ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հազարավոր ծառահատումներ Շիկահողում՝ COP29-ին ընդառաջ

Հայաստանի  մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակն անդրադարձել է Ներքին Հանդի բնակիչների իրավունքներին՝  ներկայացնելով փաստեր «Շիկահող» պետական արգելոցում ադրբեջանական կողմից կատարվող  ծառահատումների, կառուցվող ճանապարհների ու տեղադրվող ականների մասին։

Տեսանյութում, որը համացանցում հրապարակել է Թաթոյանը, երևում է նաև, թե ինչ հեռավորությամբ են տեղակայված ադրբեջանական դիրքերը գյուղի տներից։ Բաքուն էկոլոգիական վնասներ է հասցնում ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական տարածքներին։

Ուշագրավ է, որ այս փաստերն արձանագրվում են այն փուլում, երբ Բաքուն պատրաստվում է բնապահպանական գլխավոր՝ ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին։

Ներքին Հանդը Հայաստանի Կապան համայնքի գյուղ է, որը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով, որոնցից 25-ը գյուղի՝ այսինքն Հայաստանի տարածքում են։ Ադրբեջանական դիրքերի և գյուղի տների միջև հեռավորությունը 500 մետրից մի փոքր է ավելի, իսկ դպրոցը շուրջ 700 մետր հեռավորության վրա է։

Սյունիքի «Շիկահող» պետական արգելոցում ադրբեջանական դիրքեր և ճանապարհներ կառուցելու հետևանքով ապօրինի հատվել է ավելի քան 10.000 ծառ, ոչնչացվել են հարյուրավոր  վայրի կենդանիներ։ Թե որքան է կազմում աադրբեջանական կողմի հասցրած բնապահպանական վնասը, հնարավոր չէ հստակ  գնահատել՝ հաշվի առնելով տեղանքի յուրահատկությունը՝ ասում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։

«Զարմանալի չէ, որ և Շիկահողի տարածքում, և մյուս տարածքներում, որտեղ նրանք դիրքավորվել են, իրենց համար բնապահպանական խնդիրները բացարձակ նշանակություն չունեն։ Չեմ կարծում, որ սա նոր քաղաքականություն է։ Սա իրենցք աղաքականության բաղկացուցիչներից մեկն է՝ տարբեր միջոցներով, տարբեր գործիքակազմ օգտագործելով, փորձելով ճնշում գործադրել, կամ փորձել դրանով իմիջ ձևավորել։

Հիշում եք՝ Բերձորի միջանցքի դեպքում սկզբում բնապահպանական խնդիրներ էին բարձրացնում, որը  մաքուր կրկես էր՝ որպես այդպիսին, իրականում նրանք քաղաքական հարցեր էին լուծում, և վերջում տեսանք՝ ինչ եղավ։ Բերձորի միջանցքը շրջափակվեց, և Արցախն ամբողջովին շրջափակման մեջ հայտնվեց։ Նման քայլերով իրենք իրենց քաղաքական հարցերն են լուծում։ Բնապահպանությունը, բնության խնդիրները ալիևյան ռեժիմին բացարձակ հետաքրքիր չեն»։

Էկոլոգիական վնասներ են հասցվում ոչ միայն հայկական, այլև  ադրբեջանական տարածքներին։ Այդ փաստերն արձանագրում են  նաև ադրբեջանական աղբյուրները՝ նկատում է զրուցակիցս։

«Հենց բուն Ադրբեջանի տարածքում բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ կան, նույնիսկ աղետալի։ Դրա մասին նույնիսկ ադրբեջանցիներն են գրում։ Մեր հիմնադրամն էլ դրա մասին որոշակի նյութեր սոցցանցերում տեղադրել է։ Այնպես որ սա մաքուր թատերական ներկայացում է»։

«Շիկահող» պետական արգելոցում հազարավոր ծառահատումները ու տասնյակ կիլոմետրերով կառուցվող ճանապարհները, տեղադրված բազմաթիվ ականները, խմելու ջրից բնակիչներին զրկելը և զինված դիրքերի տեղակայումը քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ իրավունքների խախտում է համարում  նաև Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպանը։

Արման Թաթոյանի գրասենյակն արձանագրում է՝ սա տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ բաքուն պատրաստվում է շրջակա միջավայրին վերաբերող գլխավոր միջոցառումներից մեկին՝ COP29-ին։ Կարծում է՝ այս փաստերը պետք է հնարավորինս շատ ներկայացնել աշխարհի հարթակներում` ցույց տալու համար ադրբեջանական իրական մտադրությունները: Ըստ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանի՝ աշխարհը լավ էլ տեսնում է, թե ինչ է կատարվում, այլ հարց է՝ արդյոք նպատակահարմար է արձագանքել դրան։

«Աշխարհը բնականաբար տեսնում է, աշխարհը բնականաբար տեղյակ է, առավել ևս այսօր, երբ շատ հեշտ է այդ ամենը գրանցել, ֆիքսել։ Բայց խնդիրն այն է՝ արդյոք ցանկանում են տեսնել, ովքեր պետք է տեսնեն։ Այն մեծ խաղացողները, որոնք կարող են ազդեցություն գործել Ադրբեջանի վրա, այս պահին դրան չեն արձագանքելու, որովհետև կան տնտեսական, պետական շահեր։ Իսկ տնտեսական, պետական շահերի դեպքում բնապահպանությունը, մարդու իրավունքները մղվում են երկրորդական, երրորդական պլան»։

Բազմաթիվ բնապահպանական ու  իրավապաշտպան կառույցներ խնդրահարույց են համարում Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովի անցկացումը՝ մատնացույց անելով Ադրբեջանի բնապահպանական բազմաթիվ խնդիրները։ 

Կարդացեք նաև

Back to top button