
Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 24-ին Փարիզում` ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանում Հայաստանն առաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ՝ ստանալով քվեարկողների ամենաշատ ձայները։ Նույն կոմիտեի կազմում ընդգրկվել է նաև Ադրբեջանը։ Վերլուծաբանները նկատում են, որ հակառակ այդ երկրի հակամշակութային քաղաքականությանը և Արցախում վանդալիզմի բազմաթիվ դեպքերին, ադրբեջանական լոբբին լավ է աշխատել։
Ամենաբարձր՝ հնարավոր 161-ից 105 ձայնով Հայաստանն առաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։ Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ փաստը վկայում է մշակութային ժառանգության պահպանման ոլորտում Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության բարձր վստահության մասին։ «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, մշակութային հետազոտող Էմմա Չոբանյանի խոսքով՝ կոմիտեի գործիքակազմը Հայաստանին թույլ կտա առաջ մղել նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանման օրակարգը։
«Լինելով կոմիտեի անդամ երկիր՝ կարող է ունենալ ավելի մեծ գործիքակազմ, նաև որոշակի լծակներ, որպեսզի առաջ մղվի նաև Արցախի մշակութային հայկական ժառանգության պահպանման հարցը, որը, իհարկե, հիմա վտանգված է և թերևս կշարունակի այդպես էլ մնալ, որովհետև Ադրբեջանի կողմից այս առումով դրական քայլեր չենք տեսնում»։
Ադրբեջանը, որ հատկապես վերջին տարիներին ակտիվ քարոզչություն էր տանում միջազգային կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ, ևս դարձել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ՝ 161-ից 92 ձայն ստանալով։ Սա, վերլուծաբանի խոսքով, նշանակում է, որ ադրբեջանական քարոզչությունն այնուամենայնիվ աշխատել է։
«Տասնամյակների ընթացքում Ադրբեջանը միջազգային տարբեր կառույցների հետ միշտ էլ փորձել է իր լոբբինգն իրականացնել, շատ դեպքերում գուցե մենք ենք թերացել, միգուցե իրենք են լավ աշխատել։ Իրենք միշտ էլ բավական հաջող են աշխատում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին ղեկավարության հետ էլ, գիտենք, որ բավական սերտ կապեր ունեին։ Չեմ կարծում, որ պետք է զարմանանք այս փաստից»։
Ոչ թե զարմանալի, այլ խնդրահարույց է այն, որ 92 երկրի ներկայացուցիչ կողմ է քվեարկել Արցախում մշակութային ու կրոնական տասնյակ հուշարձաններ հողին հավասարեցրած երկրի՝ Համաշխարհային ժառանգության կոմիտեի կազմում ընդգրկվելու հարցին։
«Տարբեր երկրներ, այնուամենայնիվ, քվեարկել են Ադրբեջանի օգտին, չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղում մինչև օրս մենք ամեն օր տեսնում ենք տեսանյութեր, լուսանկարներ, վանդալիզմի դեպքեր։ Երբ տարբեր ադրբեջանցիներ, որոնք լինում են Արցախում ու այնտեղից տեսանյութեր, լուսանկարներ են հրապարակում, հիմնականում նաև այդ միջոցով ենք կարողանում ծանոթանալ իրավիճակին, թե ինչպես են հայկական հետքերը ոչնչացնում, քանդում։ Շատ դեպքերում Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ այս քաղաքականությունը չի էլ դադարելու»։

Ադրբեջանի հետ նույն կոմիտեում աշխատանքը Հայաստանի ներկայացուցիչներին հնարավորություն կտա ավելի լավ ուսումնասիրելու և հասկանալու այդ երկրի մշակութային քաղաքականությունը, հետևաբար՝ ավելի արդյուանավետ կդառնա հակազդելու գործիքակազմը՝ մանրամասնում է Էմմա Չոբանյանը․
«Ներսից ավելի ճիշտ կիմանան, թե ոնց կարելի է Ադրբեջանի քարոզչության դեմ պայքարել»։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերլուծաբանի կարծիքով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն գուցե ավելի մեծ ուշադրություն դարձնի հատուկ պահպանվող տարածքների, մշակութային կոթողների բարեկարգմանը և հանրահռչակմանը։ Սա իրագործելը, սակայն, կախված է ոչ միայն Հայաստանի ներկայացուցիչների ջանքերից, այլև ՄԱԿ-ի աշխատանքից՝ ընդգծում է վերլուծաբանը։
«Մենք գիտենք, որ ՄԱԿ-ը կառուցվածքային խնդիրներ ունի, նաև իր տարբեր կառույցների գործարկման, ազդեցության որոշակի խնդիրներ, բայց ամեն դեպքում ՄԱԿ-ից բացի այլ համաշխարհային կառույց չունենք, որը կկարողանա այս հարցերով զբաղվել»։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2021-ին Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, 2024-ի հոկտեմբերին Երևանում կայացել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողով՝ նվիրված հակամարտության գոտիներում մշակութային արժեքների պաշտպանությանը։ 2018թ. հոկտեմբերի 11-ից 12-ը Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Հայաստան է այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։ Հայաստանն անդամակցում է կազմակերպության բազմաթիվ միջազգային պայմանագրերի։
Առաջիկա օրերին՝ նոյեմբերի 27-28-ը, Երևանում կանցկացվի «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովը` նվիրված ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին: Համաժողովին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն ավելի քան մեկ տասնյակ երկրների պատվիրակություններ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՅՈւՆԵՍԿՕ-ից և այլ միջազգային կազմակերպություններից:




