ԿարևորՄիջազգային

Ադրբեջանն ամերիկացի լոբբիստներից պահանջում է խախտել օրենքը. POLITICO

Ադրբեջանը վերջերս խնդրել է Վաշինգտոնի լոբբիստներին, որոնց հետ մտադիր է աշխատել, որ  Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի (FARA) համաձայն գրանցման ենթակա գործունեությունը չգրանցվի` հայտնում է POLITICO-ն:

Երկիրը 2023 թվականի փետրվարից աշխատել է Friedlander Group-ի հետ՝ ընկերությանը վճարելով ամսական 41,666 դոլար՝ «ամերիկա-ադրբեջանական հարաբերություններն ընդլայնելու համար»՝ նշվում է FARA-ի գրառումներում, որտեղ երևում են բազմաթիվ տեղեկատվական նյութեր, որոնք ընկերությունը ուղարկել է Կոնգրեսի աշխատակիցներին և այլ ազդեցիկ անձանց:

Սակայն երկու լոբբիստներ POLITICO-ին ասել են, որ Ադրբեջանը գոհ չէ ընկերության՝ Ադրբեջանի համար կարևոր հարցերի շուրջ գործունեությունից: Օրինակ, երբ այս տարվա սկզբին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան այցելել էր Վաշինգտոն, նա իրեն անտեսված է զգացել, քանի որ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ակնկալվող հանդիպումները չեղարկվել են՝ ասել է լոբբիստներից մեկը:

Այդ դժգոհությունը ստիպել է Ադրբեջանին վերջին տարվա ընթացքում խոսել առնվազն մեկ այլ ընկերության հետ: Բայց երբ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ասել է ընկերությանը, որ գործունեությունը չպետք է գրանցվի FARA-ում, ընկերությունը նահանջել է և չի ներկայացել դեսպանատուն՝ հնարավոր պայմանագիրը քննարկելու:

Մեկ այլ լոբբիստ, որը պատրաստվում էր աշխատել նոր ընկերության հետ, ասել է, որ իրենց նույնպես խնդրել են կազմակերպել հանդիպումներ, որոնք, իրենց կարծիքով, կխախտեին FARA-ն:

POLITICO-ն նաև հիշեցնում է, որ մայիսին Տեխասի դեմոկրատ պատգամավոր Հենրի Կուելարին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի կառավարությանը պատկանող նավթագազային ընկերությունից կաշառք վերցնելու և Կոնգրեսում իր պաշտոնն ի շահ Ադրբեջանի կառավարությանը օգտագործելու համար: Վերջինս, սակայն, չի ընդունում մեղադրանքը:

Ադրբեջանի դեսպանատան խոսնակ Ջամիլա Մամեդովան POLITICO-ին տված պարզաբանման մեջ ասել է. «Մեր աշխատանքը խստորեն համապատասխանում է ԱՄՆ օրենսդրությանը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին, Ադրբեջանը խորապես արժևորում է  երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, և մենք շարունակաբար աշխատում ենք ամերիկացի գործընկերների հետ՝ մեր հարաբերությունները զարգացնելու համար»:

Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը (FARA) պահանջում է, որ օտարերկրյա կառավարությունների, կազմակերպությունների կամ անհատների լոբբինգով զբաղվող անձինք կամ կազմակերպությունները գրանցվեն Արդարադատության դեպարտամենտում (DOJ) և բացահայտեն իրենց հարաբերությունները, գործունեությունը, և ֆինանսական փոխհատուցումները:

Կարդացեք նաև

Back to top button