
Ֆրանսահայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» գեղարվեստական ֆիլմը Հայկական ազգային կինոակադեմիան առաջադրել է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության։
«Առաջին անգամ, երբ մտա Ստեփանակերտի օդանավակայան, թվաց, թե այն Արցախի թռիչքի ցանկության սիմվոլն է, և հասկացա, որ օդանավակայանը պիտի լինի ֆիլմի կենտրոնը»,-ասում է ռեժիսորը։
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի հերոսը ֆրանսիացի Ալենն է։ Նա ժամանում է Արցախ՝ նորակառույց օդանավակայան, պարզելու՝ վերաբացվելու համար օդանավակայանը համապատասխանո՞ւմ է միջազգային նորմերին: Ալենն աստիճանաբար բացահայտում է մի երկիր, որը քարտեզների վրա հաճախ չի նշվում, բայց գոյություն ունի իր բնակիչներով ու մշակույթով, կառավարությունով ու պետական համակարգով։ «Տասը տարի գնացել եմ Արցախ և ֆիլմի գաղափարներ փնտրել»,-ասում է ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը․
«Տարածքները, Արցախի մարդիկ ու նրանց երազանքը ազատ ու անկախ երկրում ապրելն է։ Սա եմ հասկացել այն տասը տարիների ընթացքում, երբ գնացել եմ Արցախ ու ոգեշնչում եմ փնտրել, գաղափարներ եմ փնտրել՝ Արցախի մասին առավել հետաքրքիր ու ճիշտ պատմելու համար։ Մեր նկարահանող թիմը ոտնատակ է տվել Արցախը, թեպետ ողջ ֆիլմը պտտվում է Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ, բայց Մարտունիում, Մարտակերտում, Շուշիում և ուր ասես նկարահանել ենք ֆիլմը»,-պատմում է Նորա Մարտիրոսյանը։
Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ կինոարտադրանքն է: Ֆիլմի վրա աշխատել են երեք պրոդյուսերական ընկերություններ. հայկական «anEva production»-ը, ֆրանսիական «Sister productions»-ը և բելգիական «Kwassa Films»-ը: «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նկարահանվել էԿ ԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ 2018 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Նորա Մարտիրոսյան․

«Ֆիլմը դիտելիս հասկանում ենք, որ Արցախ գալու, այսինքն, օդանավակայանից օգտվելու ամենամեծ խոչընդոտը ոչ թե տեխնիկական է, այլ քաղաքական։ Ֆիլմի ամեն րոպեն տեղեկություն է հաղորդում Արցախի քաղաքական իրավիճակի մասին»,-ասում է ռեժիսորը։
Ամիսներ առաջ այս ֆիլմը ցուցադրվել է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնում, Օլիմպիա 3 կինոթատրոնում։ Սա անկախ Հայաստանի առաջին ֆիլմն է, որը հասել էր Կանն։ Հարցին՝ արդյո՞ք Արցախի քաղաքական իրավիճակը ներկայացնող ֆիլմը չի հանդիպել խոչընդոտների, ռեժիսորը պատասխանում է․ «Խոչընդոտներ եղել են, բայց ֆիլմը ոչ մի ցուցադրությունից չի հանվել, որովհետև նրա գեղարվեստական ուժն ավելի բարձր է»։ Նորա Մարտիրոսյան․
«Տարբեր տեղեր ֆիլմը ներկայացնելիս՝ ես ամեն անգամ զարմանում եմ, թե ինչպե՞ս կարող են օտարերկրացի կինոդիտողները դուրս գալ դահլիճից այդքան հուզված, Արցախով այդքան հետաքրքրված ու, առհասարակ, նրանք սկսում են զգալ Արցախը ֆիլմը դիտելուց հետո»,-ասում է ֆրանսիահայ ռեժիսորը։
Կաննի կինոփառատոնում ցուցադրությունից հետո ֆրանսիական մամուլը հեղեղված էր ֆիլմի մասին հոդվածներով, ռեժիսորի խոսքով՝ սա անսպասելի էր և պարտավորեցնող։ Նորան հուսով է, որ Արցախի մասին ֆիլմից կհուզվեն նաև ամերիկյան կինոակադեմիայի ներկայացուցիչները։ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը ներկայացվել է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Մրցանակաբաշխությունը կայանալու է 2022-ի փետրվարին։ «Ճանապարհը երկար է լինելու, բազմաթիվ ցուցադրություններ ունենք նաև Միացյալ Նահանգներում, բայց թե ինչ սպասվում «Օսկար»-ում, դժվար է պատկերացնել»,-ասում է ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը։




