
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մատնանշել է Թեհրանի հարցում Թել Ավիվի եւ Վաշինգտոնի տարաձայնությունները` մեկնաբանելով ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ստորագրվելիք փոխըմբռնման հուշագիրը։
«Մենք նախագահ Թրամփի հետ միշտ չէ, որ համընկնում ենք մեր տեսակետներում։ Նա Միացյալ Նահանգների նախագահն է, իսկ ես՝ Իսրայելի վարչապետը։ Ես պատասխանատու եմ Իսրայելի անվտանգության շահերի համար, եւ դա պետք է անել խելամտորեն»,- ասել է Նեթանյահուն։ Ըստ CNN-ի` նա հավելել է, որ «նման տարաձայնություններ լինում են նաեւ լավագույն ընտանիքներում»։
«Պայքարը դեռ ավարտված չէ։ Մեզ անհրաժեշտ կլինի պահպանել զգոնությունը, ուժն ու վճռականությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանել մեզ»,- հավելել է վարչապետը։
Նեթանյահուն նաեւ հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանից, Գազայի հատվածից կամ Սիրիայից։
«Մենք կմնանք անվտանգության գոտիներում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի մեր երկիրը պաշտպանելու համար»,- ընդգծել է նա։
ԱՄՆ-ի եւ Իրանի հուշագիրը կոչված է ավարտելու Մերձավոր Արեւելքում հակամարտության թեժ փուլը։ Երկրների ներկայացուցիչները պետք է համաձայնեցված փաստաթուղթը ստորագրեն հունիսի 19-ին Շվեյցարիայում։
Ինչպես հայտնել են իրանական լրատվամիջոցները, փաստաթղթի նախագիծը նախատեսում է լիակատար հրադադար (այդ թվում՝ Լիբանանի տարածքում), ամերիկյան ծովային շրջափակման վերացում եւ Հորմուզի նեղուցի վերաբացում։




