
«Նույնիսկ եթե փոքրիկ փոփոխության մասին է խոսքը՝ կես ժամ շուտ արթնանալ ու վազքով սկսել օրը, 2-3 անգամ մարդն անում է, 4-րդ անգամ կարող է չանել, որովհետև հին սովորությունը հաղթում է, ու մարդը անդրադառնում է նորից իր հին ապրելակերպին»։
Սկզբում մենք ընտրում ենք՝ ինչ անել, գուցե նաև ներքուստ շոյվում ինքնուրույն որոշում կայացնելու ու սեփական կյանքի տերը լինելու գիտակցումից։ Հետո գալիս է ճակատագրական պահը, երբ համարձակվում ենք թուլանալ ու չվերահսկել մեր սովորությունները։ Այդ պահից դրանք սկսում են վերահսկել մեզ։
«Զրկանքի համախտանիշը շա՜տ իրական է ու շատ ծանր է ընթանում, շա՛տ ծանր, նույնիսկ հոսպիտալիզացիայի հասնող։ Բազմաթիվ պացիենտներ չեն կարողանում հեշտ անցնել այդ փուլը, իրենց երկարատև բուժում է պետք»։
Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօրվա հաղորդումը սովորությունների ու կախվածությունների մասին է։
***
Որոշ տեքստեր գրելիս բառերից առաջ ես գրելու ընթացքում խմելիք գինու գույնն եմ ընտրում։ Ձեզնից շատերն են հավանաբար այս առավոտ աչքերը լիարժեք բացելուց առաջ սուրճի տարան բացել։ Բացառված չի, որ այս հաղորդումը լսելուն զուգահեռ ձեզնից որոշները հիմա սոցցանցերի էջերն են թերթում․ այստեղ վատ բան չկա։
Բայց ինչ կլինի, եթե ես առանց գինու՝ գրել, դուք առանց սուրճի՝ արթնանալ, մեկ ուրիշն առանց հեռախոսի՝ շփվել չկարողանա։ Եթե այս ամենը, որ պարզ արարողակարգ ու հաճելի զբաղմունք են, հանկարծ դառնան անդիմադրելի պահանջ, բացակայության դեպքում՝ նորմալ կյանքն անհնար դարձնող երևույթ։
Մարդն ու իր սովորությունը դինամիկ հարաբերությունների մեջ են և այստեղ մեկ անգամ տեր լինելը դեռ երաշխիք չէ, որ հավերժ դոմինանտ դիրքերում կմնաս։ Այդ դեպքում ինչպե՞ս գտնել այն սահմանը, որտեղ սովորությունը վերածվում է կախվածության, ինչպե՞ս ձևավորել ու պահել՝ օգտակար, ճանաչել ու վերացնել՝ վնասակար սովորությունները, հնարավո՞ր է ձեռք բերել առաջինը՝ առանց զրկանքների և հրաժարվել երկրորդից՝ առանց լուրջ ցնցումների․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Շատ ու շատ սովորություններ մենք ձևավավորում ենք ուղղակի դիտելով, թե ինչպես են վարվում մարդիկ, նույնիսկ նորածինը դիտում է, թե ինչպես են խոսում մեծահասակները, շարժվում, իրեն մոտենում ու սովորում է հենց այդ ձևով արձագանքել արտաքին աշխարհին»։
Հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Բաղդասարյանի հետ զրույցը սկսում ենք վաղ մանկությունից, ուր գրեթե ամեն բանի, այդ թվում՝ մեր վարքագծերի ու սովորությունների հիմքն է։
