Հասարակություն

Խոզի գրիպի դեմ նոր դեղի գովազդը խաբո՞ւմ է. դեղերին առնչվող հայաստանյան խնդիրներն իրար հերթ չեն տալիս

lianaeghiazaryan
Հայաստանյան դեղատներից Տամիֆլյուի անհետացման համատեքստում այժմ սոցցանցերում գովազդվում է մեկ այլ դեղ` հայտարարվելով, թե սա խոզի գրիպի դեմ արդյունավետ պայքարի միջոց է: Արդյոք սա H1N1-ի դեմ պայքարի իրական միջոց է, թե սպառողին մոլորության մեջ գցող գովազդ: Առողջապահության նախարարությունից «Ռադիոլուր»-ին պատասխանել են` չգիտենք, կզբաղվենք այդ հարցով: Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն այս առումով նշել է` ինչ ասես կարող են գովազդել, դեռ թանկ գնով էլ վաճառել: Զաքարյանն այս ու բազմաթիվ այլ խնդիրներից էլ է խոսել` կեղծ ու անորակ դեղեր, Առողջապահության նախարարության չիրագործված խոստումներ ու անհեթեթ պատճառաբանություններ եւ այլն:

 

Հայաստանում գրիպի ու դրա H1N1 տարատեսակի տարածման համատեքստում սոցցանցերում սկսեց պտտվել «Ինֆլյուցիդ» դեղի գովազդը, որն, ըստ հայտարարության, ապացուցված ազդեցություն ունի խոզի գրիպի վիրուսի վրա: Գովազդողը խոստանում է արդյունավետ կանխարգելում և բուժում ողջ ընտանիքի համար: Սա այն դեպքում, երբ Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ կանխարգելման նման միջոցներ չկան: Այդ դեղը Հայաստանում գրացված է, հակավիրուսային հոմեոպաթիկ պրեպարատ է, բարձրացնում է իմունիտետը: Բայց արդյոք այն խոզագրիպի դեմ պայքարի միջոց է, թե սպառողին մոլորության մեջ գցող գովազդ: Նախարարությունում չգիտեն, խոստանում են զբաղվել այս հարցով: Նաեւ նշում են, որ «Տամիֆլյուն» ԱՀԿ-ն է սահմանել որպես ամենաարդյունավետ միջոց: Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը «Ինֆլյուցիդ» դեղին ծանոթ չէ, ասում է` ինչ ասես կարող են գովազդել, դեռ թանկ գնով էլ վաճառել: Հայերն էլ նորամուծություններ ունեն, բայց դեռ ոչ ապացուցված: Ավելին ասել մասնագետը դժվարանում է: «Դեղերի մասով կան խիստ կանոններ, որոնց պետք է հետեւել»:

Հայաստանյան դեղագործության ոլորտում շատ լուրջ խնդիրներ կան, որոնց մասին պաշտոնական շրջանակներում խոսել չեն սիրում, ասում է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահը: Սամվել Զաքարյանը հայտարարում է` մեզ մոտ պարբերաբար մեծ ծավալով Վրաստանից բերվում են չգրանցված, կասկածելի ծագման ու որակի դեղեր: Դրանք Հայաստան են հասնում արկղերով` առանց տեղափոխման, պահպանման, գրանցման կանոնները պահելու եւ հեշտությամբ հայտնվում են դեղատներում: Բերում են, որովհետեւ հարեւան երկրում դեղերը շատ ավելի էժան են: Վրաստանում առանց դեղատոմսի հնարավոր չէ դեղ ձեռք բերել, բայց հայերի համար կան բացառություններ, ու կան դեղատներ, որոնք խախտումով են աշխատում: Փաստերն էլ կան, ահազանգերն էլ: Սամվել Զաքարյանը առողջապահության նախարարությանն էլ է դիմել: Ոչ մի արձագանք: «Վրաստանից եկող դեղերի քանակը գնալով վախեցնող թվերի է հասնում: Տարիներ շարունակ խոսում ենք այդ մասին, բայց ոչ ոք ոչինչ չի անում»:

Նույն լռությամբ էլ առողջապահական գերատեսչությունը պատասխանել է Սամվել Զաքարյանի մեկ այլ ահազանգի: Նախարարության սահմանած` դեղարտադրողներին աջակցության կարգը չի գործում: Պատճառ չկա, կա անհեթեթ պատճառաբանություն: «Առողջապահության նախարարի 2005-ի հրամանով` տեղական դեղարտադրողները դեղի գրանցման համար վճարվող գումարի 75 տոկոսը պետք է ետ ստանան` հետագա զարգացմանն ու GNP սերտիֆիկատի ստացմանն ուղղելու համար:  Վերջերս GNP սերտիֆիկատ ստացած 3 դեղարտադրողների նամակ է եկել, թե չենք վերադարձնում այդ գումարը, քանի որ դուք արդեն ունեք այդ սերտիֆիկատը: Մնացած 5 դեղարտադրողներին էլ գրել են, թե չեն վերադարձնում, քանի որ նրանք էլ չունեն այդ սերտիֆիկատը: Այսինքն` իրար հակասող պատասխաններ»:

Խայտառակ խնդիրներ կան դեղերի պետական գնումների ոլորտում: Դեղի մատակարար ընտրելիս նախապայման է մնում դեղերի առաջարկվող ամենացածր գինը: Հենց սա է պատճառը, որ պետպատվերով` անվճար տրամադրվող դեղերի որակը լրջագույն կասկածի է տակ է դրվում: Շատ բժիշկներ անգամ իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս չընդունել ոչ միայն պետպատվերով տրամադրվող, այլեւ տեղական արտադրության դեղերը: Վերջին ասվածն էլ է վրդովում Սամվել Զաքարյանին: Այլ խնդիրներով զբաղվելու փոխարեն տեղական բարձրորակ արտադրանքն են փնովում, ասում է: «Նույն փորձագիտությունն են անցնում թե ներկրված, թե տեղում արտադրված դեղերը: Որակապես ոչ մի կերպ չի զիջում, իսկ գնային առւմով 2-10 անգամ կարող է ներկրվածից էժան լինել»:

Ազգային ժողովում առաջիկայում պետք է քննարկվի «Դեղերի մասին» օրենքի վերանայված տարբերակը: Առողջապահության նախարարը տարբեր առիթներով շեշտում է, որ սա ոչ միայն նոր կարգավորումներ է մտցնելու օրենքում, այլեւ դեղերի գնի վերին շեմ սահմանելով թույլ չեն տա գների անհարկի բարձրացում: Արդյոք սա իրոք կկարգավորի դեղերի շուկայում գները: Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահը սրան էլ է վերապահությամբ մոտենում:«ԱՆ-ն հակված է վերին շեմ նշանակել, այսինքն` ներմուծողը կարող է մինչեւ 20 տոկոսի շահույթ ավելացնել, ոչ ավելին: Բայց մի կողմից սա կարող է դրդել, որ մարդիկ 20 տոկոս շահույթի ձգտեն, քանի որ այժմ շատ տնտեսվարողներ պնդում են, որ աշխատում են 8-10 տոկոս շահույթով ընդամենը»:

Կարդացեք նաև

Back to top button