

«Սերոբի ծառ»-ի սցենարը գրեցինք Սուրեն Խաչատրյանի հետ միասին: Ֆիլմի գաղափարն այս էր՝ եթե ապրում ես, ուրեմն պիտի գնահատես կյանքը: Ինչու չի մեռնում Սերոբը, որովհետև հանկարծ հիշում է, որ կար մի ծառ, բայց չէր հիշում ՝ ինչի ծառ էր: Հետաքրքիր էր, որ այդքան տարի ապրել ու չէր նկատել այն, ինչ կողքին էր եղել: Սերոբն ամեն գնով ուզում էր պարզել դա, նոր հետաքրքրություն էր առաջացել, նոր իմաստ, որն էր նրան կրկին դեպի կյանք վերադարձրեց: Նպատակ ունեինք ֆիլմի բոլոր հերոսների մասին առանձին ֆիլմեր նկարել, որոնք կամբողջացնեին երևանյան միջավայրը, բայց «սովետական ցենզուրա» ասվածը խափանեց մեր գաղափարը: Ինչևէ, «Սերոբի ծառը» սիրվեց՝ գուցե ինքնատիպ, գունեղ կերպարների շնորհիվ: Հաջողության գաղտնիքներից մեկն էլ ֆիլմի երաժշտությունն էր, հին Երևանի մեղեդիները ֆիլմում նվագում է Վաչե Հովսեփյանը: Դուդուկի նման վարպետի ես մինչ օրս չեմ լսել»:
1983 թվականին Հովիկ Հախվերդյանին վստահվեց «Մատենադարան» ֆիլմաշարի բարդ ու ծավալուն աշխատանքը։ Որքան էլ զարմանալի է «Մատենադարանի» գաղափարը ծնվել էր ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում։ Կենտրոնական հեռուստատեսության ղեկավարներից մեկը՝ Լապին ազգանունով, օրերից մի օր հայտնվում է Երևանում, և նրան տանում են Մատենադարան: Իսկ այդ ընթացքում Ռուսաստանում նկարահանվում էր «Էրմիտաժ» ֆիլմաշարը:
Լապինը, ծանոթանալով Մատենադարանի հարստությանը, հարցնում է՝ իսկ ինչու ֆիլմ չեք նկարում Մատենադարանի մասին, այսպիսի գանձեր ունեք: Ամեն ինչ հենց այստեղից էլ ծնվում է. «Մի օր էլ ինձ կանչում է հեռուստառադիոպետկոմի ղեկավար Ստեփակ Կարպիչն ու ասում՝ այսպիսի գաղափար կա, պետք է նկարես, անմիջապես սկսիր: Երկար որոնումներից հետո գտա ֆիլմի սցենարի հեղինակին՝մոսկվաբնակ լրագրող Կիմ Բակշիին: Ֆիլմում տեքստը ներկայացնելու համար ինձ պետք էր հայ մարդու կերպար: Այդ առոմով Սոս Սարգսյանը ամենահամոզիչն էր: Ֆիլմում նա չի խաղում, պարզապես հենց ինքն է, որ կա»:
Աշխատանքները չեն սահմանափակվել երևանյան Մատենադարանով, նկարահանումներ են կատարել Վենետիկի և Վիեննայի Մխիթայան միաբանություններում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում։ Աշխատանքն ընդատվեց այնտեղ, որտեղ պետք է ներկայացվեցին Երուսաղեմի հայկական գանձերը: «Կինոն թանկ հաճույք է, իսկ նորանկախ Հայաստանի համար «Մատենադարանը» գուցե ծանր բեռ էր: Շատ չարչարվեցինք, որ ֆիլմաշարն ավարտին հասցնենք, բայց չստացվեց»,-ասում է Հովիկ Հախվերդյանը:
Նշենք, որ «Մատենադարան» Ֆիլի նախատեսված քսան սերիաներից հինգը չեն նկարահանվել: Այդուհանդերձ, անկախ Հայսատանի պատմության մեջ ևս Հովիկ Հախվերդյանը թողել է մի քանի այլ ֆիլմեր ևս.«Աղաղակող քարերի երկիրը», «Նարեկացի որոնելիս», ֆիլմեր, որոնց մասին, սակայն, երիտասարդներն այսօր քիչ բան գիտեն:
«Հեռուստաընկերությունների այսօրվա հասկացողությամբ գուցե «ռեյտինգ» չեն ապահովում: Հազվադեպ ցուցադրվում են, օրինակ, գիշերը ժամը մեկից հետո: Շատ տարօրինակ բան է կատարվում. հեռուստաընկերությունները ժողովրդի ճաշակն աղավաղում են հետո էլ ասում, թե ժողովուրդը սա է պահանջում: Մարդն ինչով սնվում է, դրա նկատմամբ էլ պահանջ է զգում, հենց դրանով էլ բացատրվում է տխմար սերիալների ու շոուների այսօրվա առատությունը»:
«Ավելի քան քսան տարի հասարակությունը միայն էժան ու ցածրորակ արվեստով է սնվում, իսկ դա արդեն վտանգավոր է դառնում»,-Ռադիոլուրի հետ իր վերջին հարցազրույցում ասաց Հովիկ Հախվերդյանը: Վերջին տարիներին նա դասավանդում էր Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում: Երիտասարդների հետ փորձում էր խոսել այլ կինոյի և կինոմտածողության մասին:




