
Ռազմական դրության պայմաններում կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում մտահոգիչ են: Այս օրերին հիվանդացության կտրուկ աճ է արձանագրվել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։
Այսօր վերարտադրողական ցուցանիշը 1.4 է, ինչը նշանակում է, որ մեկ վարակակիրը կարող է վարակել 1-ից ավելի անձանց՝ նշում է մասնագետը։
«Համեմատելով վերջին 14 օրվա ցուցանիշները նախորդ 14 օրվա հետ՝ արդեն ունենք 200 տոկոսի աճ»։
Թվերի աճը պայմանավորված է հակահամաճարակային երեք կանոնների չպահպանմամբ։ Նախարարության ներկայացուցիչը ևս մեկ անգամ բնակչությանը հորդորում է սթափվել, հասկանալ խնդրի լրջությունը և աջակցել մասնագետներին հիվանդության դեմ պայքարի հարցում։ Այս կերպ շարունակելու դեպքում կնպաստենք հիվանդության տարածմանը ռազմաճակատում՝ ասում է։
«Մենք կունենանք զինվորների շրջանում հիվանդացության դեպքեր, ինչը , բնականաբար, թե՛ առողջական, թե՛ հոգեկան առումով բացասաբար կանդրադառնա մեր զինվորների վրա, քանի որ առաջնագծում հնարավոր չի լինի իրականացնել անհրաժեշտ կլինիկական գործընթացները»։
Հիվանդանոցներում նույնպես պատկերը մտահոգիչ է։ Կան հիվանդանոցներ, որտեղ առկա է մահճակալային ֆոնդի խնդիր, արդյունքում՝ բուժում են ստանում միայն ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտները։
«Եթե այսպես շարունակվի, և չպահպանենք կանոնները , մենք ուղղակի կունենանք մահվան դեպքերի կտրուկ աճ։ Առողջապահական համակարգը չի կարողանա սպասարկել, հասցնել, և համակարգը կաթվածահար կլինի»։
Հանրապետությունում միակ՝ քովիդով հիվանդ հղիների բուժմամբ զբաղվող Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը նույնպես ծանրաբեռնված է աշխատում։ Մինչև այսօր հիվանդանոցն ընդունել է քովիդով վարակված 300 հղիների ու ծննդկաների՝ մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի մանկաբարձ–գինեկոլոգ Աղասի Շարբատյանը։

«Հոկտեմբերի 1–ի տվյալներով՝ ծննդատանն ունեցել ենք 88 ծննդաբերություն, 37 կեսարյան հատում։ Մահվան դեպք ծննդատանը քովիդի հետ կապված չի եղել»։
Քովիդի պայմաններում մեծանում է վաղաժամ ծննդաբերության և վիժումների ռիսկը։ Եղել են դեպքեր, երբ նորածինների մոտ թեստի արդյունքները ևս դրական են եղել։ Սակայն վիճակագրությունը փաստում է, որ երեխաների դեպքում կորոնավիրուսն այնքան էլ մտահոգիչ չէ։
«Նորածինները բավականին լավ են լինում։ Ունեցել ենք մի քանի նորածին, որոնք դրական արդյունք են ունեցել ծնվելուց հետո, բայց կլինիկորեն ոչ մի արտահայտություն չեն ունեցել։ Մեկ-երկու երեխա էլ թոքաբորբ են ունեցել, որոնք ևս բուժվել են ու արդեն տանն են»։
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման հարցում Հայաստանը դեռ քննարկումների փուլում է՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
«ՀՀ–ն պատվաստանյութ ձեռք բերելիս շատ լուրջ չափանիշներ է առաջ քաշում․ այդ պատվաստանյութը պետք է համապատասխանի բոլոր չափանիշներին, որպեսզի մեր երկիրը կարողանա ձեռք բերել»։
Զրուցակցիս խոսքով՝ Հայաստանում թեև կրկնավարակման դեպքեր չեն արձանագրվել, սակայն փաստը բավարար չէ պնդելու համար, որ նման դեպքեր կարող են ընդհանրապես չլինել։




