ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ովքե՞ր են Ամերիկայի հիմնադիր հայրերն ու մայրերը․ Սպիտակ տան ցուցադրությունը Կապանում

Սպիտակ տան կազմակերպած «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը և հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները կապանցիներին ներկայացնելու համար այս շաբաթ Սյունիքում է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Դիվանագետն առաջին անգամ է Սյունիքում։ Նա լրագրողներին ասել է, որ տպավորված է բնությունով, Տաթևի վանական համալիրով, սյունեցիների հյուրասիրությամբ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին դիվանագետ Բենջամին Ֆրանկլին, առաջին պետքարտուղար, Միացյալ նահանգների անկախության հռչակագրի հեղինակ Թոմաս Ջեֆերսոն և ամերիկյան անկախության մյուս հիմնադիրների կյանքն ու գործունեությունը կապանցի երիտասարդներին ներկայացնում է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ ԱՄՆ անկախության 250 ամյակին նվիրված «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում ներկայացվում է Սպիտակ տան կազմակերպած «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը։ Ամերիկյան անկախությունը կերտած ու հռչակագիրը ստորագրած 56 հայր-գործիչներին ու այդ երկրի պատմական կարևոր իրադարձությունները ներկայացվում են արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութով։ Կան նաև ամերիկյան հեղափոխությունը ներկայացնող ցուցանմուշներ։ «Չմոռանանք նաև այսպես կոչված հիմնադիր մայրերին, 6 ազդեցիկ հեղափոխական կին գործիչներ ևս ներկայացված են»՝ լրագրողներին ասում է Դեյվիդ Ալենը։

«Բեթսի Ռոս, որին վերագրվում է ԱՄՆ առաջին պաշտոնական դրոշը պատրաստելը։ Նա նաև առաջնոդել է հեղափոխությունը։ Էբիգեյլ Ադամսը կարևոր դեր է ունեցել Ամերիկայի հիմնադրման գործում, Դոլի Մեդիսոնը, որ արվեստի հսկայական գործեր է պահպանել ու փրկել։ Չնայած ես հիմա երեք անուն նշեցի, բայց շատ կանայք են եղել ամերիկյան հեղափոխության անկունքներում»։

«Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը արդեն ներկայացվել է Գյումրիում, Վանաձորում, Չարենացավանում գործող «Ամերիկյան անկյուններում»։ Մեկ ամիս ցուցադրությունը կմնա Կապանում, իսկ հուլիսին կտեղափոխվի Երևանի «Ամերիկյան անկյուն»։ Իսկ արդյո՞ք հայ երիտասարդները ճանաչում են ամերիկացի հեղափոխականներին․

«Այո, հայ երիտասարդները ծանոթ են Ամերիկայի շատ հայր-հիմնադիրներին։ Ասեմ, որ նույնիսկ ամերիկացիներից ոչ բոլորն են ծանոթ հայր-հիմնադիրներին, քանի որ նրանք շատ են։ Իսկ հայերը բոլոր հայտնիներին ծանոթ են, օրինակ Ջորջ Վաշինգթոնին, Բենջամին Ֆրանկլինին և էլի մի քանի հոգու»։

Իսկ ինքը՝ Դեյվիդ Ալենը ծանո՞թ է Հայաստանի պատմությանը․

«Իհարկե, ծանոթ եմ Հայաստանի պատմությանը, ոչ այն աստիճանի, ինչքան դուք՝ հայերդ։ Հատկապես շատ լավ տեղեկացված եմ Հայասատնի անկախացման ճանապարհից, երբ Հայաստանը անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից»։

 Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը կապանցի երիտասարդների հետ հանդիպմանը շատ հարցերի  անդրադարձավ, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ին։

Լսենք Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտ Ալյոնա Մարգարյանին․

«Խոսեցինք նաև ԹՐԻՓՓ–ի մասին, որովհետև կարծում եմ ԹՐԻՓ-ը քաղաքական ու տնտեսական կարևոր նշանակություն ունի Սյունիքի ու Հայաստանի համար։ Դեսպանը ներկայացրեց ԹՐԻՓ-ի գաղափարը, ինչ օգուտ կտա մեզ, նաև խոսեց ռիսկերի մասին»։

Մեկ այլ դպրոցի  աշակերտ՝ Իրինա Մուրադյանը «Ռադիոլուրին» պատմում է հանդիպումից իր տպավորությունների մասին․

«Հետաքրքիր, զվարճալի հանդիպում էր։ Բարեհամբույր մարդ է։ Սկզբից լարվում էինք, բայց հետո շատ հարթ անցավ։ Լիքը բաներ սովորեցինք, անդրադարձանք ԱՄՆ-ի ու Հայաստանի մշակույթների տարբերություններին»։

Դեյվիդ Ալենը կայցելի նաև Մեղրիի սահմանային հատված։ Ամերիկացի դիվանագետը Գորիսում այցելելու է նաև «ՔոնթուրԳլոբալ» ընկերության գրասենյակ, որտեղ կքննարկվեն էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցերն ու հնարավոր նոր ծրագրերը Հայաստանում։ Ի դեպ՝ այս ընկերությանն է պատկանում «Որոտանի կասկադ ՀԷԿ–ը։ ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է․ «Այս այցն ընդգծում է հայ-ամերիկյան աճող գործընկերությունը և մեր շարունակական համատեղ աշխատանքը՝ ընդլայնելու տնտեսական հնարավորությունները, ամրապնդելու էներգետիկ համագործակցությունը, աջակցելու կրթությանն ու մշակութային ժառանգության պահպանմանը և կառուցելու ավելի բարեկեցիկ ապագա մեր երկրների համար»։

Դեյվիդ Ալենը առաջին անգամ է Սյունիքում։ Նա ասում է, որ տպավորված է բնությունով, Տաթևի վանական համալիրով, սյունեցիների հյուրասիրությամբ։ «Դեռ կհասցնեմ շատ բան տեսնել»՝ ասում է դիվանագետը։

Կարդացեք նաև

Back to top button