ԿարևորՀասարակություն

Բուհական խճանկար․ ի՞նչ է սպասվում շրջանավարտներին ու դիմորդներին

Այս տարի Հայաստանում դպրոցական վերջին զանգը հնչել է 19900 աշակերտի համար։ Նրանցից շուրջ 14000–ն արդեն ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու ցանկություն է հայտնել։ Նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվը ավելի քան 1300–ով ավելացել է։ Այս տարի ևս ամենապահանջված մասնագիտությունը «Բուժական գործն է», այնուհետև տնտեսագիտական «Կառավարումն» ու «Իրավագիտությունը»։ Հայտագրված դիմորդների մեջ քիչ չեն նաև արցախցի աշակերտները։ Ավելի քան 100 դիմորդ Արցախից, չնայած դժվարություններին ու մի շարք անպատասխան հարցերի, որոշել է կրթությունը շարունակել Երևանում։

Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի 4 շրջանավարտներից մեկը՝ Նարեկը, որոշել է, չնայած դժվարություններին, ուսումը շարունակել Երևանում։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Նարեկը պատմում է՝ Արցախի շրջափակումը փոխել է ոչ միայն իրենց առօրյան, դպրոցական կյանքը, այլև անորոշություն մտցրել ապագայի պլաններում։

«Իմ համադասարանցիները մնալու են Արցախում, սովորելու են Արցախի պետական համալսարանում ՆԶՊ–ի ու ֆիզկուլտուրայի բաժնում։ Իսկ ես պլանավորել եմ ուսումս շարունակել Երևանի պոլիտեխնիկական համալսարանում՝ «Ինֆորմատիկա ու համակարգչային գիտություններ» բաժնում»,– ասում է արցախցի Նարեկը։  

Նարեկն ընդունելության մրցույթին կմասնակցի երկրորդ փուլով․ արցախցի դիմորդների քննությունները Ստեփանակերտում են կազմակերպվելու, բայց թե հետագայում ինչպես է Երևան տեղափոխվելու, դեռ չգիտի, բայց նպատակի ու որոշման հարցում վճռական է․

«Ճանապարհները բացվի– չբացվի, միևնույն է գալու եմ Երևանում սովորեմ, հիմա իմ միակ նպատակը դա է։ Կրթութությունից հետո արդեն, եթե կարողանամ Արցախ վերադառնալ ու այստեղ մասնագիտական գործունեորթյունս ծավալեմ, շատ լավ , եթե չէ՝ կսպասեմ այնքան մինչև ամեն հարց լուծվի ու կվերադառնամ»։

Արցախում դիմորդների հայտագրումն արդեն ավարտվել է։ Ընդհանուր առմամբ 572  շրջանավարտ ցանկանում է կրթությունը այս կամ այն բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակել։

Արցախի գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը ավելի վաղ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է՝ արցախցի դիմորդների կեսից մի փոքր ավելին կպայքարեն Արցախի բուհերում սովորելու համար, մյուսները՝ ցանկանում են Երևան գալ․

«Արցախի բուհերում առավելագույնը Արցախի պետական համալսարանն է՝ 274 դիմորդ։ Արցախից Հայաստանի բուհերի համար 101 հոգի է դիմել, իսկ Հայաստանի բուհերի ոչ նպատակային տեղերի համար հայտագրվել է 97 դիմորդ։ Առավել շատ դիմել են ԵՊԲՀ՝ 46 դիմորդ, հետո ԵՊՀ ու մնացածը»։

Ստեփանակերտի գնարահատամ և թեստավորման կենտրոնը Երևանի գործընկեր կազմակերպություն հետ կկազմակերպի արցախցի դիմորդների միասնական քննությունները։ Այդ նպատակով Ստեփանակերտում 5 քննական կենտրոն կբացվի։ Յուրի Քարամյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են, որ շրջափակման պատճառով պատանիների կրթության իրավունքը չխախտվի։ Քննություն կհանձնեն, բայց թե ինչպես Երևանում արցախցիները կշարունակեն կրթությունը՝ առայժմ անորոշ է, հարցի պատասխանը ոչ ոք չունի։

Հայաստանյան բուհերն այս տարի նաև նորություն ունեն դիմորդների համար։ 6 տարվա ընդմիջումից հետո բուհ ընդունված երիտասարդների մի մասը այս տարի բանակ չի գնա՝ օգտվելով տարկետման իրավունքից։ Կառավարությունը այս հնարավորությունը կտա հիմնականում բնագիտական մասնագիտոթյուններ՝ քիմիա, ֆիզիկա ընտրած ուսանողներին։ ԵՊՀ–ում՝ 6, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ 4 մասնագիտություններով ընդունված տղաները կարող են օգտվել այս հնարավորությունից, ասում է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը․

«Այս մասնագիտություններով ընդունված տղաները, եթե ընդունվում են անվճար, ուսումնառության բոլոր 4 տարիների ընթացքում չեն զորակոչվում ԶՈՒ։ Տարկետման իրավունքը պահպանվելու է բոլոր 4 տարիների ընթացքում, անկախ նրանից, թե երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսում առաջադիմությունից կախված կլինեն վճարովի համակարգում»։

Պետությունը նախատեսում է այս տարվանից խրախուսել նաև գյուղոլորտի որոշ մասնագիտություններ ընտրած ուսանողներին։ Կառավարության օրակարգում նոր նախագիծ է, ըստ որի Հայաստանի պետական ագրարային համալսարան ընդունված յուրաքանչյուր ուսանող, անկախ առաջադիմությունից, կստանա 70 հազար դրամ կրթաթոշակ։

Նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը վստահ է՝ այս փոփոխությամբ բուհ ընդունվելու գրավչությունը կմեծանա․

«Հատկապես Ագրարային համալսարանում, նույնիսկ պետպատվերով տեղերը չէին համալրվել։ Իսկ հիմա արդեն մարզերի ուսանողներն էլ կդիմեն։ Ովքեր կարծում էին, թե չեն կարողանա հոգալ Երևանում իրենց կեցության ծախսերը, այս կրթաթոշակն իրենց թույլ կտա հոգալ այդ ծախսերը։ Մենք չենք առանձնացրել վճարովի, թե անվճար, կրթաթոշակը կտրամադրվի բոլորին։ Ըստ առաջադիմության՝ հետագայում կրթաթոշակը կավելանա ևս 10 տոկոսով»։

Փոփոխությունը, ի դեպ, միայն Ագրարային համալսարան ընդունվողներին չի վերաբերում։ Պետության համար առաջնային կարևորության մասնագիտություններով մանկավարժական բուհ ընդունվողներին ևս կտրվեն բարձր կրթաթոշակներ, իսկ փոփոխությունը կտարածվի հենց այս ուսումնական տարում ընդունվածների վրա:

Back to top button