ԿարևորՀասարակություն

Հայացք ներսից․ Արցախցին՝ վախի ու լավատեսության, անորոշության ու փոխօգնության կենտրոնում

Արցախում անկառավարելի խուճապի փոխարեն հիմնավորված մտահոգություն է․ սնունդը քիչ է, առաջին անհրաժեշտության իրերը պակասում են․ ապրելը շուտով առավել դժվար կդառնա։ Սա երևում է, երբ նայում ենք Արցախի հայերին՝ Հայաստանից։ Սակայն ուրիշ ի՞նչ կա փակ ճանապարհի մյուս կողմում, ի՞նչ են մտածում ու զգում մեր հայրենակիցները՝ Հայաստանից լավ տեսանելի չէ։

Նրանց հասնելու եզակի «ճանապարհը» հիմա հեռախոսակապն է, որը, սակայն, երբեք չի փոխարինի դեմ առ դեմ խոսքուզրույցին ու չի փոխանցի իրական ապրումները՝ բոլոր շերտերով։ Այնուամենայնիվ, արցախցիները “Ռադիոլուրի”-ն պատմել են, որ ամեն ինչ կարգին չէ, բայց լավ է լինելու։

Հայաստան-Արցախ եզակի բաց «ճանապարհով»՝ հեռախոսային կապով, Ազատ Ադամյանն ասում է՝ մեզ մոտ ամեն ինչ կարգին է։

Ազատը Արցախում հայտնի Բարդակ փաբի հիմնադիրն է։ Մի քանի օր է ընկերներով փաբում հավաքվելու փոխարեն ինքնաեռը վերցնում, Զառի Բաղ կոչվող տեղամաս են գնում։ Դա Ստեփանակերտի մուտքի մոտ գտնվող մաքսային անցակետն է։ Այստեղ խմիչքը թեյն է, քննարկվող թեման՝ ճանապարհը, զբաղմունքը՝ մարդկանց օգնելը․

«Ես համարում եմ, որ սրանք մեզ համար իրական խոչընդոտներ չեն, ասեմ ավելին՝ մենք սկսել ենք իրար հետ ավելի շատ շփվել։ Եթե առաջ ընկերներով ավելի հաճախ քաղաքականությունից էինք խոսում, ապա հիմա ավելի շատ ինչ-որ մեկին օգնելու թեմաներն են քննարկվում։ Հավաքվում ենք ու որոշում՝ոնց կարող ենք էս փոքրիկ խնդրին լուծում տալ, կամ այսինչ անձն ունի խնդիր, իրեն օգնենք, աջակցենք»,- պատմում է Ազատը։

Նրա խոսքով՝ փակ ճանապարհը մարդկանց բնավորության լավ կողմերն է բացել։ Հիմա ավելի համախմբված ու միասնական են։ Նաև լավատես են, բայց «մեզ մոտ ամեն ինչ կարգին է» արտահայտությունը ոչ թե բնական կյանքի, այլ ուժեղ կամքի մասին է․  

«Օրինակ՝ երեխաներն արդեն սնունդ չունեն (դեղատներում վաճառվող փոշիների մասին է խոսքը), գիտեմ, որ շատ լուրջ դեղորայքի խնդիր ունենք, մարդիկ էլեմենտար, գոյատևման համար ահնրաժեշտ դեղորայք չեն կարողանում ստանալ, ունենք նաև ծանր հիվանդներ, ովքեր շատ արագ պետք է տեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն։ Սակայն մենք դա տեսել ենք նաև 90-ական թվականներին, այս ժողովուրդը դա տեսել է։ Ես այն ժամանակ 2 տարեկան էի, բայց այդ ժամանակ Արցախը տոտալ շրջափակման մեջ էր բոլոր կողմերից 4 ամիս։ Միայն օդով սնունդ էին բերում, քիչ, մարդկանց բաժանում, բայց մարդիկ ապրել են, չէ՞»։

Սկզբում ավելի դժվար էր․ ասում է՝ երիտասարդները, պահի լրջությունը չհասկանալով, մեծահասակներին հույս տվեցին, հետո մեծահասակները պահի կարևորությունը հասկանալով՝ երիտասարդներին․

«Սկզբից մենք էինք իրենց ոգեշնչում, որովհետև չգիտեինք խնդրի լրջության մասին, իսկ հետո արդեն իրենք սկսեցին մեզ ոգեշնչել, որ մենք սրանից վատ օրեր ենք տեսել, դրա տակից դուրս ենք եկել, էս ի՞նչ է, որ դուրս չգանք։ Մտածում եմ, որ բոլորի մոտ հիմա լավ տրամադրություն է, չնայած կան մադիկ, որ հիմա վախեցած են, մտածում են Արցախից դուրս գալու մասին, չնայած ես դրան չեմ հավատում, որովհետև գիտեմ՝ այդ նույն մարդիկ կյանքից շատ են սիրում Արցախը, ես գիտեմ, որ նրանք այստեղից չեն հեռանալու»,- ասում է Ազատը։

«Նենց տարօրինակ զգացումներ են, դու համ անորոշություն ես ապրում, համ քո ներսից ինչ–որ հույս է առկայծում ու հավատ ու ուժ է ծնվում, որ ամեն ինչ լավ է լինելու, անորոշություն, որը նաև ծնում է ուժ։ Ես երբևիցե նման զգացողություններ չեմ ունեցել»,- պատմում է Էմմա Մամունցը։

Նա ծնվել, մեծացել է Ստեփանակերտում։ Հետո որոշել է մագիստրոսի որակավորում ստանալ Երևանում ու 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստան է տեղափոխվել։ 3 օր անց պատերազմը սկսվել է։ Էմման այս 2 տարիներին Հայաստանում է ապրել, ժամանակ առ ժամանակ գնացել է Արցախ՝ հարազատներին տեսնելու։ Այս անգամ գնաց տուն ու այլևս չկարողացավ Երևան վերադառնալ։

«Ես իմ երկրի, իմ տան մեջ լրիվ այլ իրականությու եմ գտել։ Երբ ես գնում էի Ստեփանակերտից, տեղափոխվում էի Երևան, իմ երկիրը ծաղկունք էր ապրում, Արցախը ծաղկում էր»,- հիշում է Էմման։

Էմման հուզված է, բայց առանց խուճապի։ Ասում է՝ բնական մտահոգություն է, որ մի օր գուցե էլ սնունդ, դեղ չլինի, ապրելն անհնար դառնա։ Արցախի իր հարազատներին նայելով մտածում է՝ գուցե ինքն է շատ էմոցիոնալ, գուցե վիճակն այդքան դրամատիկ չէ, որքան ինքն է ապրում, հետո հասկանում է՝ Երևանում ինքը ցավն ամբողջությամբ չի ապրել, իսկ հարազատներն ուղղակի արդեն կոփվել են․

«Մեկ այլ բան է իմանալ, մեկ այլ բան է էդ ամենը ապրել ու զգալ։ Ու իրանք էս երկու տարվա ընթացքում սա ապրել են։ Մարտին էլ էին գազամատակարարումը դադարեցրել, ջուր չկար որոշ ժամանակահատված, հետո էս սեպտեմբերին էլի ստեղծել էր իրավիճակ, իրենք պարբերաբար բախվում էին ադրբեջանի կողմից տրվող սադրանքներին, ու էս 2 տարվա ընթացքում իրենք կոփվել են։ Ես չեմ ուզում էս բառը ասել՝ սովորել են, համակերպվել են, որովհետև էս ամենը համակերպվելու չի, ուղղակի իրենք կոփվել են ու փոձում են չտրվել թշնամու սադրանքներին։ Իրենց նպատակն է մեզ հունից հանել, խուճապ մտցնել ու հոգեբանորեն ճնշում գործադրել։ Ոչ թե անտարբերություն կա, այլ թշնամու լեզուն սովորել են»։

Ոչ, ամեն ինչ լավ չէ, ամեն ինչ կարգին չէ՝ ասում է Էմման։ 8-օրյա շրջափակումը չի կարող նորմալ լինել, ամեն պահի պակասող առաջին անհրաժեշտության իրերը ևս բնական կյանքի նշան չեն։ Բայց որ ամեն ինչ լավ կլինի, կասկած չունի։

«Ամեն ինչ չի, որ լավ է, բայց էստեղ գտնվող ամեն ոք անում է ամեն բան, ինչը կախված է մեզնից, որ լավ լինի։ Էստեղ իրոք մեծ կամքի տեր մարդիկ են ապրում։ Միայն էն բանով, որ Արցախում հիմա պանիկա, խուճապ չկա, էդ էլ է աշխատանք։ Հոգեբանորեն ուժեղ մարդը կարող է իրեն էդքան ադեկվատ պահել նման իրավիճակում»։

Արցախում կյանքը շարունակվում է վախի, լավատեսության, մտահոգության, միախմբան, անորոշության, փոխօգնության մթնոլորտում։ Ու թեև հեռախոսային կապը Հայաստան-Արցախ եզակի բաց «ճանապարհներից» մեկն է, արցախցիներն այդ ճանապարհով էլ կարողանում են աշխարհին ասել՝ մեզ օգնություն է պետք, այստեղ հանցագործություն է տեղի ունենում, բայց դեռ ամեն ինչ կարգին է, ու լավ կլինի։

Back to top button