ԿարևորՔաղաքական

Օրակարգը, սկզբունքային հարցերը որևէ ձևով չեն փոխվում՝ անկախ բանակցման վայրից. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի հուլիսի 25-ի հանդիպումը լրագրողների հետ այս անգամ գերազանցել է նախորդը թե տևողությամբ, թե հարցերի քանակով։ Ասուլիսը տևել է  5 ժամից ավելի, Նիկոլ Փաշինյանը  պատասխանել է  մի քանի տասնյակ լրատվամիջոցների հարցերի։ Հարցերի առանցքում եղել են ընթացող  բանակցությունները, Արցախի հումանիտար ճգնաժամը,  արցախցիների իրավունքներն ու անվտանգության խնդիրները։

 

Ի՞նչ ակնկալիք ունի վարչապետն արտգործնախարարների  մոսկովյան հանդիպումից: Փաշինյանը հույս ունի, որ ԱԳ նախարարը հաջողության կհասնի Լաչինի միջանցքի բացման հարցում:

Ըստ վարչապետի՝ անկախ բանականությունների վայրից բանակցողները չեն փոխվում՝ Մոսկվայում, Բրյուսելում թե Վաշինգտոնում հանդիպումներն առանձին քննարկումներ չեն։ «Բանակցությունների հաջողությունը հարկավոր է մեզ, իսկ օրակարգը, սկզբունքային հարցերը, խոսակցության տրամաբանությունը չեն փոխվում և  շարունակում են մեկը մյուսին» — վստահեցրեց Փաշինյանը։

«Առանձին վերցրած հանդիպումից ակնկալիք ունենալը, հենց՝ մոսկովյան հարթակն  է, թե ոչ մոսկովյան հարթակն է … Ես ակնկալիք ունեմ մեզանից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարից, իհարկե, մյուս գործընկերներից նույնպես, որ նրանք կարողանան հնարավոր խաղաղության պայմանագրի ևս մի քանի հոդված համաձայնեցնել և կարողանան ինչ-որ լուծման հասանել Լաչինի միջանցքի բացման հարցում»։

Հայաստանը Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել՝ ասում է  վարչապետը՝ պատասխանելով  հարցին, թե հնարավոր է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգից ԼՂ հարցն ընդհանրապես դուրս գա կամ հակառակը՝ կարգավիճակի հարցը դարձյալ օրակարգում ներառվի: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝  ԼՂ-ի ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների կամ երկխոսության կողմ։ «Մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով` միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- Հայաստանի դիրքորոշումը ևս մեկ անգամ հստակեցրեց Փաշինյանը՝ հավելելով:

«Կարծում եմ, որ ԼՂ ներկայացուցիչները, ժողովուրդը,  կառավարությունը այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող բոլոր հարցերը և ոչ միայն հարցեր առաջադրել, և ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև, որ շատ կարևոր է, կրել  այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը, և ոչ միայն քաղաքական պատասխանատվությունը։ Ես կարծում եմ, որ դա է ճիշտ ճանապարհը»։

Փաշինյանի խոսքով՝ ընդհանրապես մտածելու հարց է, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրում պետք է անդրադարձ լինի Լեռնային Ղարաբաղին։

«Այսինքն՝ համապարփակ լուծու՞մ,  թե՞, այնուամենայնիվ, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերը պետք է առաջ ընթանան և հասցեագրվեն այլ տրամաբանությամբ։ Եվ այս հարցում մենք որոշում չունենք։ Եվ սա չի նշանակում, որ դիրքորոշում չունենք ու այդ դիրքորոշումը, ըստ էության, արտահայտվեց  իմ՝ հարցի պատասխանում առաջին հատվածում»։

Հայաստանը պատրաստ չէ հրաժարվել ԼՂ-ի հայության իրավունքներից, իսկ Բաքուն պատրաստ չէ անդրադառնալ դրանց, հետևաբար կողմերը համաձայնության չեն գալիս՝ զիջումը համարում են անընդունելի և մտավախություն կա, որ պատերազմական իրավիճակի այն կարող է հանգեցնել, ի՞ նչ անել դա բացառելու համար։ Այս հարցին արձագանքելով՝  Փաշինյանը շեշտեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, որից ելնելով պետք է դիրքավորվել: Նրա ձևակերպմամբ՝  կա երկկողմանի անվստահություն: Վարչապետը հիշեցրեց, որ բրյուսելյան վերջին հանդիպման ընթացքում էլ են քննարկել Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը, բայց այս ողջ խոսակցության ընթացքում կա մեծ անվստահություն՝ ընդգծեց Փաշինյանը։

«Համենայնդեպս, բանակցային սեղանի շուրջ ես երբեք չեմ լսել այդպիսի ուղերձ, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների մասին։ Բայց մյուս կողմից ես ձեզ հետ համաձայն եմ, որ Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի երևում, չի բխում նման պատրաստակամություն»։

Փաշինյանը անհասկանալի է համարում Լեռնային Ղարաբաղից հնչող և Բաքվի հետ բանակցությունները բացառող հայտարարությունները: Միաժամանակ նկատում է, որ կան  նաև երկխոսության անհրաժեշտությունը դիտարկող հայտարարություններ։    

«Համենայնդեպս, ես կարծում եմ, որ պետք է լինեն քայլեր և մենք մեր կողմից փորձում ենք անել քայլեր, որոնք այդ անվստահությունը կհաղթահարեն։ Բայց, մյուս կողմից, այս առումով, իհարկե, կարևոր է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և ԼՂ-ում տիրող իրավիճակի հասցեագրումը։ Հենց այդ անվստահությունն է պատճառը, որ կարծում ենք, որ միջազգային մեխանիզմի շրջանակներում կարող է շատ թե քիչ արդյունավետ երկխոսություն տեղի ունենալ, որի ընթացքում վստահության ստեղծման աղոտ քայլեր կամ հույսեր կարող են առաջանալ»։

Աղդամով՝ Ակնայով, Ստեփանակերտին օգնություն հասցնելու հարցի քննարկման ոչ մանդատ ունեմ, ոչ էլ անհրաժեշտություն՝ հայտարարարեց Հայաստանի վարչապետը՝ պատասխանելով Շառլ Միշելի առաջարկի մասին հարցին։

«Ես Լաչինի միջանցքի հետ կապված հարցը քննարկելու մանդատ ունեմ, որովհետև Լաչինի միջանցքը «ստեղծվել է»  2020 թվականի նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի ստորագրողներից մեկը ես եմ՝ ՀՀ-ն։ Հետևաբար՝ այդ հարթակներում մենք քննարկում ենք միայն Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Լաչինի միջանցքի բացման հետ կապված հարցերը»։  

Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը խոսել էր Ստեփանակերտին Աղդամով օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկի մասին։ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ իրադրության հասցեագրումը եւ կարգավորումն առաջին հերթին ոչ թե միջազգային հանրությանն է անհրաժեշտ, այլ՝ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին։    

Կարդացեք նաև

Back to top button