
«Մերիդիան» էքսպոկենտրոնում կտեղակայվի CBD COP17 համաժողովի Կապույտ գոտին (Blue Zone)՝ համաժողովի պաշտոնական տարածքը, որը գործելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հովանու ներքո։ Այստեղ կանցկացվեն միջկառավարական բանակցությունները, բարձր մակարդակի նիստերը, պաշտոնական միջոցառումները և պատվիրակությունների աշխատանքային հանդիպումները։

Այս պահին էքսպոկենտրոնում ակտիվ փուլում են COP17-ի նախապատրաստական աշխատանքները։ Ընթանում են շինարարական, վերակառուցման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ՝ ենթակառուցվածքները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ապահովելու նպատակով։




