ԿարևորՀասարակություն

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ փառատոնը «Դեպի հույս» կտանի արցախցի փոքրիկներին

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Երևանում 19-րդ անգամ կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը։ Այս տարի փառատոնին կմասնակցի 74 ֆիլմ՝ աշխարհի շուրջ 3 տասնյակ երկրներից։ Բացի մրցութային ցուցադրություններից՝ փառատոնը կհուրընկալի նաև պրեմիերաներ և արտամրցութային ֆիլմեր։ Փառատոնն այս տարի կիրականացվի Երևանում և Հայաստանի 4 տարբեր մարզերում։ Կազմակերպիչներն ընդգծում են՝ «Ռոլանն» առաջինն էր, որ հասավ Արցախ, իսկ այս տարի Հայաստանում կհյուրընկալեն Արցախից բռնի տեղահանված երեխաներին ու պատանիներին։

19-րդ անգամ իրականացվող «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնն այս տարի «Դեպի հույս» խորագրով իր շուրջ կհամախմբի արցախից տեղահանված երեխաներին ու պատանիներին։ Սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո փառատոնի կազմակերպիչները երկար են մտածել՝ անցկացնե՞լ փառատոնն այս տարի, թե՞ ոչ։ Որոշել են դրական էմոցիաներ փոխանցել ու ամենակարևորը՝ հույս տալ տեղահանված երեխաներին։ «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան միջազգային 19-րդ փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը մանրամասնում է․

«Փառատոնի շրջանակում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ, աշխատարաններ և այլ միջոցառումներ Երևանում ու մարզերում՝ առավելագույնս ներգրավվելով և մասնակից դարձնելով այնտեղ բնակություն հաստատած երեխաներին և պատանիներին»։

«Ռոլանը» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն է, որն իրականացնում է «Ռոլան Բիկով» հիմնադրամը։ Այս տարի երևանյան փառատոնը մասնակցության հայտեր է ստացել շուրջ 4 տասնյակ երկրներից։ Հայտագրված 186 ֆիլմերից «Ռոլանին» կմասնակցեն 74-ը։

«Կան երկարամետրաժ, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, թեմատիկ առանձնահատկություններ չկան, բայց ամեն դեպքում փառատոնը կրում է «Դեպի հույս» խորագիրը, և մենք, ինչպես մյուս բոլոր տարիներին, այս տարի ևս աշխատում ենք այնպես անենք որ ֆիլմերը լինեն ասելիքով, մեսիջ պարունակեն, որը կհասցվի երեխաներին»,-ասում է Մանուկյանը։

Փառատոնի ֆիլմերը կցուցադրվեն Երևանում և Հայաստանի 4 մարզերում՝ Լոռիում, Շիրակում, Տավուշում և Գեղարքունիքում։ «Մոսկվա» կինոթատրոնում, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում, «Այբ» դպրոցում, Թումոյում, Նարեկացի արվեստի միությունում, Գավառի մանկատանը, Տավուշի թեմի առաջնորդարանում, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերում կներկայացվեն ոչ միայն մրցութային, այլ նաև արտամրցութային ֆիլմերը։

«Փառատոնի «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգում ընդգրկված են 4 ֆիլմ․ «Դանթեի Աստվածային կատագերգություն»՝ նկարահանված Թումո Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների կողմից, «Մի կտոր Երևանցին»՝ նկարահանված «Այբ» դպրոցի սաների կողմից, «Գետը հոսում է, և աղջիկը ապրում է» ֆիլմը»։

Երևանում բացառիկ իրավունքով կցուցադրվեն նաև դափնեկիր, «Օսկար» մրցանակաբաշխությանը առաջադրված  ֆրանսիական «Մարդագայլերը» և չեխական «Անգամ մկները դրախտում տեղ ունեն» ֆիլմերը՝ ընդգծում է փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը։

«Նախատեսված է նաև 2 պրեմիերա․ աշխարհահռչակ մուլտիպլիկատոր Գարի Բարդինի 2 ֆիլմերը՝ «Ավազարկղը» և «Ավե Մարիան»,-մանրամասնում է փառատոնի տնօրենը։

19-րդ անգամ իրականացվող փառատոնը նպատակ ունի հանրահռչակելու մանկապատանեկան ֆիլմերը՝ շեշտում են կազմակերպիչները։

«Տեղական արտադրության մենք ունենք 12 ֆիլմ, ինչպես նաև մեր հին ու բարի մուլտֆիլմերը։ Օրինակ Արմինե Անդայի «Թռչող տերևներ երգը»ֆիլմը։ Հայկական մանկապատանեկան ֆիլմերի ոլորտում, իհարկե, կան բացեր, քանի որ նույնիսկ պետական մակարդակում իրականացվող և պետության կողմից հովանավորվող ծրագրերն այստեղ չափազանց քիչ են»։

Փառատոնի բացումը հոկտեմբերի 31-ին է Մոսկվա կինոթատրոնում։ Կազմակերպիչները յուրահատուկ բացման արարողություն են խոստանում, որում անպայման անդրադարձ կլինի նաև Արցախին և Հայ կինոյի 100-ամյակին։  

Back to top button