Խաղաղության հետազոտությունների նորվեգական ինստիտուտը աշխարհում զինված բախումների վերաբերյալ ամենամյա զեկույցում փաստել է, որ 2025 թվականին պետական մակարդակի հակամարտությունների թիվը ամենաբարձրն է 1946 թվականից հետո։
Զոհերի ընդհանուր թվով անցած տարին զիջում է միայն 1994 թվականին, երբ Ռուանդայում ցեղասպանությունն էր իր գագաթնակետին էր, եւ 2021 թվականին՝ Եթովպիայի քաղաքացիական պատերազմի ամենաթեժ փուլում։ Ուկրաինայի պատերազմը շարունակում է մնալ ամենամահաբեր հակամարտությունը։
«Հակամարտությունների միտումներ» զեկույցում թվարկվում է 65 բախում, որոնցում ներգրավված է առնվազն մեկ պետություն։ Դրանցից ութը միջպետական հակամարտություններ են Ռուսաստանի ներխուժումից Ուկրաինա ներխուժումից բացի հետազոտողները թվարկում են նաեւ սահմանային բախումները Հնդկաստանի եւ Պակիստանի, Պակիստանի եւ Աֆղանստանի, Կամբոջայի եւ Թաիլանդի միջեւ, ինչպես նաեւ Իսրայելի օդային հարվածները Սիրիայի տարածքին։
Իրանի շուրջ ընթացող ներկայիս ռազմական հակամարտությունը չի ներառվել 2025 թվականի զեկույցում, բայց հիշատակվում է Իսրայելի կողմից Լիբանանի ռմբակոծությունները։
«Ցավոք, դրականը շատ քիչ է։ Սովորաբար ինձ հաջողվում է տվյալներից գոնե ինչ-որ դրական բան գտնել, բայց այս տարի թվերը պարզապես ցնցող են»,- զեկույցի հեղինակներից Սիրի Աաս Ռուստադի խոսքերն է մեջբերում AFP գործակալությունը։
Ըստ զեկույցի՝ ռազմական կամ քաղաքական բռնության հետ անմիջականորեն կապված մահերի թիվը 245 հազար է։ Սրանց մեջ մեծ տեղ են գրավում զինվորական կորուստները, սակայն ընդհանուր թվի ավելի քան 25 տոկոսը՝ 76,5 հազարը, խաղաղ բնակիչներ են։
Քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները 2024 թվականի համեմատ հինգ անգամ աճել է։
Հետազոտողները այս մռայլ վիճակագրության կտրուկ աճը բացատրում են Սուդանում բանակի եւ ապստամբների միջեւ բախումներով։ Այս երկրում Էլ-Ֆաշեր քաղաքի պաշարման, սպանությունների եւ հյուծվածության հետեւանքով մահացել է մոտ 60 հազար մարդ։
«Վերջին հինգ-վեց տարիներին միաժամանակ ընթանում են մի քանի խոշոր հակամարտություններ, կամ երբ մեկը ավարտվում է, անմիջապես սկսվում է մյուսը։ Աշխարհին շունչ քաշելու հնարավորություն չեն տալիս։ Այս իրավիճակը տարբերվում է նախորդ տարիներից․ ամբողջ աշխարհում հակամարտությունների ինտենսիվությունը բարձր է եւ մշտական»,- ասել է Ռուստադը։
Նորվեգական ինստիտուտը հաշվել է, որ Աֆրիկայում այժմ առնվազն մեկ պետության մասնակցությամբ 29 հակամարտություն է ընթանում, դրան հաջորդում են Ասիան եւ Մերձավոր Արեւելքը։ Եվրոպայում նման հակամարտությունը մեկն է՝ ռուս-ուկրաինականը, սակայն այն այնպիսի մասշտաբներ ունի, ինչպիսին մայրցամաքը չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Զեկույցի հեղինակները աշխարհում ընթացող 13 հակամարտություններ բնորոշում են «պատերազմ» բառով։
Ռուստադը շեշտում է, որ ամենաագրեսիվ պետություններից մեկը՝ Իսրայելը, ներգրավված է հինգ տարբեր հակամարտություններում՝ Գազայի հատվածում, Սիրիայում, Լիբանանում, Իրանի դեմ եւ Եմենի հութիների դեմ։
Ասիայում նման «առաջատար» դիրք զբաղեցնում է Մյանման։
Միանգամից չորս հակամարտության մեջ ներգրավված են Սիրիան, Պակիստանը եւ Հնդկաստանը։
Զեկույցը հիշատակել է նաեւ ԱՄՆ-ը՝ նշելով, որ Դոնալդ Թրամփի վերադարձը նախագահի պաշտոն «բերել է ոչ միայն հարձակումների եւ բռնության մակարդակի աճ, այլեւ առեւտրային արգելքների ստեղծում»։
«Համագործակցության մասին առայժմ կարելի է մոռանալ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռեւս չի գործում արդյունավետ, եւ աշխարհը դառնում է ավելի ու ավելի բեւեռացված»,- շեշտել է Ռուստադը։




