Ընտրություններ 2026ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Անազատության մեջ գտնվողները գրիչ էին պահանջում․ ինչպե՞ս են քվեարկել Հայաստանի բանտերում

Համապետական ընտրություններին քվեարկելու իրավունք ունեն նաև պատիժ կրող անձինք։ Հայաստանի 9 քրեակատարողական հիմնարկում ձևավորվել էին ընտրական տեղամասեր, բանտերում քվեարկելու իրավունք ուներ 1474 ընտրող։ Նրանցից ընտրելու իր իրավունքն իրացրել է 1111-ը։

«Գիտե՞ք, չէ, քվեարկելու ձևը։ Այ սենց դնում ենք ծրարի մեջ, ձեր ցանկացած թերթիկը, մնացածը գցում եք դիմացի արկղը։ Թերթիկը չեք ծալում․․․»։

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում թիվ 34/75 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն է անազատության մեջ գտնվող անձանց բացատրում քվեարկության կարգը։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ համապետական ընտրությունների ժամանակ   քվեարկելու իրավունք ունեն նաև Հայաստանի  քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։ Մասնավորապես,  ՔԿՀ-ներում հաշվառված ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության օրը 18 տարին լրացած, ՀՀ  քաղաքացի հանդիսացող կալանավորված անձինք և ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված և ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալները։

Լուսանկարները տրամադրել է Արթուր Հովհաննեսյանը

Հայաստանի 9 քրեակատարողական հիմնարկներում հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 1474 ընտրող։ Քվեարկությանը մասնակցել է 1111 մարդ։ «Հանուն Ազատության» հասարակական կազմակերպության անդամները 6 քրեակատարողական հիմնարկներում հետևել են քվեարկության ընթացքին։ Լսենք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Հովհաննեսյանին։

«Ի տարբերություն այլ ընտրատեղամասերի՝ անազատության մեջ գտնվող մարդկանց քվեարկությունը կանոնակարգված էր, քանի որ գալիս են ըստ խցերի։ Փոքր էր «Աբովյան» ՔԿՀ-ի ընտրական տեղամասը, սակայն քվեախցերի հատվածը անձեռնմխելի էր, որևէ անկյունից տեսանելիություն չկար, ամեն դեպքում տարածքը փոքր էր, չնայած ընտրողներն էլ այստեղ քիչ էին»։

1111 պատիժ կրող անձանցից  557-ը կողմ է քվեարկել «Ուժեղ Հայաստանին», 158-ը՝ «Հայաստան» դաշինքին, 100-ը՝ ԲՀԿ-ին։ 216 ընտրող քվեարկել է «Քաղաքացիական պայմանագրին»։ Ի դեպ, միայն «Սևան» քրեակատարողական հիմնարկում  է «Քաղաքացիական պայմանագիրը» մեկ ձայնով հաղթել «Ուժեղ Հայաստանին»՝ 39-38 հարաբերակցությամբ։ Պատժային համակարգերի բարեփոխումների միջազգային փորձագետ Արշակ Գասպարյանի դիտարկմամբ՝ կարևորը չէ, թե անազատության մեջ գտնվող անձինք ինչպես են քվեարկել։

«Քրեակատարողական համակարգում, բանտային միջազգային ստանդարտի չափանիշով բոլորը պիտի հնարավորություն ունենային տեղեկացված լինելու։ Բոլորը հնարավորություն ունենային գաղտնի քվեարկելու։ Վարչարություն իրականցնող  աշխատակիցների կողմից խտրական որևէ միջամտությունից զերծ մնային։ Սրանք ավելի կարևոր են, ու պետք է այստեղ խիստ լինեն դիտորդական առաքելությունները, վստահված անձինք, այս իմաստով մեր օրենսդրությունն էլ կարծես վատը չի»

«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Հովհաննեսյանը նկատում է, որ պատիժ կրող անձինք ընդհանուր առմամբ տեղյակ չէին քվեարկության կարգից։

«Շատ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ  հարցնում էին՝ գրիչը որտեղ է։ Հանձնաժողովի անդամները հեռվից բացատրում էին, չնայած նախապես էլ բացատրել էին, բայց ակնհայտ է, որ էլի հարցեր կային։ Ավելին ասեմ, «Վարդաշեն» ՔԿՀ-ում մեկ ընտրող մի քանի քվեաթերթիկ էր դրել ծրարի մեջ, ու այդ քվեաթերթիկները հանձնաժողովը անվավեր համարեց»։

Բանտերում վարչարարությունը, աշխատակիցների կամ  քրեական ենթամշակույթի ազդեցությունը որոշակիորեն չափելի և ուսումնասիրելի են, սակայն վերլուծելիս պետք է հաշվի առնել նաև անազատության մեջ գտնվողների տեղեկացված լինելու մակարդակը՝ ասում է փորձագետ Արշակ Գասպարյանը։

«Անկախ վերջնարդյունքից՝ չենք կարող պնդել, որ ընտրություններն անցել են արդար ու թափանցիկ։ Սրան պետք է նախորդի  հետևյալ հարցը՝ արդյո՞ք  կալանավորված անձինք, կամ  դատապարտյալները հավասար պայմաններ  են ունեցել տեղեկացված լինելու թե ընտրակարգից, թե թեկնածուներից, կուսակցությունների դաշիքնից, թե քվեարկութան ամփոփման կարգից, կուսակցությունների ստացած քվեների տոկոսային բաշխվածությունից։ Կարծում եմ տեղեկացված ու գիտակցված լինելն է պաշտպանված դարձնում»։

Հետաքրքիր մի փաստ ևս․ ըստ գործող կարգի՝   կուսակցությունների, դաշինքների նախընտրական քարոզչության նյութերը իրազեկման նպատակով քրեակատարողական հիմնարկներ  պիտի ուղարկվեն քվեարկության օրվանից 10 օր առաջ։ Ինչպես «Ռադիոլուրին» տեղեկացրեց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը, որևէ տեղեկատվական կամ կամ քարոզչական նյութ սահմանված ժամկետում չի ուղարկվել քրեակատարողական հիմնարկներ, քանի որ ՔԿՀ-ների պետերը նման հարցով չեն դիմել հանձնաժողովներին։

Back to top button