Արևային կայաններ կտեղադրվեն Արաբկիրի բազմաբնակարան շենքերի տանիքներին
«ԵՄ-ն՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն նաև Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի տանիքներին:
Արդեն իսկ մեկնարկած աշխատանքներին զուգահեռ կիրականացվեն նաև ներշենքային և բակային տարածքների լուսավորության համակարգերի տեղադրման շինարարական աշխատանքներ, տեղեկացնում են վարչական շրջանից:
Այս պահին ծրագրում ներառված են Արաբկիր վարչական շրջանի հետևյալ հասցեները.
Խաչատրյան 26/1
Տիգրանյան 19/1
Մամիկոնյանց 36/2
Արաբկիր 19 փողոց, 4 շենք
Ծրագրի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքում շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, իսկ մուտքերում անցկացնել նոր էներգախնայող լուսավորության համակարգ: Կփոխարինվեն նաև բակային լուսավորության լուսատուները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի անապահով մի շարք ընտանիքների կտրամադրվեն էներգախնայող լուսատուներ:
Եվրոպական միությունն է աջակցում «ԵՄ-ն Երևանի համար.Արևային համայնք» ծրագրի իրագործմանը, որը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Ծրագիրը հաստատվել է 2018 թվականին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է բազմաբնակարան շենքերում նվազեցնել էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները (տարեկան շուրջ 850 տոննա CO2)` վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման և էներգախնայողության միջոցառումների իրականացման միջոցով: