
Ակներ և Վերիշեն բնակավայրերի համար կկառուցվի 10 հազ. խորանարդ մետր տարողությամբ ջրամբար։ Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրեր կազմակերպության ներկայացուցիչներն այսօր եղել են տարածքում, որտեղ կառուցվելու է ջրամբարը։
Նախագծման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Նշվում է, որ ռազմավարական այս նախաձեռնությունը հատկապես կարևորվում է ջրային պաշարների արդյունավետ բաշխման տեսանկյունից: Կառուցվող ջրամբարի ջրային պաշարների 70%-ն ուղղվելու է Ակների դաշտերի ոռոգման, մասնավորապես գետի ձախակողմյան հատվածի՝ մինչ այժմ ջրազուրկ տարածքներում գյուղատնտեսության զարգացման համար:
Մնացած 30%-ը հնարավորություն կստեղծի բավարարել Վերիշենի համայնքի ջրամատակարարման և ոռոգման կարիքները։ Ջրամբարի կառուցման և ջրագծերի վերակառուցման արդյունքում զգալիորեն կբարելավվեն երկու բնակավայրերի բնակիչների կենսապայմանները և գյուղատնտեսական հողերի արդյունավետությունը:
Համայնքը չի սահմանափակվելու գործընկերների հետ միայն ջրամբարի կառուցմամբ: Առաջիկայում նախատեսվում է նաև վերակառուցել Ակների և Վերիշենի ջրագծերը։ Արդեն իսկ Վերիշենի ջրագծի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ՄԱԿ-ի Պարենի ծրագրի աջակցությամբ: Ակների ջրագծի վերակառուցման աշխատանքները նույնպես շուտով կսկսվեն:




