
Հայաստանի էներգետիկ ապագան, ըստ պատասխանատուների ու փորձագետների, տարբեր է։ Մասնագիտական դաշտում միաձայն պնդում են՝ ապագան մեծ հզորությամբ ատոմակայաններինն է։ Էներգետիկայի արտադրության առումով Հայաստանը դիվերսիֆիկացված է՝ փաստում են մասնագետները։ Երկրների մասով՝ պետք է քննարկել։
Ատոմակայան, արևային կայան, հողմակայան, փոքր հէկ–եր, ջէկ–եր․ սրանք Հայաստանում էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներն են։ 2024–ի վերջնական տվյալները դեռ կամփոփվեն։ Դրանք հատկապես կարող են արևային էներգիայի մասով տարբերվել 2023–ի տվյալներից։ Ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան մոտ 32 տոկոս է, խոշոր հէկ–երինն ու ջէկ–երինը՝ ավելի քան 55 տոկոսը, վերականգնվող էներգետիկայի մասով՝ ավելի քան 13 տոկոսը։ Թե որքան էլեկտրաէներգիա է արտադարվել 2024–ին՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն է պատմում․
«Տարեվերջի դրությամբ Հայաստանում արտադրվել է 8․9 մլրդ ժամ էլեկտրաէներգիա, 1․5 մլրդ կվտ արտահանվել է, ընթացիկ տարում ներմուծվել է 145 մլն կվտ էլեկտրաէներգիա։ ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի կրկնակի ժամկետը՝ 160 մլն դոլար կծախսվի»։
2021–ից սկսած արևային էներգետիկայի արտադրության կտրուկ աճ են արձանագրում մասնագետները։ Հայաստանի էներգետիկ ռազմավարության համաձայն, մինչև 2040 թվականը արևային ու հողմային էներգետիկայի ոլորտում նոր կառուցվող կայանների դրվածքային հզորությունը 1000 մեգավատից կդառնա 2000 մեգավատ։ Էներգետիկ անվատնգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյան․
«Որպեսզի Հայաստանում արտադրվող էներգետիկայի 60 տոկոսը արտադրվի նոր վերականգնվող էներգետիկ կայաններում։ Մինչև 2030 թիվը 30 տոկոս է։ Եթե դրանց միացնում ենք խոշոր հէկ–երը, այժմ արդեն 45 տոկոսը արտադրվում է այդ էներգետիկայի աղբյուրներում»։
Մասնագիտական դաշտում վերականգնվող էներգետիկ համակարգը բնութագրվում էր «հարմոնիկ եռաբաղադրիչ»։ Բացատրությունը կա՝ էներգիայի արտադրությունը 1/3–ի տրամաբանությամբ էր ՀԱԷԿ, ՋԷԿ, ՀԷԿ–եր, մնացածը՝ արևային ու հողմային կայաններում։
2021–ից վերջին ցուցանիշը սկսկեց աճել։ 2024–ի սեպտեմբերի 1–ի դրությամբ Հայաստանում ավելի քան 25 հազար արևային ինքնավար կայան է աշխատում։ Դրավծքային հզորությունը՝ 300 մեգավատ հզորություն ունի։ Ինքնավար կայանների դեպքում վերահսոկղությունը թույլ է՝ փաստում են մասնագետները։ Արևային օրերին երբեմն 500 մեգավատ էներգիա է ստեղծվում։
Սա արդեն էներգիայի ավելցուկ է ստեղծում։ Էներգիան հնարավոր է արտահանել, եթե արտադրվել է համակարգային կայաններում։ Հայաստանում Էներգիայի արտադրության դաշտում դիվերսիֆիկացիա կա՝ ասում է Արթուր Ավետիսյանը։ Այլ հարց է երկրների մասով։ Հայաստանում էլեկտրաէներգիան ոչ միայն արտադրվում է, այլև արտահանվում։ Ավելին, իրականացվում է «գազ էլեկտրաէնեգիայի» դիմաց ծրագիրը։
Հայաստանը փորձում է տարածաշրջանում պահպանել էներգետիկ դերակատարումը։ Բայց սա այնքան հեշտ չէ։ Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրացանցի կառուցում, դեպի Վրաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ և այլն․ եթե խոստացված ծրագրերը կյանքի կոչվեն, Հայաստանը կկարողանա վերագտնել իր կարևոր դերը էներգետիկայի ոլորտում։ Կարևորությունը կա, բայց փորձագիտական դաշտում կարծում են, որ Հայաստանի դերը նվազում է։ Ծրագրերի իրագործումն է դանդաղում։
