ԿարևորՀասարակություն

Դիլիջանի 2 բնակիչ միջազգային հյուրընկալության դպրոցում սովորելու կրթաթոշակ կստանա

Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցում սովորելու համար Դիլիջանի 2 բնակիչներ կստանան կրթաթոշակ։ Նրանք առաջին ուսումնառության տարին կանցկացնեն Դիլիջանում, երկրորդը` Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում: 

Այս կրթաթոշակները նախատեսված են այն երիտասարդների համար, որոնք բնակվում են Դիլիջանում կամ հարակից համայնքներում, հետաքրքրված են խոհարարության և հյուրընկալության ոլորտներով, սակայն չունեն ֆինանսական հնարավորություններ համապատասխան կրթություն ստանալու համար։ Յուրաքանչյուր կրթաթոշակ ամբողջությամբ կփակի երկամյա կրթական ծրագրի ծախսերը՝ առաջին տարին Դիլիջանում՝ Apicius Armenia-ում (արժեքը՝ €3,500), իսկ երկրորդ տարին՝ Ֆլորենցիայում՝ Apicius International-ում (արժեքը՝ €10,000):

Կրթաթոշակների հայտադիմումները բաց են մինչև հուլիսի վերջ այն անձանց համար, ովքեր կարող են ներկայացնել Դիլիջանում կամ հարակից բնակավայրերում մշտական բնակության փաստաթուղթ, միջնակարգ կրթության ատեստատ կամ համարժեք վկայական, ֆինանսական անհրաժեշտության հիմնավորում, ինչպես նաև մոտիվացիոն նամակ կամ տեսանյութ՝ խոհարարության և հյուրընկալության ոլորտներում կրթությունը շարունակելու մասին։

Մոտիվացիոն նամակում կամ կարճ տեսանյութում դիմորդը պետք է ներկայացնի իր տեսլականը։ Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, որոնք կարտահայտեն ցանկություն՝ ապագայում իրենց գիտելիքները Դիլիջանի համայնքում կիրառելու համար։

«Ֆինանսական միջոցները չպետք է խոչընդոտ հանդիսանան մասնագիտական կրթություն ստանալու ճանապարհին»,- ասել է նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան։

Հայտերի ընդունման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։ Ընտրված ուսանողները կսկսեն իրենց ուսումնառությունը Դիլիջանում այս աշնանը, իսկ հաջորդ ուսումնական տարում կշարունակեն իրենց կրթությունը Ֆլորենցիայում։

Դիլիջանում շուտով դռները կբացի Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը, որը մասնագիտացած է հյուրընկալության կառավարման, սննդի, գինու ոլորտներում։ Վերջինս Իտալիայի համանուն կրթական հաստատության հայաստանյան ներկայացուցչությունն է։

Կարդացեք նաև

Back to top button