AFRObean ընկերության հիմնադիր տնօրեն Քրիստ Մարգարյանը երազում էր դառնալ վիրաբույժ, ընդունվեց Մոսկվայի պետական բժշկական համալսարան, բայց մեկ տարի սովորելուց հետո հասկացավ, որ այլ ոլորտ պետք է ընտրի։
Տնտեսագիտական համալսարանում հայտնվեց թվերի աշխարհում, դրսում սովորելուց հետո վերադարձավ և որոշեց սեփական գործունեությունը ծավալել։ Մի քանի ձախողումից հետո հասկացավ, որ փորձառությունն է պակասում և մի քանի տարի աշխատեց խոշոր ընկերություններում։ Չորս տարի առաջ հիմնեց սեփական բիզնեսը։
Տարիների ընթացքում կարողացել է հասնել զգալի հաջողությունների, թեպետ համարում է, որ դեռ շատ անելիքներ կան։ Երկար է մտածել, թե ինչ հիմնել․ սուրճ չէր սիրում, բայց ընտրեց սուրճի աշխարհը։ Հիմա իրեն սուրճի գիտակ է համարում ու վայելում անմոռանալի բույրը։
Ընտրեց ոչ էժան սեգմենտը և հստակ հաշվարկի ու նպատակասլացության շնորհիվ հաջողեց։ Վստահ է, որ ամենակարևոր ռեսուրսը ժամանակն է ու այն պետք է ճիշտ օգտագործել։ Կարծում է, որ բիզնեսի հաջողության համար անհրաժեշտ է «մեծ» մտածել։ Եթե ծրագրերդ կարճաժամկետ են ու փոքր, հեռու չես գնա՝ ասում է Քրիստ Մարգարյանը։
Կարծում է՝ Հայաստանում բիզնես սկեսելը հեշտ է, բայց աճելը դժվար։ Վստահ է՝ լավ մասնագետը միշտ գործ կգտնի։
«Վախը լավ գործիք է ու չի կարող չլինել։ Եթե վախը չլինի, չես կարող հասկանալ, թե ինչ խնդիր պետք է լուծես։ Նաև կարևոր է, թե ինչպես ես դու վերաբերվում խնդիրներին։ Իսկ ձախողումներն առաջընթացի լավագույն տարբերակն են», – ասում է գործարարը։