Ավելի քան տասը տարի առաջ սկսված Իրան-Հայաստան բարձրավոլտի կառուցման ավարտը չի երևում։ Ժամկետները անընդհատ փոխվում են։ Հայաստանը տարածաշրջանում միակն է, որն ունի էներգետիկ ավելցուկ, ասում է Հայաստանի էներգետիկ նախաձեռնության համահիմնադիր, էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում․
«Սա գլխավոր առավելություններից մեկն է։ Բացի այդ, Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ զարգանում են վերականգնվող էներգիայի աղբյուրները, մասնավորապես, արևային էներգետիկան, որը, սակայն, այն արագությամբ չի զարգանում, որը սահմանված է ռազմավարության մեջ։ Բայց էներգետիկ բալանսում որոշակի իր չափաբաժինն ունի»։
Որքան էլ վերականգնվող էներգետիկան զարգանա, միևնույնն է, ըստ մասնագետների, ատոմային էներգետիկան իր առանցքային նշանակությունն ունի Հայաստանի էներգետիկ համակարգում։ Մոտ 12 տարի ժամանակ կա, որպեսզի նոր էներգաբլոկ ունենանք։ Մինչ այդ, մոտ 160 մլն դոլար կծախսվի ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգելու համար։ ՏԿԵ նախարարը «Ռադիոլուրի»՝ «կհասցնե՞նք արդյոք նոր ատոմակայան ունենալ» հարցին այսպես է արձանագնքում․
«Առավելագույնն ենք անում, որ հասցնենք։ Ժամկետը կախված է նրանից, թե որ տեսակը կընտրենք»։
Դեռ որոշված էլ չէ, ամեն դեպքում, չի հրապարակվում, թե ինչպիսի ատոմակայան է ունենալու Հայաստանը։ Օրակարգում ինչպես ավանդական, այնպես էլ մոդուլային կայաններն են։ Մոդուլային ատոմակայանների արժեքն ավելի ցածր է՝ արձանագրում են մասնագետները։
Գիտական աշխարհում որոշ բան գիտեն նոր ատոմակայանների մասին։ Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայի կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժնի ղեկավար Վաչագան Հարությունյան․
«Կոմպակտ ռեակտոր է, մինչև 300 մեգավատտ է, ֆինանսական տեսանկյունից էժան է, անձնակազմն էլ կարող է փոքր լինել»։
Գիտնականն արձանագրում է՝ փոքր մոդուլային կայանները նաև թերություններ ունեն։ Նշում է՝ այս տեսակը կարելի է դիտարկել որպես լրացուցիչ կայան, ոչ թե որպես էներգիայի հիմնական աղբյուր․
«Հիմնականի դեպքում հզորությունը հնարավոր է կուտակել , իսկ անհարժեշտության դեպքում այն օգտագործել։ Մյուս կողմից էլ պետք է տեղում արտադրության հնարավորություն լինի»։
Ատոմային էներգետիկայի մասնագետները միաբերան պնդում են՝ Հայաստանին հզոր ատոմակայան է պետք։ Սա, նախևառաջ, ազգային անվտանգության համար է։ ՄԱԿ–ի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը նկատում է՝ Հայաստանում նոր կառուցվող ատոմակայանի տեխնոլոգիաների ընտրությունը պետք է բավարարի «100 ռեակտոր» սկզբունքին․
«Ինչպիսի տեխնոլոգիա էլ ուզում եք ընտրել, այդ տեխնոլոգիան պետք է բավարարի, եթե խոսքը մեկ ռեակտորի մասին է, 100 տարի անընդհատ, հուսալի, շահավետ ու անվտանգ շահագործմանը։ Եթե տասը ռեակտորի մասին է խոսքը՝ 10 տարի»։
2023 թվականի հունիսին Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել: Նախորդ տարեվերջին նաև ՏԿԵ նախարարության ենթակայությամբ նոր կազմակերպություն ստեղծվեց, որ պետք է զբաղվի նոր ատոմակայանի հետ կապված բոլոր հարցերով՝ հայտերի ընդունումից մինչև կառուցում։