«Կան շատ հետազոտություններ, երբ ուսումնասիրվել են Մաուգլի երեխաները, որոնք ջունգլիներում կորել են, ու եթե կորել են մինչև 2 -3 տարեկանը, երբ դեռ չի հացրել նորածինը դիտել մարդկանց վարքը, կրկնօրինակել այն, այդ երեխաները հետո այդպես էլ չեն կարողացել սոցիալականացվել, ուղղահայաց քայլել, խոսել, սովորել, դանակ-պատառաքաղից օգտվել»։
Սա վարքագիծ-սովորություն-կախվածություն աստիճանակարգի առաջին կետն է միայն։ Կրկօրինակելով, յուրացնելով, ընտրողաբար թե պատահաբար՝ մենք ձեռք ենք բերում որոշակի գործողությունները ավտոմատացված անելու ունակություն։ Հաջորդ էտապում կառուցվում են մեր կյանքի անհատական արարողակարգերը, ծեսերը՝ սովորությունները։ Սրանք ձևավորվում ու ավտոմատացվում են, որովհետև մենք մի քիչ «նեղմիտ» մարդիկ ենք՝ ասում է հոգեբանը՝ առանց մի գրամ վիրավորական ենթատեքստի։
«Պատճառներից մեկն այն է, որ մեր գիտակցությունը բավականին նեղ է։ Անհնար է միաժամանակ գիտակցության մեջ պահել թե՛ բազմապատկման աղյուսակը, թե՛ մանկության տարիները, թե՛ այն գործողությունները, որ ապագայում են սպասվում․ գիտակցության շրջանակը շատ սահմանափակ է։ Մոտավորապես 7 +/- 2 օբյեկտ կամ երևույթ միաժամանակ կարող է պահել ուշադրության կենտրոնում։ Հետևաբար այն, որ մեր սովորությունները դառնում են ավտոմատ, շատ լավ է, քանի որ հակառակ դեպքում չէինք կարողանա գործել բարդ իրավիճակներում»։
Պարզում՝ նույնպես։ Եթե չավտոմատացվեին արթնանալուց հետո կատարվող մեր ամենօրյա գործողությունները, եթե տանից դուրս գալիս փորձեինք հիշել՝ ինչպես է պտտվում բանալին, ինչպես է օգտագործվում աստիճանը կամ ինչ անել պատի մեջ գտնվող, վերև-ներքև բարձրացող այն տարօրինակ արկղի՝ վերելակի հետ, ամեն օր կսկսեինք նորից ապրել սովորել։ Բայց մարդը պարզ բաների վրա ծախսելու այդքան ժամանակ չունի։ Ուրեմն ձևակերպվում է հստակ խնդիր․ վերելակ կանչելու պես հեշտ ու ավտոմատացված դարձնել այն բոլոր գործողությունները, որոնք կյանքն ավելի լավն են դարձնում, այլ կերպ ասած՝ ձևավորել նոր, օգտակար սովորություններ։

«Շատ հաճախ մարդը գիտակցում է, որ տվյալ սովորությունները իրեն խանգարում է, բայց վատ սովորությունները սովորաբար ունեն երկրորդային շահ․ շատ հաճախ մարդը ծխում է, երբ ինչ-որ թեմա իրեն նյարդայնացնում է և էդ պահին այդ ծխախոտը իրեն թույլ է տալիս մի պահ չմտածել այդ դժվարության կամ նեղության մասին, կամ գիտի, որ երեկոյան եթե քնի, գուցե մղձավանջները իրեն տանջելու են, կամ դրանք միակ ժամերն են, երբ բոլորը քնած են, ու իրենք մնում են մենակ իրենց հետ ու դա է երկրորդական շահը, թեպետ գիտեն, որ առավոտյան շատ գործեր կտուժեն դրանից, այսինքն երբ փորձում ենք վերլուծել սովորությունը ու հաղթահարել, անհրաժեշտ է երկրորդային շահերը հասկանալ։ Հասկանալով մարդը կկարողանա նաև այլ լուծումներ տալ։ Օրինակ՝ նյարդայնանալուց ոչ թե ծխել, այլ հասկանալ, որ ինձ նյարդայնացնում է այս իրավիճակը ու ես այս իրավիճակին լուծում կտամ, ու այդ դեպքում սովորությանը լրիվ ուրիշ տեսնակյունից հնարավոր կլինի նայել։ Իհարկե միայն դա բավարար չի լինի, միևնույն է՝ կամքը անհրաժեշտ է, որովհետև որքան ուզում ես հասկացի երևույթը, վերլուծի երևույթը, եթե ոչինչ չես փոխում, ինքնահոսի կամ ռելսերի վրա դրված դրվագը շարունակում է ընթանալ»։
