

Հայաստանի ազգային գրադարանում հոկտեմբերի 11-21-ը անցկացվում է ՀՀ համայնքային և մարզային գրադարանների գրադարանավարների վերապատրաստման դասընթացը:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի խոսքով, ծրագրի հիմքը դրվել է 2012 թվականին՝ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում, երբ նշում էինք նաև հայ գրքի տպագրության 500-ամյակը:
«Ռադիոլուր»-ը անդրադարձել է ոչ միայն Զարգարյանի բնորոշմամբ՝ «հնացած գիտելիքը» թարմացնելուն միտված դասընթացներին, այլև մարզային ու համայնքային գրադարանների խնդրիներին ընդհանրապես:
«Մարզային գրադարանավարների վերապատրաստման դասընթացի գաղափարը ծնվեց 2012-ին: Գաղափարը ծնվեց, որովհետև կա՛ր դրա անհրաժեշտությունը»,-ասում է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նրա պնդմամբ մենք իսկապես լուրջ խնդիր ունենք մարզային ու հատկապես համայքային գրադարանների ոլորտում:
«Մարդիկ բուհը ավարտում եմ, գնում, աշխատում ու այլևս նոր գիտելիք չեն ստանում: Կյանքը առաջ է գնում, գրադարանային գործը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում, իսկ մարդիկ տեղյակ չեն այդ ամենին, նրանց գիտելիքը «հնանում է»: Վերապատրաստման դասընթացներին մասնակցում են բոլոր մարզերի գրադարանավարները: Դրամաշնորհի միջոցներով մենք հուգում ենք նրանց ճանապարհի, սննդի ու կեցության ծախսերը: Դասընթացները վարում են մայրաքաղաքի գրադարանների լավագույն մասնագետները: Թեմաները տարբեր են՝ թվային գրադարան, այցելուների հետ վարվելակերպ, աշխատանք երեխաների հետ, գրքերի թեմատիկ դասակարգում և այլն»:

Որքանո՞վ է դասընթացն օգտակար ու ի՞նչ անհրաժեշտ գիտելիքներ են ձեռք բերում մարզերից ժամանած գրադարանավարները. փորձեցինք պարզել նրանց հետ զրույցում, հենց վարպետության դասաժամին:
Կոտայքի մարզի Զովունի համայնքի գրադարանի աշխատակից Անահիտ Արամյանն ասաց, որ թվային գրադարանի հարցում Զովունին շատ է հետ մնացել, ամենասովորական համակարգիչն այստեղ դեռ անհասանելի է, բայց գրադարանային գործին առնչվող մյուս գիտելիքները անպայման կգտնեն իրենց գործնական կիրառությունը: Փորձելու է մայրաքաղաքում գտնվելու ընթացքում լուծել համայնքի գրադարանը նոր գրականությամբ «հարստացնելու» խնդիրը: Մեծ պահանջարկ ունի մանկական գրականությունը, սակայն Զովունի համայնքի մանուկների համար երազանք են անգամ Թումանյանի ու Աղայանի հեքիաթները:
Ֆոնդերի համալրման խնդիրը, ինչպես պարզեցինք, առկա է բոլոր համայնքներում, ամենապահանջված մանկական գրականության խնդիրն էլ մարզերում համատարած է: Տավուշի մարզի Բերդավան համայնքի ներկայացուցչի հետ ենք զրուցում:

«Երբ Բերդավանն անվանում են սահմանամերձ, մենք վիրավորվում ենք, որովհետև իրականում այն սահմանապահ համայնք է: Մենք սահման ենք պահում՝ անընդհատ կրակի տակ: Այս դասընթացն ինձ համար երազանք էր ու շատ տեղին, որովհետև այդ առօրայայով ապրող համայնքում դժվար է թարմացնել գիտելիքն ու պատշաճ վիճակում պահել գրադարանը: Մենք մեր գործի նվիրյալն ենք, բայց անում ենք այն, ինչ սովորել ու պահել ենք դեռ ուսանողական տարիներից: Պահել, պահպանել ենք Մշակույթի տան տարածքում գտնվող «մազից կախված գրադարանը», որովհետև շենքը մի քանի անգամ ռմբակոծվել է: Այժմ վերանորոգվել է, բայց գրադարանի աղքատիկ ֆոնդը համալրելու խնդիր ունենք»:
Լուսինե Հախվերդյանը Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքի գրադարանն է ներկայացնում: Համայնքային գրադարաններին բաժին հասած բազմաթիվ խնդիրներին այստեղ գումարվել է նաև համայնքի խոշորացման արդյունքում գրադարանին սպառնացող օպտիմալացման վտանգը:

«Մեզ իսկապես մտահոգում է մեր գրադարանի ճակատագիրը, որովհետև խոշորացումից հետո համայնքային գրադարանները դպրոցներին միավորելու միտում կա, և դա լուրջ խնդիր կարող է դառնալ համայնքի համար»:
Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանը լավատեսական նոտայով ավարտեց զրույցը.
«Ունենք համակարգիչ, ինտերնետ կապ, հրաշալի պայմաններ: Ջերմուկի գրադարանն անգամ կայքէջ ունի, որտեղ ներբեռնել ենք մեր «գրադարանային ունեցվածքը»: Ընթերցողների թվում, ըստ տնօրնեի, ոչ միայն երիտասարդներն են, այլև խորհրդային տարիների «մոլի ընթերցասերների» սերնդի տարեց ներկայացուցիչները, որոնք համակարգչից «խեղճանալով» իրենց քայլերն ուղղում են դեպի գրադարան՝ կենդանի գրքի ու մամուլի հետ շփվելու: Իսկ Վարպետության դասընթացին տիկին Զեմֆիրան փորձելու է «յուրացնել» արդիական գաղափարներ, որոնք մեծ սիրով «կտեղայնացնեն» Ջերմուկի քաղաքային գրադարանում:

Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի խոսքով՝ համայնքային ենթակայության գրադարանների ցավոտ պատկերը հաճախ պայմանվորված է համայնքապետերի սրտացավության ու պատասխանատվության բացակայությամբ: «Շատերը ուշադրություն չեն դարձնում գրադարանին: Պարզապես մատների արանքով են նայում խնդրին»,- ասում է Ազգային գրադարանի տնօրենը:




