
Վրաստանի ընտրություններն անցել են ճնշումների և բևեռվածության պայմաններում՝ արձանագրել են միջազգային դիտորդներ:
«Թեև ընտրողներին առաջարկվում էր ընտրություն կատարել 18 թեկնածուների միջև, և թեկնածուները, ընդհանուր առմամբ, հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել, Վրաստանի խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են բևեռացմամբ և մտահոգություններով՝ կապված վերջերս ընդունված օրենքի հետ, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում խիստ պառակտիչ հռետորաբանությամբ և ընտրողների վրա ճնշումների մասին համատարած հաղորդումներով», — ասվում է միջազգային դիտորդների այսօրվա հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ), ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ ԽՎ) և Եվրախորհրդարանի համատեղ դիտորդական առաքելությունը նշել է, որ քաղաքական տարաձայնությունների խորացումը, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների զգալի անհավասարակշռությունը և իշխող կուսակցության բազմաթիվ առավելությունները նպաստել են առանց այն էլ անհավասար միջավայրին:
«Ֆինանսական ռեսուրսների անհավասարակշռությունը, քարոզարշավի երկպառակ մթնոլորտը և վերջին օրենսդրական փոփոխությունները էականորեն մտահոգիչ էին այս ընտրական գործընթացի ընթացքում», — ասուլիսում ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Պասկալ Ալիզարը:
Դիտորդները արձանագրում են, որ իրավական դաշտը համապատասխանում է ժողովրդավարական ընտրությունների անցկացկացմանը։ Այնուամենայնիվ, նշում են, որ որոշ նախկին դրական փոփոխություններ չեղյալ են հայտարարվել վերջին փոփոխություններով:
«Այս ընտրությունները նշանավորվեցին քաղաքական և լրատվական դաշտի բարձր բևեռացմամբ, ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ ատելության խոսքի և նախագահի գրասենյակի նկատմամբ անտագոնիզմով», — ասել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Յուլիան Բուլայը։
«Ընտրությունների որակն արտացոլեց նախընտրական շրջանը։ Հաշվի առնելով ընտրություններից առաջ և ընտրությունների ընթացքում ընտրակաշառքների, ճնշումների, պետական կառույցների անաչառության վերաբերյալ հարցերը՝ մենք մտահոգություն ենք հայտնում ընտրական պայմանների, մասնավորապես՝ անհավասար դաշտի վերաբերյալ, ինչը խաթարում է արդյունքների նկատմամբ վստահությունը։ Այս հարցերը պետք է լուծվեն իշխանությունների կողմից», — նշել է դիտորդը:
«Հարգանքը անհատի ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու էական պայման է: Այս ընտրությունները ևս մեկ կարևոր փորձություն էին Վրաստանի ժողովրդավարության համար, մեկ այլ փորձություն կլինի հետընտրական շրջանը», — ասել է ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության ղեկավար Ֆաիկ Օզտրակը:
«Մենք շարունակում ենք խորը մտահոգություն հայտնել Վրաստանում ժողովրդավարության հետընթացի կապակցությամբ: Երեկվա ընտրությունների անցկացումը, ցավոք, դրա ապացույցն է», — ասել է Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անտոնիո Լոպես-Իստուրիզ Ուայթը՝ նշելով, որ իրենք կշարունակեն ուշադիր հետևել Վրաստանում տիրող իրավիճակին:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության կազմում էին 529 դիտորդներ 42 երկրց:




