ԿարևորՀասարակություն

Հումանիտար ճգնաժամի մասին միջազգային արձանագրումներն անօգուտ են․ Արցախը մնում է շրջափակված, Ադրբեջանը՝ անպատիժ

Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Թվիթերում անդրադարձել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ են հայտնվել 2022 թվականի դեկտեմբերից, կազմակերպությունը արձանագրել է, որ հումանիտար ճգնաժամը խորանում է։ Նախօրեին այդ հարցը ներկայացվել է նաև ԵԽԽՎ Նախարարների կոմիտեում։ Արցախի օմբուդսմենը, սակայն, նկատում է, որ քանի դեռ միջազգային հանրությունը Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ չի ձեռնարկվում, Բաքուն խաղաղ գործընթացի քողի տակ շարունակելու է Արցախի էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականությունը։

Հումանիտար ճգնաժամն Արցախում աղետի վերածվելու միտում ունի՝ ամենուր դատարկ խանութներ են։ Արցախի օմբուդսմենն է ահազանգել՝ այսպես շարունակվելու դեպքում շուտով սով կսկսվի։ Արցախը շրջափակված է արդեն շուրջ 200 օր։

Գեղամ Ստեփանյանը նկատում է, որ վերջին օրերին Արցախի ժողովրդի դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական քաղաքականությունը ինտենսիվ կերպով զուգորդվում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անհերքելի փաստերով ու դրսևորումներով. թիրախավորվում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձինք և տեխնիկան, ինչպես նաև՝ բացառապես քաղաքացիական բնակչության պաշտպանության գործառույթ իրականացնող Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները։

Արցախի օմբուդսմենը ֆեյսբուքում գրել է. «Քանի դեռ միջազգային բոլոր դերակատաների կողմից Ադրբեջանը չի պատժվում իր հանցավոր գործողությունների և Արցախի ժողովրդի կյանքի և այլ հիմնարար իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների համար, խաղաղ գործընթացն օգտագործելու է որպես քողարկում Արցախի էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության համար»։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հերթական հանդիպման ժամանակ Հայաստանի պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցը։ Այս մասին ԵԽ-ում ՀՀ պատվիրակության ֆեյսբուքյան էջն է հայտնում։ Նշվում է, որ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նախ ներկայացրել է հունիսի 28-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի կոպիտ խախտումները և սադրիչ գործողությունները, որոնց հետևանքով չորս զինվոր է զոհվել․

«ԼՂ խաղաղ բնակչության ահաբեկումը միանգամայն վկայում են, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում»։

Հայաստանի մշտական ներկայացուցիչը, ներկայացնելով Ադրբեջանի միակողմանի գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին հորդորել է հստակ քայլեր ձեռնարկել՝ ելնելով Լաչինի միջանցքի հարցով Նախարարների կոմիտեին հասցեագրված ԵԽԽՎ խորհրդատվությունից․

 «Վեհաժողովը կոչ է անում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչպես նաև Վեհաժողովը պահանջում է հնարավորինս արագ կազմակերպել Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն»։

«Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման մասին» հունիսի 22-ին ԵԽԽՎ ընդունած բանաձևը մինչ օրս Բաքուն չի կատարում։

Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանն է անդրադարձել նաև Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը զրկել է սննդի մատակարարումներից և հումանիտար աջակցությունից՝ արձանագրել է կազմակերպությունը․

 «Ադրբեջանը շարունակում է անտեսել ՄԱԿ֊-ի բարձրագույն դատական մարմնի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ադրբեջանը պետք է վերացնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ դնի հումանիտար ճգնաժամին»։

Իրավապաշտպան կազմակերպության թվիթերյան գրառումը ողջունել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ եզրահանգելով.

 «Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից նման հայտարարություններն ու իրավիճակի հասցեական գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային հարթակում որոշում կայացնողների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար»։

Նշենք նաև, որ ԵԽ նախարարների կոմիտեի՝ նախօրեի հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է ԵԽԽՎ և Մարդու իրավունքների հանձնակատարի ներգրավվածության կարևորությունը Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և հումանիտար ճգնաժամի հասցեագրման հարցում։

Կարդացեք նաև

Back to top button