ԿարևորՄիջազգային

Զելենսկին կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին․ Մակրոն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 15-17-ը Ֆրանսիայում կմասնակցի G7-ի (Մեծ յոթնյակ) գագաթնաժողովին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, Մակրոնն ընդգծել է, որ Զելենսկու մասնակցությունն անհրաժեշտ է Ուկրաինային աջակցելու հարցում «կոնսենսուսի վերականգնման» համար։ Սա հատկապես կարևորվում է եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև առկա տարաձայնությունների ֆոնին։

«Սա մեզ համար չափազանց կարևոր է: Մենք պետք է G7-ի շրջանակներում վերականգնենք միասնական դիրքորոշումը Ուկրաինային աջակցելու և պատերազմի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ հնարավոր բանակցությունների անհրաժեշտության վերաբերյալ», — նշել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը հանդիպմանը կմիանա երեքշաբթի առավոտյան։

Գագաթնաժողովը տեղի կունենա Ժնևի լճի ափին գտնվող ալպիական Էվիան-լե-Բեն հանգստավայրում։ Հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջնորդները։

Նախորդ շաբաթ Politico պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, արդեն հայտնել էր Ուկրաինայի առաջնորդի հնարավոր մասնակցության մասին, սակայն Ելիսեյան պալատը պաշտոնապես հաստատել է այդ լուրն այսօր։

Կարդացեք նաև

Back to top button