

«Գործը կանգնած չէ, և առաջիկա երկու տարիների ընթացքում Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը կարող է ունենալ իր շենքը: Մշակույթի նախարարը վստահեցնում է, որ դրա համար արվում է ամեն ինչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Գասպարյանը:
Հիշեցնենք, որ 2012 թվականին կառավարությունը Երևանի քաղաքապետին առաջարկել էր «Համազգային» թատրոնի շենք կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Սարյան և Բուզանդի փողոցների հատման հարակից հատվածում գտնվող 1200 քառ. մետր մակերեսով հողամասը, սահմանել, որ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող հողամասը կարող է օգտագործվել բացառապես «Համազգային» թատրոնի շենք կառուցելու նպատակով:
Ֆինանսների բացակայության պատճառով շենքի կառուցումն առ այսօր ձգձգվում է: «Սոս Սարգսյանն ասում էր, որ թատրոնի մարդը հոգնելու իրավունք չունի, բայց թափառումներից մենք իսկապես հոգնել ենք»,- շեշտադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Գասպարյանը։




