ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 357-ի․ ինչ են նրանք պատմում

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նոր զեկույցն Ադրբեջանում խոսքի ազատության վիճակի մասին է։ Զեկույցում անդրադարձ կա քաղբանտարկյալների օրերս թարմացված ցուցակին, որտեղ լրագրողների, ակտիվիստների, քաղաքական գործիչների ցանկին ավելացել են կրոնական այլախոհների անուններ։ Նախկին հետաքննող լրագրող Էլնարա Գասիմովան Բաքվի քննչական մեկուսարանից պատմել է կալանավորվածների խախտվող իրավունքների և բանտային կանոնների մասին։

Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունն օրերս հրապարակել է մի ցուցակ, ըստ որի այդ երկրում 357 քաղբանտարկյալ կա։ Ցուցակում ընդգրկված անձինք դասակարգվել են 12 խմբերում՝ լրագրողներ և բլոգերներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր գործիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ և այլն։ «Գեղարդ» գիտավերլուծալան հիմնադրամի վերլուծաբան, կովկասագետ Ստելլա Վարդանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ ցուցակի վերջին համալրումը փետրվարի 21-ին է եղել, ձերբակալվել է ևս մեկ լրագրող։

«Ցուցակը շատ հետաքրքիր էր ներկայացված, 12 խմբերի էր բաժանված` լրագրողներ և բլոգերներ, որոնց թիվը հասնում էր 27- ի։ Ես նշեցի, որ ևս մեկ լրագրողի են ձերբակալել, այսինքն՝ թիվը հասել է 28-ի, իրավապաշտպանների թիվը 4 է, ընդդիմադիր գործիչներինը և քաղհասարակության անդամներինը՝ 32։ Հետաքրքիր և մեծ թիվ է կազմում կրոնական ուղղության ներկայացուցիչների թիվը` 235 մարդ»։

Կովկասագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների և քաղհասարակության դեմ ճնշումներն ուժեղացել են 2022-ին՝ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից ԶԼՄ-ներին առնչվող օրենսդրական փոփոխություններից հետո։ Դրանցով խիստ վերահսկողություն է սահմանվել ոչ միայն անկախ լրատվամիջոցների, այլև բլոգերների, յութուբյան ալիքների նկատմամբ։ Ադրբեջանում ստեղծվել է նաև այսպես կոչված զանգվածային լրատվամիջոցների ընդհանուր գրանցամատյան, որտեղ զետեղվում են բոլոր լրատվամիջոցների հիմնադիրների, խմբագիրների և լրագրողների անձնական տվյալները։ Ադրբեջանի կառավարությունն առանձին կարգավորմամբ նաև սահմանել է, որ լրատվամիջոցներ չեն կարող հիմնել այդ երկրում չբնակվող, Ադրբեջանի քաղաքացիություն չունեցող կամ նախկինում դատապարված անձինք։ Ստելլա Վարդանյանն ուշադրություն է հրավիրում թվարկվածներից վերջինի վրա։

«Այս վերջին ասածից բխում է հետևյալը, որ «27 +1» լրագրողները և բլոգերները, ովքեր ձերբակալված են և ազատ խոսքի ներկայացուցիչներն էին համարվում Ադրբեջանում, ըստ այս օրենքի՝ չեն կարող որևէ անկախ հեռուստաալիք հիմնել և անկախ լրատվական գործունեություն ծավալել»։

Ամիսներ առաջ Բաքվում կայացած COP29-կլիմայական համաժողովից առաջ «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» դատապարտեց Ադրբեջանում 11 լրագրողների նախնական  ազատազրկման ժամկետների երկարաձգման որոշումը։ Կոմիտեի նյույորքյան գրասենյակը հայտարարեց՝ այդպիսով Բաքուն լռեցնում է երկրի ամենահամարձակ լրագրողներին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր․

«Ադրբեջանում քննադատական հայացքներ ունեցող լրատվամիջոցների 11 լրագրողների պարբերաբար կալանավորումները ցույց են տալիս, որ երկրի ամենահամարձակ լրագրողները չեն կարողանա խոսել COP29-ի ընթացքում կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների մասին»։ 

