ԿարևորՔաղաքական

Գոյություն ունի խաղաղության պայմանագրի երկու տարբերակ․ ԱԽՔ

Մինչև տարեվերջ տեղի կունանա արդյո՞ք Փաշինյան-Ալիեւ հանդիպում․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պարզաբանմամբ՝ Ալիևի կողմից Բրյուսելի հանդիպումը չեղարկելուց հետո որոշակի խնդիրներ են առաջացել: Սակայն պաշտոնական Երևանը շարունակում է դիտարկել հանդիպման հնարավորությունը՝  նշելով, որ այն կարող է կայանալ Սանկտ-Պետերբուրգում, Բրյուսելում կամ որեւէ այլ վայրում։  Արմեն Գրիգորյանը խոսել է  նաև Երևանին ներկայացված խաղաղության պայմանագրի երկու տարբերակների մասին՝ հստակեցնելով, որ Արևմուտքը որևէ փաստաթուղթ Հայաստանին չի առաջարկել։

Գոյություն ունի խաղաղության պայմանագրի երկու տարբերակ՝ ռուսական ու ադրբեջանական։ Այս պահին հայկական կողմն աշխատում է Բաքվի ներկայացրած տարբերակի մշակման ուղղությամբ՝ հայտարարում է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, հստակեցնում՝  խաղաղության պայմանագրի տեքստ չի հրապարակվել, Բրյուսելից ու Վաշինգտոնից առաջարկներ չեն ստացվել։

«Կա խաղաղության պայմանագրի երկու տարբերակ․ մեկն առաջարկել է ՌԴ–ն,  իսկ  մյուսն այն է, որի վրա աշխատում ենք։ Արևմուտքը մեզ որևէ տեքստ չի առաջարկել, այլ փորձել է միջավայր ստեղծել բանակցության համար, Մոսկվան նույնպես փորձում է միջավայր ստեղծել»։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝  հայկական նկատառումներով տեքստը շուտով Երևանը  կվերադարձնի Բաքվին։ Դեռ մի քանի ամիս առաջ խոսվում էր մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին, այսօր ձևակերպումներն այլ են։

«Մենք ասում էինք, որ մեր ջանքերը կներդնենք, որպեսզի մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենանք: Հայաստանը՝ ի դեմս իշխանության, իր բոլոր ջանքերը ներդրել է, որ կարողանանք մինչեւ տարեվերջ այդ պայմանագիրն ունենալ: Հիմա ավելի մոտ լինելով տարեվերջին՝ դժվար է ասել, որ կստացվի: Բայց մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ մյուս տարի: Տեքստի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցենք Ադրբեջանին»:

Արմեն Գրիգորյանը բացատրում է, որ նախ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախնական տեքստը՝  5 կետից բաղկացած, ապա  հայկական կողմն իր առաջարկներով այն վերադարձրել է Բաքվին, ինչից հետո Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում: Վաշինգտոնյան քննարկումներից հետո Բաքուն նոյեմբերի վերջին Երևանին  է փոխանցել նույն տեքստի լրամշակված տարբերակը, այժմ  Երևանն է աշխատում դրա  վրա:

Անվտանգության խորհրդի քարտուղարը հստակեցնում է Երևանի առաջարկը՝  քննարկել ոչ թե  վերջնական, այլ  շրջանակային համաձայնագիր, քանի որ երկարաժամկետ խաղաղության համար պետք է հաշվի առնել բոլոր դետալները։

«Հայկական կողմը այդ տեքստի վրա աշխատելուց այն դարձրել էր շրջանակային համաձայնագիր՝ ներառելով թե դելիմիտացիան, թե ապաշրջափակումը և թե ԼՂՀ–ին վերաբերող հարցեր»։

Իսկ ինչո՞ւ չի ընդունվել խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, որտեղ ԼՂ կարգավիճակի հարցը թողնվում էր ապագային։ Արմեն Գրիգորյանը բացատրում է, որ Սոչիի հանդիպումից առաջ հայկական կողմն առաջարկել է, որ ռուսական տարբերակի մասին հղում կատարվի  Սոչիի հայտարարության մեջ, ինչը տեղի չի ունեցել։

«Մենք ասել ենք, որ կողմ ենք դրան, եկեք առաջ շարժվենք։ Սոչիի հանդիպումից առաջ և հրապարակային, և ոչ հրապարակային առաջարկել ենք, որ ռուսական տարբերակը նշվի Սոչիի հայտարարության մեջ, բայց չի նշվել։ Ինչո՞ւ ,  հարցրեք Ռուսաստանին»։

Իսկ Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրի տեքստում որեւէ խոսք կա՞ Արցախի մասին:

«Դեռևս վերջնական որոշում չկա, թե խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու կամ փորձ արվելու լուծելու, թե՞ մենք առանձին միջազգային մեխանիզմ ենք ստեղծելու: Գիտեք, որ Վաշինգտոնում իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի միջեւ հանդիպումից հետո համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը  քննարկեն ԼՂ-ի հայերի  իրավունքներն ու անվտանգությունը: Մինչ այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Նաեւ  հստակություն չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ ենք դա անելու, թե՞ այդ պայմանագրից դուրս»։

Արմեն Գրիգորյանը  ենթադրում  է, Ադրբեջանի կազմած խաղաղության պայմանագրի տեքստի 5 կետերից  երեքը ԼՂ–ի մասին են՝ առանց ԼՂ անվան հիշատակման: Հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե որեւէ ակնարկ կա ԼՂ-ի մասին, դա պետք է հստակ նշվի:

Մինչ Արմեն Գրիգորյանը  հայտարարում է, որ Արևմուտքը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել Երևանին , Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դարձյալ շեշտում  է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում առաջնորդվում է բացառապես իր կոնյուկտուրային շահերով: «Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի տեղում հաստատի իր ներկայությունը և, ի վերջո, տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին, ինչը արևմուտքի երազանք է»,-ասում է Զախարովան: Նրա խոսքով ,սակայն, գոյություն ունեն տրամագծորեն հակադիր տեսակետեր, այդ թվում՝ Անդրկովկասի պետություններում՝ Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային գործոնի ուժեղացման հարցում։

Զախարովայի խոսքերը զուգորդվել են  Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Երևան այցի հետ։  Տոյվո Կլաարը թվիթերյան գրառմամբ  նշել էր, թե երևանյան այցի ընթացքում  բովանդակային  հանդիպումներ են ակնկալվում ։

Back to top button