
«Գիտե՞ք արդեն քանի տարի է՝ ինձ տանջում է էդ հարցը և ես այնպես էի ուզում, որ մի անգամ մեկը էդ հարցով հետաքրքրվեր»։
Ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը ուսումնասիրում է ոչ նյութական մշակութային ժառանգությունը, 2018-ից զբաղվում է նաև փառատոների հետազոտմամբ։ Վաշինգտոնի հեղինակավոր՝ ամենամյա «Ֆոլկլայֆ» ժողովրդական կենցաղի և մշակույթի փառատոնում 10 օր գործընկերների հետ ներկայացրել է Հայաստանի արհեստները։ Նախապատրաստական աշխատանքները 2 տարի են տևել։ Այժմ ազգագրագետը հետևում է, թե ինչպես են մի քանի օրում կազմակերպում ամենատարբեր միջոցառումներ ու անունը փառատոն դնում։ Ի՞նչ է փառատոնը հարցին երկար է սպասել, փառատոները շատ են, դրանց մշակութային-սոցիալական իմաստով հետաքրքրվողները՝ քիչ․
«Փառատոնը տոնավաճառ չի, փառատոնը կարող է ունենալ տոնավաճառի կոմպոնենտ, որը շատ պարտադիր է անգամ, բայց փառատոն բառը ինքնին հուշում է՝ չէ՞ այսինքն՝ մենք պիտի փառաբանենք դա։ Փառատոնը մի քանի առանցքային բաղադրիչ ունի, ինքը պիտի արժեք կիսի, պատճառ ունենա և իմաստ, և տոնավաճառ չլինի, հիմա ցանկացած երևույթ, որը համերգ է, դա փառատոն չի»։
Օրինակ՝ վերջերս կազմակերպված Թաթա Սիմոնյանի, Էրիկի, Ladaniva խմբի բացօթյա համերգները փառատոն կոչելը սխալ է, քանի որ դրանք չունեն փառատոն երևույթին բնորոշ հատկանիշները՝ բացատրում է Ռուզաննա Ծատուրյանը։ Փառատոնի առանցքում միշտ մարդիկ են, ընդ որում՝ պարտադիր է, որ նրանք միավորված լինեն որոշակի ոլորտով կամ աշխարհագրական հատկանիշով․
«Փառատոների իմաստը մարդկային ստեղծարարությունը տեսանելի դարձնելն է, եթե օրինակ, հացի փառատոն է, հացթուխն է էդտեղ գլխավորը։ Հացը որպես արդյունք ստացվում է, բայց հացթուխին ենք փառատոնը նվիրում, այդ հացը արարողին և դրա շուրջ, երբ որ ես, օրինակ, գնում եմ հացի փառատոն, պիտի էդ երևույթի շուրջ ամեն ինչ ինձ հասկանալի լինի, ոչ թե հացը առնեմ, բերեմ տուն․ դա արդեն տոնավաճառն է»։

Սովորաբար որևէ տեղ լավաշ թխողի կենսագրությունը չի կարևորվում, բայց, օրինակ, «Հազարաշեն թոնրատունը» փառատոնի օրերին հացթուխների անուն-ազգանունները, կենսագրությունը և այլ հետաքրքիր տեղեկություններն առանձին գրված էին յուրաքանչյուրի կողքին։ Այցելուները նաև խոսքուզրույցով էին ծանոթանում հացթուխների հետ։ Ազգագրագետն ասում է՝ առանց այս բաղադրիչի, փառատոնը կդառնար համերգ կամ տոնավաճառ․
«Լավ կլինի, որ փառատոնի կազմակերպիչները, եթե որոշել են, որ որևէ միջոցառման անունը փառատոն են ուզում դնել, լավ ճանաչեն փառատոնն ինչ է, եթե տեսնում են, որ իրենց մտածածը փառատոն չի, լավ է անվանել համերգ, տոնավաճառ»։
Փառատոներն ամբողջ աշխարհում ավելի տարածված դարձան 20-րդ դարի կեսերից։ Հանրության շրջանում տարածված կարծիքի հետ, որ Հայաստանում 2020-ից հետո փառատոններն ավելացան, Ծատուրյանը այնքան էլ համաձայն չէ։ Հիշեցնում է՝ քովիդից հետո աշխարհում սկսվեց ճանապարհորդական բումը, ինչը հոգեբանական նշանակություն ուներ։ Հայաստանի դեպքում՝ քովիդին գումարվեց պատերազմը․
«Քանի որ փառատոները հիմնականում իրենք իրենց դիրքավորում են զվարճանքի սպեկտրում, այդտեղից է գալիս նաև էդ ակնկալիքը, հանրային ակնկալիքների և իրական առաջարկի միջև էդ անհամաձայնությունը և հաճախ անհանդուրժողականությունը, որովհետև եթե էս փառատոները անընդհատ ուղեկցվում են ինչ-որ հանրային անհոգ զվարճանքով, սա հետպատերազմյան հասարակություններում կարող է առաջացնել և լավ է, որ առաջացնում է, նաև էսպիսի հակասական տրամադրություններ»։

Այժմ շատացել են մեկանգամյա, մասնագետի ձևակերպմամբ՝ թիթեռի էֆեկտ ունեցող մշակութային իրադարձությունները, որոնք հատկապես մարզային համայնքներում երկակի ազդեցություն են ունենում։ Մի կողմից ստեղծվում է լիցքաթափող ու առօրյա հոգսերրից կտրող միջավայր, մյուս կողմից՝ բնակիչների մոտ սպասելիքներ են ձևավորվում։ Օրինակ՝ Հայաստանի քաղաքներից մեկում հայտնի երգչի մեկ համերգը չի կարող որևէ բան փոխել երկրի տուրիստական քարտեզի վրա, հաջողությունների հասնելու համար առնվազն պետք է ապահովել դրա շարունակականությունը․
«Ոչ մի բան տեղի չի ունենում, ուղղակի էդ փառատոնի կազմակերպիչները և տեղի բնակիչները հոգեկան մեծ բավարարվածություն են ստանում, որ էդ մի օրը իրենք լիարժեք ուրախացան։ Որպես ազգագրագետ, ես իմ տարբեր հետազոտությունների հիման վրա եմ ասում՝ անգամ էն, որ մարդիկ հագնում են տոնական որևէ հագուստ և գնում իրենց գյուղի մշակույթի տանը նստում և որևէ համերգ դիտում, դա շատ փոխում է մարդու տրամադրությունը, հոգեվիճակը, դրական միտումներ է իր կյանքում առաջացնում, վեհացում է առաջացնում, մարդկային շատ ոգեղեն բաներ է իր մեջ մտցնում, որովհետև մենք բոլորս կարիք ունենք ժամանցի»։
Ազգագրագետի կարծիքով՝ փառատոների իսկական նշանակությունը հասկանալու համար նաև պետք է հանդիսատեսի քաղաքականությունից անցնել մասնակցի քաղաքականությանը։ Խորհրդային մշակութային քաղաքականությունը, օրինակ, ամբողջությամբ հիմնված էր առաջինի վրա, մարդիկ միայն նայում էին, թե ինչ է կատարվում բեմում կամ իրադարձության կենտրոնում։ Մեր ժամանակներում ճիշտ բանաձևը մարդկանց ներգրավվելն ու նրանց ու նրանց գործին կարևորություն տալն է, ասում է Ռուզաննա Ծատուրյանը։