Բաքվի բանտերում ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների, կին բանտարկյալների նկատմամբ խտրական ու անմարդկային վերաբերմունքի մասին էլ Բաքվի քննչական մեկուսարանից բաց նամակով պատմել է նախկին հետաքննող լրագրող Էլնարա Գասիմովան։ Այդ նամակում Գասիմովան Ալիևի վարչակարգը համեմատել է մեկուսարանի կառավարման համակարգի հետ․

«Բաքվի «Թիվ 1» նախնական կալանքի կենտրոնի կառավարման համակարգը շատ ասպեկտներով նման է Ադրբեջանի կառավարման համակարգին։ Ինչպես երկրում են ոտնահարվում քաղաքացիների իրավունքները, այնպես էլ խախտվում են  կալանավորված անձանց իրավունքները։ Հաստատությունում ապօրինի զրկանքների են ենթարկվում նաև այն անձինք, որոնց ազատությունը խլել են «օրենքով»։ Այս մեկուսարանում, որն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք ստիպում են մեզ մոռանալ, որ 21-րդ դարում ենք, բացի պայմանների բացակայությունից, գերակշռում են նաև իրավախախտումները»։

Վարդանյանը թվարկում է ադրբեջանական ու միջազգային այն լրատվամիջոցները, որոնց կայանները Ադրբեջանում փակվել են, ղեկավարներն ու աշխատակիցները ձերբակալվել կամ հետապնդվել․

«Ձերբակալված են «Kanal 13»-ի ղեկավարը և աշխատակիցը, «Kanal 11» հեռուստաընկերության ղեկավարը, «Toplum» հեռուստաընկերության աշխատակիցները։ Լրագրողներից մեկին անգամ, որը երկու կայքերի հիմնադիր էր,  դավաճանության մեղադրանք էր առաջադրված։ «BBC news»-ը, որ իր գրասենյակը փակել է Ադրբեջանում, նշում է, որ դա լրատվականի հարկադրված որոշումն էր»։

2016-ից գործող «Toplum TV» առցանց լրատվամիջոցը փակվելուց հետո հայտարարել է, որ գործունեությունը կշարունակի արտերկրում։ 1990-ից գործող «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ լրատվականը փակվում է ֆինանսական դժվարությունների պատճառով։ Կովկասագետի դիտարկմամբ, սակայն, այստեղ ևս «թաքնված» ճնշումներ կան։

«Ճիշտ է, գործակալությունը նշում է, որ պատճառը ֆինանսական սուղ միջոցներն են, սակայն պետք է նշենք, որ հրապարակել էր մի նյութ` կապված Ադրբեջանի նախագահի ինքնաթիռի GPS խնդիրների մասին։ Գործակալությունը գրել էր, որ Ալիևը պետք է գնար Սանկտ Պետերբուրգ և ինքնաթիռը խնդիրներ էր ունեցել ու նորից հետ վերադարձել Բաքու։ Հաջորդ օրը «Թուրան»-ը հերքեց այս նյութի բովանդակության ճշտությունը, բայց սա պատճառ էր, որպեսզի այս այս գործակալությունը փակվեր»։ 

Թեև մի շարք երկրներ և միջազգային իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում՝ «Freedom House»-ը, «Human Rights Watch»-ը շարունակում են կոչ անել Բաքվի իշխանություններին՝ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու ազատ արձակել բանտարկված լրագրողներին ու ակտիվիստներին, Ադրբեջանի նախագահը իր հարցազրույցներում նշում է, որ Բաքուն նման կոչերը համարում է երկրի ներքին գործերին միջամտելու փորձ, իսկ ձերբակալվածները ոչ թե հետապնդվել են իրենց կարծիքի կամ գործունեության համար, այլ օրինախախտներ են և պետք է պատասխան տան դատարանի առջև՝ եզրափակում է «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբանը։

Գլխավոր լուսանկարում՝ Էլնարա Գասիմովան ուժայինների կողմից կալանավորվելու ժամանակ․ 13 հունվարի․ 2024 թ․

Կարդացեք նաև

Back to top button