծման կտրուկ աճը և ռազմական ծախսերի շարունակական ավելացումը։ Միայն պաշտպանության բյուջեն 2026 թվականին աճել է գրեթե 4 տոկոսով՝ հասնելով մոտ 5,1 մլրդ դոլարի։
Չնայած դրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար։
«Առանցքային նշանակություն ունի, այդ թվում՝ խաղաղության տրամաբանության մեջ, այն, որ մենք մեր գործողությունների գաղափարաբանության առանցքում դնում ենք պետականությունը և պետությունը, որովհետև պետականությունը և պետությունը առանցքային նշանակություն ունեն, այդ թվում՝ խաղաղության օրակարգի սպասարկման: Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, իր միջազգայնորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է այդ առումով։ Եվ նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը ապահովելն է, և մեր բոլոր ռազմավարությունները՝ ներառյալ անվտանգային, պաշտպանական և այլն, տեղավորվում են էս տրամաբանության մեջ»։
Զեկույցի տվյալները միանշանակ չեն մեկնաբանվում նաև Հայաստանի անվտանգության տեսանկյունից։ Եթե Հայաստանը դառնում է ավելի խաղաղ, իսկ նրա հիմնական անվտանգային սպառնալիքը համարվող Ադրբեջանը՝ ավելի քիչ խաղաղ, դա ինքնին դեռ չի նշանակում, որ Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրը դարձել է ավելի կանխատեսելի։ Ընդհակառակը՝ հարևան երկրի ռազմականացման և սպառազինման շարունակական աճը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության կարևոր մարտահրավերներից մեկը, նույնիսկ եթե դիվանագիտական գործընթացը որոշակի առաջընթաց է արձանագրում։