Հայտնի կանոն է՝ կամքի 21-օրյա լարումը բերում է արդյունքի։ Սակայն հոգեբանը սովորությունների ձևավորման համար նշվող այս ժամկետի հետ այնքան էլ համաձայն չէ։ Նոր վարքագիծը ավելի երկար կյանք պիտի ապրի՝ ինքնաբերաբար կատարվող սովորություն դառնալու համար։ Ասում է՝ պատճառը մեր հին սովորությանը սովոր «ես»-ի բոյկոտն է։
«Առավոտյան դու մեն-մենակ ես մնում քո հին ու նոր սովորության հետ ու ինչ-որ մաս ներսից ասում է՝ դե գնա, արա դա, քեզ նոր կյանք է սպասում, նոր հաջողություններ, բայց մյուս «ես»-ը ասում է՝ դե լավ, պառկի, վաղվանից։ Բնականաբար հին «ես»-ը միշտ դիմադրելու է, ներքին դիմադրության հաղթահարումը շատ կարևոր է նոր սովորություններ ձևավորելու համար, բայց չենք կարող ուղղակի մեր ներքին «հին» ձայնին լռեցնել, ասել՝ դու ձայն մի հանի, ես նորը ձևավորում եմ, որովհետև հինը նախ ավելի ուժեղ է, ավելի փորձառու է, ինքը այդպես ապրել է ու մենք գիտենք, որ այդպես հարմար է, չնայած արդեն խանգարող է, բայց ամեն դեպքում էսպես մենք սովոր ենք ավելի, քան նոր ձևով»։
Եվ ամեն անգամ, երբ որևէ վատ սովորության դեպքում հին «ես»-ն ավելի ձիգ է լինում, մենք մի քայլով էլ ենք մոտենում երրորդ էտապին՝ կախվածությանը։

— Կախվածություն ախտորոշումը դրվում է այն պահից, երբ կա զրկանք, այսինքն՝ նյութի բացակայության դեպքում դուք ձեզ շատ վատ եք զգում, ձեր սկզբնական սովորույթի չափաբաժինը փոխվել է մի քանի անգամ, այսինքն ձեր սովորույթը եղել է մեկ գավաթ գինի, բայց դուք մի քանի տարի անց հասել եք մեկ շիշ գինու, դա արդեն սովորություն չէ։ Եվ առավոտյան դուք արթնանում եք զրկանքով, գլխացավով, դողով, անհանգստությամբ, անաշխատունակությամբ, տրամադրությամբ ցածր լինելով, լարվածությամբ, դյուրագրգիռությամբ։
— Եվ գինին տեսնում, ուրախանում ենք․․․
— Եվ մի փոքր բաժինը կարող է բոլոր գանգատները վերացնել։
Հոգեբույժ-նարկոլոգ Վարդուհի Շաքարյանն ասում է՝ կախվածությունը հիվանդություն է, որի հարուցիչը ամենաբնական բաներից մեկը՝ ցանկությունն է։ Եվ հենց հարուցիչն է ստիպում, որ բուժման մասին մտքերը վերանան։
«Կախվածությունների դեպքում մարդու ցանկությունը առաջնային է, ցանկությունը անզուսպ է։ Չի կարողանում վերահսկել իր ցանկությունները, իր ցանկությունն այնքան մեծ է, որ ոչ մի կամային ճիգեր չեն կարող դրանք ճնշեն։ Եվ պացիենտի քննադատությունը ինչքան էլ պահպանված լինի, դժվարությամբ է գալիս որոշման, ինքը չի քննադատում իր հիվանդագին վիճակը, այդ ժամանակ արդեն ցանկությունն է մենակ պահպանվում, միա՛յն ցանկությունը»։
