
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ իշխանությունը քննարկում է նոր Սահմանադրության տեքստի հրապարակման ժամկետները և այն կարող է ներկայացվել հանրությանը առաջիկա շաբաթներին։
Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ վարչության նիստում քննարկվել է Սահմանադրության թեման, Գալյանը նշել է, որ քննարկվել է նոր տեքստի հրապարակման հարցը։
«Սպասում ենք մեր գործընկերների կողմից ներկայացվելիք կարծիքներին։ Մոտ մեկ-երկու շաբաթ կպահանջվի դրանք հավաքելու և ամբողջացնելու համար, այնուհետև ևս մեկ-երկու քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրա՞ստ ենք հրապարակել տեքստը, թե՞ ոչ»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Սահմանադրության նախագիծը մինչ այժմ չի հրապարակվել, քանի որ դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ, իսկ որոշումը չի կայացվում միանձնյա։
«Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք»,- նշել է Գալյանը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ գործող իշխանությունը 61 մանդատով չի կարող ինքնուրույն իրականացնել սահմանադրական փոփոխություններ, նախարարը նշել է, որ իրավիճակն այդ առումով չի փոխվել։
«Այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն։ Սակայն հեղափոխությունից հետո Սահմանադրությունը փոխելու հանձնառությունը եղել է մեր քաղաքական օրակարգում, և մենք պատրաստ ենք այն իրականացնել։ Նոր Սահմանադրության տեքստի հրապարակումն ու հանրային քննարկումը այդ հանձնառության մի մասն են»,- ասել է նա։
Գալյանի խոսքով՝ հետագա քայլերը կախված կլինեն հանրային պահանջարկից և քաղաքական ուժերի դիրքորոշումներից։




