ԿարևորՄշակույթ

 «Բարի մարդիկ» ֆիլմը մեծ էկրաններին

Էկրան է բարձրացել ռեժիսոր Զոհրաբ Բեկ-Գասպարենցի «Բարի մարդիկ» ֆիլմը, որը նկարահանվել է Սարոյանի համանուն պիեսի հիման վրա։ Գործողությունները ծավալվում են ամերիկյան փոքրիկ գյուղում և պատմում մարդկային արժեքների, ջերմության ու փոքր, բայց կարևոր արարքների մասին, որոնք դեռ փրկում են աշխարհը։

«Թող Մոլիերն ու Շեքսպիրը սպասեն․ ես անդրադառնալու եմ մեծ և ողնաշարով հային, ու ֆիլմ եմ նկարելու հենց նրա գրվածքներով»,-ասում է ռեժիսոր Զոհաբ Բեկ-Գասպարենցը։ Իսկ Մեծ հայը Վիլյամ Սարոյանն է։

Զոհրաբ Բեկ-Գասպարենցի «Բարի մարդիկ» ֆիլմը նկարահանվել է Սարոյանի համանուն պիեսի հիման վրա։ Գործողությունները ծավալվում են ամերիկյան փոքրիկ գյուղում, որտեղ ընկերներն ապրում են անցյալի պարզ կանոններով՝ շարունակելով հավատալ մարդկային ջերմությանը, անկեղծ ժպիտներին ու սիրո ուժին։

Սարոյան նկարահանելը բավական դժվար է, պետք է կարողանալ փոխանցել հանդիսատեսին  նրա պարզությունը և այդ պարզության խորությունը։ Ֆիլմի հերոսներին հաջողվել է մարդկանց սարոյանական աշխարհ  տեղափոխել՝ ասում է ռեժիսորը։

«Լոս Անջելեսում՝ բազմոցին նստած՝ հեռուստացույցի առաջ, ինքս ինձ հետ կռիվ էի տալիս։ Ասում էի՝ հերիք է՝ նկարես ֆիլմեր սպանելու, դավաճանելու, հարևանի կնոջը սիրելու մասին։ Հետո հասկացա, որ իզուր եմ ինքս ինձ հետ կռիվ անում, ասեցի՝ վե՛ր կաց, դո՛ւրս արի և նկարի՛ բոլորովին ուրիշ բան։ Այդ ժամանակ հիշեցի վարպետիս՝ Սոս Սարգսյանի խոսքերը․ պետք է բարություն անել և բարու մասին խոսել ու բեմադրել»։

Տարիներ առաջ Սոս Սարգսյանը բեմադրել էր Սարոյանի «Բարի մարդիկ» պիեսը։ Այն այսօր արդեն նաև ֆիլմ է՝ միանգամայն այլ ձեռագրով, բայց նույն ասելիքով։

«Փորձեցի սցենար սարքել, սցենար սարքելուց հետո հասկացա, որ դառնալու է առակ, որի մեջ կա թե՛ կոմեդիա, թե՛ դրամա և թե՛ Սարոյանի մեծ ասելիքը։ Բոլորս մի ընտանիք դարձանք ու ստեղծեցինք այս ֆիլմը։ Ես շատ կուզեմ այս  չար, դավաճան ու պատերազմների աշխարհներում այս էկրանից դեպի հանդիսատես գա սեր, լույս և բարություն»։

Ռեժիսոր Արամ Սուքիասյանը տեսել է համանուն ներկայացումը՝ Սոս Սարգսյանի բեմադրությամբ, որտեղ խաղում էին Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը, Շահում Ղազարյանը, Մայիս Կարագոզյան և այլք։

«Պահպանված էր սարոյանական ոգին և բոլորովին մոտ չէր ներկայացման տարբերակին։ Հեղինակ ռեժիսորը բերել էր իր մոտեցումը, իր կինոմտածողությունը, որը բավական բարդ է թատերական այսօրինակ միջավայր ունեցող ստեղծագործական նյութի համար»,-ասում է Արամ Սուքիասյանը։

Ֆիլմում կան անգլերեն երկխոսություններ, որոնք չեն թարգմանվել։

«Դա Սարոյանն է ու բոլորիս տեղափոխում է  Սարոյանի հրաշք աշխարհ»։

«Բարի մարդիկ» ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Խաչատրյանը, Նարե Հայկազյանը, Յուրա Իգիթխանյանը, Զարեհ Գասպարյանը և այլք։ Այն արդեն մեծ էկրաններին է։

Կարդացեք նաև

Back to top button