Կախվածության օբյեկտից չհրաժարվելու ցանկության չափ ուժգին, անդիմադրելի է հրաժարվելու դեպքում հավանական զրկանքներից խուսափելու ցանկությունը։ Վարդուհի Շաքարյանն ասում է՝ կան 19 տեսակի կախվածություններ, ամեն նյութից կախվածությունն օրգանիզմում մի արձագանք է ունենում, դրանից հրաժարումը՝ մեկ այլ։ Այսպես, օրինակ, ծխախոտից կախվածություն ունեցողները գիտակցում են քաղցկեղի ռիսկը, միաժամանակ խուսափում հրաժարման դեպքում ճարպակալման, ատամների վնասման, նյարդային անհավասարակշիռ վիճակի ռիսկերից։ Նարկոլոգի խոսքով՝ հրաժարումն ավելի անցնցում է, եթե կախվածությունը դեռ խորը մակարդակների չի հասել․
— Եթե ինքը գիշերը չի արթնանում ծխելու համար, չի ծխում 3-4 տուփ, ծխում է մի քանի գլանակ, ի՞նչն է իրեն խանգարում թողնել ծխելը։ Ոչ մոտիվացված․ ոչ տրամադրված դիրքորոշումը իր։
— Սա ներքի՞ն լուծելու խնդիր է։
— Այո։ Մի պրակտիկ ձև կա, եթե մարդը սկսի ծխել ըստ ժամացույցի, այսինքն՝ ես ծխեցի՝ ֆիքսեցի ժամը, հաջորդը կծխեմ 40 րոպե անց, ժամը ընտրում եք Դուք, ու օրվա վերջում ձեր հաշված գլանակները կլինեն ավելի քիչ, քան 3 տուփը։ Հեշտությամբ է լինում, եթե մենք զարթուցիչ ենք ունենում ու ժամը մեկ հիշեցնի մեզ, որ այ էս ծխելու ժամն է։
Բայց երբեմն մարդը ծխելու խրոնիկ անհրաժեշտություն է զգում։ Մեկ գլանակը դեռ չհանգած մյուսը վառող մարդը կարո՞ղ է արդյոք ապավինել զարթուցիչին։ Մասնագետն ասում է՝ ոչ․ գործն այդ դեպքում բժշկի դաշտում է։ Ընդ որում հաճախ առաջանում է նաև դեղորայքային բուժման անհրաժեշտություն։ Մեկ հիշեցում ևս՝ մասնագետի հետ հաղթահարումը դեռ չի նշանակում հեշտ հաղթահարում․ զրկանքն անցնցում չի լինելու։
— Բացակայության ժամանակ ի հայտ են գալիս մի շարք գանգատներ՝ դող ցանկություն նյութը օգտագործելու, անհանգստություն, լարվածություն անպայման անքնություն, բերանի չորություն, սրտխփոց, ճնշման բարձրացում, հազար գանգատ կարող ենք ունենալ։
— Գրեթե կարոտի ախտանշաններ եք տալիս, ու շատ չի տարբերությունը՝ դու կարոտում ես գարեջրի՞ն, թե մարդուն։ Այդպես մարդը չկա՝ արթնանում ես գլխացավով, մարդը չկա՝ արթնանում ես տագնապի անկարողության, անգործության, տրամադրության պակասի այսպիսի զգացումներով, բոլոր ախտանշանները համընկնում են, ուրեմն սերը ևս կախվածությու՞ն է։
Այս հարցին այսօր չենք անդրադառնա։ Հարցի պատասխանը փորձել ենք գտնել նախորդիվ՝ «Ե՞ս եմ որոշում՝ ում սիրել» վերտառությամբ էպիզոդում։
Հաջորդիվ, սակայն, կշարունակենք անդրադառնալ նմանօրինակ այլ հարցերի՝ առօրյա կայնքին գիտական ու մասնագիտական հայացքով նայելու ակնկալիքով։




