Վանեսա Սարգսյանը ծնվել է 2000 թվականին Հադրութում։ Մասնագիտությամբ հոգեբան է, ավարտել է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետը։ 2020-ին ուսանող էր, երբ սկսվեց քովիդի համաճարակը։ Դասերին առցանց մասնակցելու նպատակով օգոստոսին մեկնեց հայրենի Հադրութ։ Սեպտեմբերի սկզբին սկսվեցին դասերը, իսկ 27-ին՝ պատերազմը։
Մայրիկի հետ Արցախից դուրս են եկել հոկտեմբերի չորսին, բայց այն, ինչ ապրել է պատերազմի մի քանի օրերին, անմոռանալի է։ Հեշտ չէր նաև Հայաստան տեղափոխվելուց հետո, որովհետև մասնագիտությամբ բժիշկ հայրն ու եղբայրը առաջնագծում էին։ Հադրութում տունը կորցրած Վանեսան 2021-ի մայիսին Արցախ մեկնեց վերջին անգամ։
Մագիստրոսական կրթությունը շարունակելու նպատակով 2022-ի դեկտեմբերին դարձյալ Երևանում էր, երբ սկսվեց Արցախի շրջափակումը։ Ընտանիքի անդամներից Արցախում միայն հայրն էր։ 2023-ի բռնի տեղահանության արդյունքում սեպտեմբերին նա էլ լքեց Արցախը։ Մինչ Արցախի ամբողջական հայաթափումը Վանեսան հոգեբանական ուսումնասիրություն էր իրականցրել Հադրութից, Շուշիից, թշնամու վերահսկողության տակ անցած մյուս բնակավայրերից տեղահանված արցախցիների շրջանում՝ չգիտակցելով, որ մի օր ստիպված է լինելու անդրադառնալ հայրենիքը կորցրած բոլոր արցախցիների հոգեբանական խնդիրներին։ «Այդ ժամանակ չգիտեի, որ ամենասարսափելին դեռ առջևում է»,-ասում է Վանեսան։
Երբ տեսախցիկն անջատված էր, մի դրվագ պատմեց․ «Մանկության ոչ մի լուսանկար Արցախից չենք կարողացել բերել։ Հաճախ նույն երազն եմ տեսնում․ Հադրութի մեր տանն եմ, ու բարձրանում դարակից լուսանկարներ եմ վերցնում»։




