ԿարևորՄշակույթ

Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկրում» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով բացվել է Լոկառնոյի կինոփառատոնը

Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկրում» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով է բացվել Լոկառնոյի 2025 թվականի կինոփառատոնը, տեղեկացնում է Հայկական կինոընկերությունը։

Սա հայկական կինոյի համար կարևորագույն իրադարձություն է՝ Հայաստանը ներկայացնելով աշխարհի ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոներից մեկում։

«Արտոյի երկրում» ֆիլմը պատմում է Սելինի մասին, որը ժամանում է Հայաստան իր ամուսնու՝ Արտոյի մահը գրանցելու նպատակով, բայց պարզում է, որ նա ստել է իր ինքնության մասին։

Ֆիլմում նկարահանվել են Կամիլ Քոթթենը, Զար Ամիր Էբրահիմին, Շանթ Հովհաննիսյանը, Հովնաթան Ավեդիկյանը, Ալեքսանդր Խաչատրյանը և Բաբկեն Չոբանյանը։

«Կներեք, որ չեմ կարող ձեր կողքին լինել, Թամարա, բայց ուզում էի կրկին շնորհակալություն հայտնել ձեզ այս անհավանական թե՛ գեղարվեստական, թե՛ աշխարհագրական ճանապարհորդությանը հրավիրելու համար։ Անմոռանալի փորձառություն էր ճանապարհորդել Հայաստանով՝ մի երկրով, որը չէի ճանաչել։ Գիտեմ, թե որքան հուզիչ պետք է լինի ձեզ համար այնտեղ կանգնած լինելը, քանի որ դուք այս ֆիլմի վրա աշխատել եք երկար տարիներ։ Թե՛ քաղաքական, թե՛ անձնական առումով այս ֆիլմը շատ բան է նշանակում ձեզ համար»,- սրտառուչ տեսաուղերձ է հղել Կամիլ Քոթթենը։

Շվեյցարիայի Լոկառնո քաղաքում նախօրեին բացված փառատոնը կտեւի մինչեւ 2025 թվականի օգոստոսի 16-ը։

«Արտոյի երկրում» ֆիլմը Ֆրանսիայում կցուցադրվի 2026 թվականի հունվարի 7-ից։

Կարդացեք նաև

Back to top button